Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Հետք»

Մարտ 31,2026 11:20 Share

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։

Որոշման մասին քննիչը մեզ տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթը կարճելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։

2026թ․-ի մարտի 4-ին «Հետքը» հրապարակել էր «Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը» հոդվածը։ Մենք ներկայացրել էինք Առինջ եւ Աբովյան համայնքների հողերի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքային զբոսայգու մի մասի սեփականաշնորհման և հետագայում Հայկ Կոնջորյանի հետ կապված գործարարի կողմից դրա կառուցապատման պատմությունները։

Մարտի 9-ին գրավոր հարցումով դիմել ենք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկանալու՝ «արդյոք նշված հրապարակումը դատախազությունում ուսումնասիրվել է։ Եթե այո, ապա ի՞նչ ընթացք է տրվել»։

Մարտի 18-ին մեր հարցումը հոդվածի հետ միասին փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանին։

Մարտի 19-ին քննիչը որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։

Մարտի 20-ին Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանը հաստատել է քրեական վարույթ չնախաձեռնելու որոշման օրինականությունը։

Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, ինչպես վերևում նշեցինք, բաղկացած է 8 էջից։ Դրանից 6․5 էջում արտատպված է «Հետքի» հոդվածի մեծ մասը։ Քրվարույթ չհարուցելու 1.5 էջանոց փաստաթղթում քննիչը գրել է, որ լրագրողական հոդվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որին կարող էր տրվել Քրեական օրենսգրքով սահմանված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, որի պատճառով էլ որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։

Այս որոշումը հիմնավորելու համար քննիչը նշել է, որ հոդվածում ներկայացվածը բազմաշերտ իրավական հարաբերություններ են (ձեռնարկատիրություն, անշարժ գույքի օտարում և այլն)։

Լուսանկարում՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031