«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարոն Ղուկասյան, դուք նկատել էիք, որ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մեղսակից է եւ միջազգային քրեական իրավունքի համաձայն՝ Ալիեւի նման պատասխանատու է Արցախից հայերի վտարման համար։ Բայց տեսնում ենք, որ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի իր վրայից գցի Արցախի կորստի պատասխանատվությունը, մեղադրում է Արցախի իշխանություններին, նաեւ արցախցիներին, բոլորին, բացի իրենից։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
-Հիմա նախընտրական ժամանակաշրջան է, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեծ անվստահություն կա Փաշինյանի նկատմամբ։ Եվ տրամաբանական է, որ ինքը փորձում է իր վարած քաղաքականությունը հիմնավորել։ Մենք այդ տեքստն անընդհատ լսել ենք, այդտեղ նոր բան չկա, պարզապես ավելի հաճախ են կրկնվում այն թեզերը, որոնք արդեն վաղուց շրջանառության մեջ են դրված՝ այն է, թե Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններն անարդյունավետ էին եւ այլն։ Բայց այսօր հանրության մոտ արդեն ձեւավորվել է պատկերացում, որ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններն ու իր քաղաքական քայլերի հիմնավորումներն իրականությանը չեն համապատասխանում։ Մարդիկ հասկանում են, որ բանակցությունների թոկը կտրելը նշանակում էր գիտակից որոշում՝ գնալ պատերազմի, ընդ որում՝ որեւէ կերպ չնախապատրաստվելով այդ պատերազմին, ոչ էլ նախապատրաստելով հանրությանը։ Այսինքն՝ որոշում է եղել գնալ պարտության, ոչ թե հաղթելու։ Եվ մարդիկ հիմա հասկանում են, որ թեպետ ռազմական բախման քաղաքական որոշում կար, բայց մեր բանակն այդ ամենին պատրաստ չէր։ Պետությունն իր բոլոր կառույցներով պատրաստ չէր այդ պատերազմին։ Այսինքն՝ տեսնում ենք հակասություն․ կառավարության ղեկավարը որոշում է կայացնում, որ պետք է գնալ պատերազմի, բայց դրան համապատասխան քաղաքականություն չի վարում, որ ամրապնդի պաշտպանությունը, ուժեղացնի բանակը, առաջադրանք չի դնում բանակի առաջ։ Դրանք բոլորը ռազմավարական հարցեր են, որոնք մնում են բաց։ Եվ այն, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը չհրապարակվեց, դա եւս հաստատում է, որ կառավարության ու Նիկոլ Փաշինյանի դիրքերը թույլ են։ Քաղաքացիները հասկանում են, որ եթե Փաշինյանին արդարացնող որեւէ բան լիներ այդ զեկույցում, այնպայման դա մատի փաթաթան կսարքեին եւ ամեն հարթակից կհեռարձակեին։ Բայց տեղի ունեցավ հակառակը՝ իշխող ուժի կողմից ձեւավորված ու ղեկավարված հանձնաժողովի զեկույցն այն տեսքը չուներ, որ իշխանություններին ձեռնտու լիներ, դրա համար չհրապարակվեց, մնաց փակ։
Մյուս հարցն այն է, որ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու Փաշինյանի «հանճարեղ» որոշումը բերեց Արցախի հայաթափմանը։ Ըստ էության հրաժարվել ինքնորոշման ազատ իրավունքից, նշանակում է հարկադրել արցախցիներին՝ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Բայց այսօր Փաշինյանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը, արցախցիներին, որ իրենք չցանկացան Իլհամ Ալիեւի իշխանության տակ ապրել, չցանկացան դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ եւ դիմեցին, ինչպես ինքն է ասում, «փախուստի»։ Մարդիկ հիմա հասկանում են՝ դժվար է պատկերացնել մի առողջ մարդ, որն Ադրբեջանի քաղաքացիություն կընդուներ։ Իմ կարծիքով՝ բոլորին պարզ է, որ արցախցիների որոշումը՝ չենթարկվել վերջնագրին եւ գերադասել պահպանել ազատությունը, քան համաձայնել ապրել ադրբեջանական լծի տակ, ողջամիտ եւ տրամաբանական որոշում էր, որը նաեւ Արցախի հարցը թողեց բաց։ Հետո տեղի ունեցավ էթնիկ զտում, եւ հիմա իսկապես եւ Փաշինյանի, եւ Ալիեւի, եւ Պուտինի համար Արցախի հարցը խնդիր է, որովհետեւ այս թիմը գնալով տապալվեց։ Այսօր նրանք կանգնած են այն փաստի առաջ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար պիտի պատասխան տան։
Կարդացեք նաև
–Փաշինյանն ասում է, թե իբր Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, պարզապես հանրությունից դա թաքցրել են։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր միջազգային հանրությունը Մինսկի խումբ ստեղծել ու զբաղվում Արցախյան հակամարտության լուծմամբ։
-Քաղաքացիներից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շատ կարճ ասաց՝ ինչ դուք ասում եք, 90 տոկոսը սուտ է։ Այ սա է կարեւոր, որ մարդիկ սկսում են քննադատաբար վերլուծել Փաշինյանի ասածները եւ չեն վախենում երեսին ասել, որ ստում է։ Հայաստանի համար դա աննախադեպ իրավիճակ է, երբ այդ պաշտոնն այլեւս վահան չէ, եւ սովորական քաղաքացիները չեն վախենում ճշմարտությունը դեմ առ դեմ ասել Փաշինյանին՝ նայելով նրա աչքերին։ Իհարկե, բոլորը գիտեն, որ Արցախի խնդիրը միջազգային խնդիր է, դրա համար ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի կոնֆերանս, որը պետք է որոշեր Արցախի կարգավիճակը։ Եվ մեխը այն էր, որ կոլեկտիվ կամավոր որոշում պետք է կայացներ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը։ Եվ հայերը, եւ ադրբեջանցիները միասին պետք է որոշեին Արցախի կարգավիճակը։ Հրապարակված բանակցային փաստաթղթերից երեւում է, որ այդ հարցում որեւէ սահմանափակում չէր կարող լինել։ Այսինքն՝ ԼՂ բնակչությունը հանրաքվեի միջոցով կարող էր ցանկացած կարգավիճակ ընտել՝ թե անկախ պետության կարգավիճակ, թե միանալ Հայաստանին եւ թե լինել Ադրբեջանի կազմում ինքնավար վիճակում։ Բայց գլխավոր գործոնն այն էր, որ ԼՂ բնակչությունը դա պետք է որոշեր կամավոր, ոչ թե հարկադրանքի տակ կամ որեւէ մեկի որոշմամբ։
Եթե Փաշինյանն ասում է, որ Արցախն ի սկզբանե Ադրբեջանի կազմում էր, ի՞նչ նկատի ունի, որ Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացինե՞ր էին։ Դա ակնհայտ սուտ է։ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին դադարեց գոյություն ունենալ ԽՍՀՄ-ը եւ դրա հետ մեկտեղ դադարեց ԽՍՀՄ քաղաքացիների քաղաքացիությունը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիություն չընդունեց, դա փաստ է, բոլորը դա գիտեն։ Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակը նշանակում էր, որ Արցախի հայերն այս ամբողջ տարիների ընթացքում քաղաքացիություն չունեցող անձինք էին միջազգային իրավունքի տեսակետից։ Հետեւաբար, պնդումը, թե Արցախն Ադրբեջանի մաս էր, սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Իրականությունը հրապարակված է Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մեջ։ Այնտեղ կարմիր գծով անցնում է այն, որ բնակչությունն ինքը պետք է որոշի, թե որ պետության քաղաքացիություն է ինքն ուզում ընդունել։ Կարգավիճակ ասվածը հենց քաղաքացիության որոշման հարցն է։ Եվ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչությունը կոլեկտիվ իրավունք ուներ որոշելու իրենց կարգավիճակը, թե որ երկրի քաղաքացի են ուզում լինել։ Սա էր միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն Արցախի հարցում։
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում, բնականաբար, նպատակ ունի արդարացնել հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Եվ դրանով բացահայտվում է, որ Փաշինյանը եւս կրում է պատասխանատվություն՝ այդ էթնիկ զտումը կազմակերպելու ու իրականացնելու համար։ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի կոնվենցիայի անդամ է, եւ Փաշինյանը կարող է պատասխանատվության ենթարկվել մարդկության դեմ հանցագործության համար՝ այդ դատարանի առջեւ կանգնելով ու այնտեղ փորձելով իր փաստարկները ներկայացնել։ Մի բան է բարձր ամբիոններից խոսել միակողմանի քարոզչական եղանակով, մեկ այլ բան է կանգնել դատարանի առաջ եւ փորձել արդարանալ, հիմնավորել, որ քրեորեն պատժելի արարքներ չես արել։ Փաշինյանի վիճակն այս առումով ավելի բարդ է, քան Ալիեւինը, որովհետեւ Ադրբեջանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Դա էլ պարզ է, թե ինչու, որովհետեւ ոչ մի հանցագործ ի սկզբանե չի ուզենա պատասխանատվություն կրել։ Այսօր Փաշինյանը նույնիսկ ավելի ակտիվ է Արցախից հայերի բռնի տեղահանումն արդարացնելու գործում, քան ինքը՝ Ալիեւը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































