Տնտեսական ակտիվության աճին առնչվող վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականը մեկնարկել է 7,2 % աճով փետրվարին։ Սակայն հունվարի համեմատ մեկ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է 0,4 տոկոսային կետով, ինչը խոսում է տնտեսության ցիկլային ծանրաբեռնվածության, արտաքին տնտեսական միջավայրի փոփոխությունների նկատմամբ գլոբալ ազդեցության և նաև ներքին կառուցվածքային խնդիրների մասին։
Պետական ֆինանսների ոլորտում նույնպես նկատվում են զգալի տեղաշարժեր։ 2026 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճ ունեցել են, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կտրուկ նվազել են՝ հասնելով 58,8 % անկման։ Հայաստանի նման զարգացող տնտեսության համար կապիտալ ծախսերը կենսական նշանակություն ունեն, քանի որ առաջին հերթին թիրախավորում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ու նորարարության ոլորտները և խթանում են արտադրողականության և մրցունակության պոտենցիալ աճը։ Կապիտալ ծախսերի ծավալի նվազումը փաստացի նշանակում է, որ կարճաժամկետ տնտեսական շահերը գերադասվում են երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, ինչը վտանգում է ապագա տնտեսական աճի բազան և երկրի մրցունակությունը տարածաշրջանում։
Պետական պարտքի կառուցվածքում ևս տեսանելի են լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել համակարգային ռիսկերի։ 2026 թ. փետրվարի վերջին ՀՀ պետական պարտքը աճել է՝ հասնելով 14,1 մլրդ դոլարի։ Սա ոչ միայն կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով փոքր տնտեսության չափերը, այլև վտանգավոր է, քանի որ պարտքի աճը շարունակաբար գերազանցում է տնտեսական աճի տեմպերը։ Այս տեսանկյունից առավել մտահոգիչ է կառավարության պարտքի տարեկան աճը՝ 13,1 % նախորդ տարվա համեմատ։ Դրան գումարվում է նաև այն, որ երկրի բյուջեն ավելի ու ավելի կախված է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքային սխեմաներից, իսկ արտաքին ֆինանսական շոկերի դեպքում՝ արժույթի տատանումների, տոկոսադրույքների կամ արտաքին պարտքերի սպասարկման պայմանների կտրուկ փոփոխության իրավիճակում կարող է սրվել ֆինանսական կայունության խնդիրն ու խրոնիկ ճնշվածությունը։
Այս ամենի հիմքում դրված է նաև թերզարգացած կապիտալի շուկայի և ներդրումային միջավայրի ռիսկայնության հարցը, որը լուրջ արգելք է տնտեսության առողջացման համար։ Կառավարությունը պարտավոր է մշակել հստակ և երկարաժամկետ պարտքի կառավարման ռազմավարություն, որպեսզի տնտեսության աճի առաջընթացը չխեղդվի հին պարտքերի ծանրության տակ։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































