ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան երկրորդ տարին անընդմեջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացրել է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակ է հանձնել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:
«Մեր երկրում շատ են երախտավորները, որոնք կերտել են ազգային մշակույթն ու այժմ ապրում են մեր կողքին, մեր քաղաքում: Հովհաննես Չեքիջյանը դարի մարդ է, նրա անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները: Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այն ամենն, ինչ նա արել է երգարվեստի ոլորտում: Նրա կյանքը նվիրված է եղել հնչյունին, տաղին ու երգին: Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը վաղուց դարձել է արժեքային համակարգ. նա ստեղծել է մշակույթ, ձևավորել է մտածողություն և սերունդներին տվել է ստեղծագործելու մի նոր չափանիշ»,- ասել է նախարարի տեղակալը։
Կարդացեք նաև
Միջոցառման շրջանակում մրցանակներ են հանձնվել 18 անվանակարգում՝ ներկայացված արտիստների և նախագծերի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































