Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանները հեռացել էին, հանդիսատեսը՝ ոչ․ մարկեսյան մոգական աշխարհն ու կերպարները Գյումրիում ընդունվեցին բուռն ծափահարություններով

Մարտ 30,2026 20:05 Share

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Թատրոնի միջազգային տոնը՝ մարտի 27-ը, նշեց յուրովի․ հանդես եկավ նոր առաջնախաղով՝ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում ներկայացնելով կոլումբիացի լրագրող, գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքի բեմադրությունը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ, աճեմյանական բեմում Գաբրիել Գարսիա Մարկեսից ստեղծագործություն բեմադրելը եղել է գյումրեցիների պահանջով։

Հարցումներ են կատարել, ու թատերասեր այս քաղաքի երիտասարդները ընտրել են Մարկեսին։

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Գյումրիում ներկայացվում է աշխարհահռչակ կոլումբիացի գրողի ստեղծագործությունները․ նրա «Երկնագույն շան աչքերը» պատմվածքի բեմադրությունը տարիներ շարունակ դուրս չէր գալիս թատրոնի խաղացանկից, այն դարձել էր ամենահիթայինն ու պահանջվածը։

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը գրվել է 1968 թվականին՝ դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրով։

Մոռացված փոքրիկ գյուղի՝ փտած կաղնու գերաններից ու մաշված տախտակներից կառուցված խրճիթներում ապրող բնակիչների կյանքը միանգամից փոխվում է ծովում ջրահեղձ եղած անծանոթ մի տղամարդու՝ Էստեբանի դին ծովից հայտնաբերելով։

Գյուղի կանայք անմիջապես նկատում են, որ նա ցանկացած մարդուց ամենաբարձրահասակն է, ամենագեղեցիկը, ուժեղն ու առնականը։ Հմայված կանայք անմիջապես պատկերացնում են, որ եթե նա ապրեր իրենց գյուղում, նրա դուռը կլիներ ամենալայնը, նրա առաստաղը՝ ամենաբարձրը, իսկ կինը՝ ամենաերջանիկը։ Նրանք ջրահեղձ եղած խորհրդավոր տղամարդուն համեմատում էին իրենց ամուսինների հետ՝ մտածելով, որ նրանք ամենախղճուկ ու ողորմելի արարածներն են։ Այս մտածողությունն էլ փոխում է գյուղի տղամարդկանց, որոնք դառնում են ավելի ուշադիր իրենց կանանց հանդեպ։

Գյուղովի կազմակերպելով անտուն ջրահեղձի համար աշխարհի «ամենահոյակապ հուղարկավորությունը»՝ գյուղացիներն առաջին անգամ են նկատում, թե որքան դժգույն են իրենց փողոցները, ու որքան չնչին են իրենց երազանքները՝ ջրահեղձի գեղեցկության հետ համեմատ։ Դրանից հետո նրանց տները ներկվում են զվարթ գույներով, առաստաղները դառնում բարձր, գյուղը սփռվում է ծաղիկներով։

Մի այլ կյանք, նոր իրականություն է սկսվում Կարիբյան ծովի ափին գտնվող երբեմնի անշուք գյուղում, որտեղ լույսը հազիվ էր թափանցում խիտ տերևների միջով։ Մարկեսն այս պատմվածքով շեշտադրում է, որ յուրաքանչյուր ավարտ նոր պատմության սկիզբ է։

Ներկայացման ռեժիսորը Արինա Արարատյանն է՝ հրավիրված մայրաքաղաքից, այս ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնելու համար նա երեք ամիս շարունակ աշխատել է աճեմյանցիների հետ՝ այնպիսի միջավայր ու կերպարներ ստանալով, որ մի պահ թվում էր, թե ինքդ գործողության մասնակից ես՝ ճիշտ այն գյուղական միջավայրի ու մտածողության ծնունդը, որն իշխում էր բեմում։

Իսկ բեմում ավելի շատ գործողություն էր, քան խոսք։ Սա հատուկ է փառատոնային ներկայացումներին։ Գյումրու դրամատիկականը պատրաստվում է այն ռուսերեն ու անգլերեն թարգմանել, և բնականաբար, այս ներկայացմամբ փառատոների մասնակցել։

Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ներկայացման ուղերձը գեղեցիկը չկորցնելն է։

«Գեղեցիկն, իհարկե, փոխաբերական իմաստով է, պիտի կարողանաս քո կողքին ապրող մարդու գեղեցկությունը գնահատել՝ թե՛ ֆիզիկական գեղեցկությունը, թե՛ արժեհամակարգը։ Մեր մեջ միշտ պիտի պահպանենք մաքրությունը, գեղեցկությունը։ Տվյալ դեպքում Էստեբանը հայտնվեց ու իր հետ բերեց սեր։ Փոքրիկ կղզյակը մի ամբողջ խորհրդանիշ է․ աշխարհը կանէանա, եթե վերանա սերը։ Սա սիրո ու գեղեցիկի մասին ներկայացում է»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը վստահ է՝ այն երկար ժամանակ կմնա խաղացանկում։

Բեմանկարիչը Նելլի Բարսեղյանն է, զգեստների ձևավորողը Լուսինե Խաչատրյանն է։

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Արինա Արարատյանն ասաց, որ սկզբում շատ էր վախենում՝ կընդունվի՞ արդյոք այս ներկայացումը գյումրեցի բծախնդիր հանդիսատեսի կողմից։

«Մտածում էի ու վախենում՝ կարո՞ղ է չհասկացվի, չընդունվի հանդիսատեսի կողմից, բայց հանդիսատեսի արձագանքը հուշեց, որ ամեն ինչ իր տեղում է, ու ես շատ գոհ եմ։

Գյումրու դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ շատ հեշտ ու հաճելի է աշխատելը, ես չեմ ձանձրանա կրկնել, որ այստեղ ես զգում եմ, ինչպես իմ տանը։ Ֆանտաստիկ անձնակազմ է՝ թե՛ մասնագիտական, և թե՛ մարդկային հարաբերությունների առումով, թատրոնը նաև տեխնիկապես է հագեցած։

Շատ եմ սիրում այս թատրոնը, սա իմ առաջին գործը չէ աճեմյանական բեմում, առաջինը «Ալիսան հրաշքների աշխարհում» էր, ու հետո ես որպես խորեոգրաֆ մասնակցեցի «Խավարի առաքյալները» բեմադրությանը, ինչպես նաև «Արտիստիկ համերգին»։

Հուսով եմ, որ բոլոր ճանապարհները ինձ շարունակ բերելու են Գյումրի»։

Հարցին, թե ինչո՞ւ ընտրեց Գաբրիել Գարսիա Մարկես, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իմ կարծիքով, սա Մարկեսի ամենալուսավոր գործն է։ Երևի թե ես ինքս կարիք ունեի լույսի և հույսի, բացեցի այդ գործը ու սիրահարվեցի։ Հուսով եմ, որ կսիրվի այս ներկայացումը»։

Նշենք, որ ներկայացման ավարտից հետո ծափահարությունները չէին դադարում, դերասանները բեմից վաղուց հեռացել էին, իսկ հանդիսատեսը երկար ժամանակ չէր հեռանում՝ «Բրավո՜, բրավո՜» բացականչելով ու անվերջ ծափահարություններով իր հիացմունքը հայտնելով։

Ի դեպ, Գյումրու դրամատիկականը մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, մասնակցելով «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը, երեք մրցանակի է արժանացել։

Ըստ Լյուդվիգ Հարությունյանի՝ ամեն տարի մրցանակների են արժանացել իրենց դերասանները, ռեժիսորները, բայց երբեք չէր գնահատվել նկարչի աշխատանքը։

«Լավագույն զգեստների նկարիչ» է ճանաչվել Լուսինե Խաչատրյանը՝ «Կատվի տունը» և «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումների զգեստների նկարչական ձևավորման համար, Անի Ռաշոյանն էլ արժանացել է «Լավագույն բեմանկարիչ» մրցանակին՝ «Երեք անունով մի աղջիկ» և «Երկարագուլպա Պեպպին» ներկայացումների համար, իսկ երիտասարդ հրավիրյալ ռեժիսոր Մերի Մարգարյանը «Կոստյումով տղամարդիկ» ներկայացման համար արժանացել է «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» մրցանակին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031