«Եթե կա դիվերսիֆիկացիա, բայց չկա անվտանգային երաշխիք, դա ի՞նչ է տալիս մեր երկրին, մեր ազգին ու ժողովրդին։ Եթե առևտրաշրջանառությունը Եվրոպայի հետ տասնյակ անգամ ավելի քիչ է, քան մյուս գործընկերոջ հետ, եթե անվտանգության երաշխիք չեն տալիս, ուրեմն նրանք չեն դիվերսիֆիկացրել, ուղղակի շոու են անում»,-«Ընտրության Ժամի» տաղավարում անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնում են, այսպիսի կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ իրական դիվերսիֆիկացիան այն է, երբ մենք կարողանանք այնքան առևտուր ունենալ Եվրոպայի հետ, ինչքան այսօր ունենք ավանդական դաշնակիցների հետ․ «Իրական դիվերսիֆիկացիան այն է, որ ունենաս ինչ-որ երաշխիքներ տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև այն երկրի հանդեպ, որը որևէ նկրտում կունենա ՀՀ ինքնիշխան տարածքին։ Իրական դիվերսիֆիկացիան դա է, այլ ոչ թե ձեռք սեղմելը, նկարվելը»։
Փաստմանը՝ քննադատություններ կան, թե հաջողակ գործարար լինելը դեռ չի նշանակում լինել լավ դիվանագետ, Նարեկ Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Սամվել Կարապետյանն այլ երկրներում աշխատել է՝ լինելով ոչ այդ երկրի ներկայացուցիչ։ Մենք տեսել ենք՝ չի եղել որևէ բանակցություն, որտեղից մեր շահերը երկրորդվեն, դա կորպորատիվ բանակցությունների այն փորձն է, որն այսօր շատ երկրներ ունեն։ Արդեն աշխարհում տնտեսական գործիքներին են բերում՝ որպես բանակցային հիմնական «deal» անողների, քանի որ տնտեսական զարգացման զուգահեռ տնտեսական բանակցություններն էլ ավելի բարդ են դարձել։ Այդ ձիրքը, փորձը շատ է օգնում, օրինակ՝ ԱՄՆ-ին ներկայումս լուծել ամենասուր հարցերը։ Տնտեսական գործիչներն են, կորպորատիվ անձնավորություններն են, որոնք լուծում են խաղաղության հարցերը աշխարհի տարբեր երկրներում։ Ադրբեջանի նախագահն ունի շատ լավ կապեր, որոնք օգտագործվեցին մեր դեմ։ Մեզ պետք է ղեկավար, որն ունի շատ կապեր, որ հակադրվի և հայկական շահերն առաջ տանել։ Իշխանության այսօրվա ղեկավարը սահմանափակ կապերով մարդ է, ինքը չունի կապերի այն բազան, ինչն ունի Իլհամ Ալիևը և չի կարողացել ՀՀ-ի համար անվտանգություն ապահովել։ Դրա մասնագետը չէ։ Ինքը ոչ մի ռեսուրս չուներ ապահովելու ՀՀ անվտանգությունը, մենք ընտրեցինք մարդ, որը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը։ Չպիտի շարունակենք իր հետ ճանապարհ գնալ, մարդը չունի այդ փորձը։ Մարդը եղել է թերթի խմբագիր, թե հաջողակ, թե ոչ, արդեն մեր հայրենակիցները թող ասեն։ Պիտի հետագիծը նայենք՝ ինչն է իր բանակցությունների արդյունքը։ Ամեն ինչ տալիս ենք։ Զիջումները բանակցություններ չեն։ Ամեն անգամ բերել, որ եթե այսպես չանենք, այսպես կլինի, այդպես չի աշխարհը աշխատում։ Կապերն են, լոբբիստական կառույցներն, որոնք որոշում ենք երկարաժամկետ խաղաղությունների հարցերը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































