«Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը»: Այս՝ միանգամայն ճիշտ, անվիճելի պնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է 2023 թվականի օգոստոսի 23-ին՝ Հռչակագրի տարեդարձի կապակցությամբ: Դրանից 2,5 տարի անց Փաշինյանը հայտարարել է. «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է»: Կախվածություն, ըստ երեւույթին, «բարեկամ Ռուսաստանից», որն, ըստ նույն իշխանությունների, մեր դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում: Բայց դա՝ իմիջիայլոց:
Ինչն է դրդել Փաշինյանին 2.5 տարում այդքան կտրուկ՝ 180 աստիճանով փոխել կարծիքը ոչ թե երկրորդական ինչ-որ խնդրի, այլ՝ հենց մեր պետության հիմնադիր փաստաթղթի վերաբերյալ: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ նրան, ինչպես Հին կտակարանի մարգարեներին, այցելել է աստվածային մի տեսիլք, եւ նա երկնքից հրահանգ էր ստացել’ «ասա՛ քո ժողովրդին, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է»:
Բայց, քանի որ ես այս միստիկ վարկածին չեմ հավատում, այդ մետամորֆոզի միակ բացատրությունն այն է, որ նման պահանջ է Փաշինյանի առաջ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մնացածը լեզվի ճկունության կամ, ավելի կոպիտ ձեւակերպեմ՝ «ֆռիկների» հարց է: Բնականաբար, բավականաչափ ինտելեկտ կամ պատրաստվածություն չունեցող մարդիկ կհավատան, որ Անկախության հռչակագիրը 35 տարի կոնֆլիկտային չէր, եւ այդ մարդկանց կուռքը նույնպես այդպես էր կարծում, իսկ հետո հանկարծ դարձավ կոնֆլիկտային:
Նույնը՝ Արարատ լեռը: Տասնամյակներ շարունակ դա ազգային խորհրդանիշ էր, իսկ վերջին 2-3 տարիներին դարձյալ «կոնֆլիկտային» դարձավ: Եվ նույն միամիտ մարդիկ դարձյալ կհավատան այն «ֆռիկին», որ ազգային խորհրդանիշը ենթադրում է հարեւան երկրի վրա հարձակում: Կամ՝ եթե ես ասում եմ, որ Մեսրոպ Մաշտոցը դպրոց է բացել Ամարասի վանքում, դա Ադրբեջանի դեմ պատերազմի կոչ է:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը 2021-ին Հպարտ քաղաքացու անձնագիր էր բաժանում քաղաքացիներին, որի վրա Հայաստանի քարտեզն էր Արցախի հետ միասին: Հիմա նա կրծքանշան է բաժանում՝ առանց Արցախի: Այսպես որ շարունակվի, 2031-ի ընտրարշավի ժամանակ նա Հայաստանի քարտեզ է բաժանելու առանց Սյունիքի, ասելով՝ «բա ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ պատերա՞զմ լինի: Փոխարենը մենք անկախ ենք ու ինքնիշխան»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































