Հարցազրույց իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ
– Ադրբեջանը պետական քաղաքականություն է դարձրել փախստականների վերադարձն «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն` Հայաստան, որն իբր իրենց պատմական հայրենիքն է: Մեր իշխանությունները չունե՞ն հակադարձելու ոչինչ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող ադրբեջանական այդ քաղաքականությանը: Լռելով համաձա՞յն են որպես սպասարկու կողմ:
– Այսօր մենք ունենք խնդիր: Ադրբեջանն ասում է` մենք վերադառնում ենք, որովհետեւ ունենք իրավունք` փախստականի կարգավիճակ: Ընդ որում, իրավունք՝ ոչ միայն նրանց համար, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը, այլ նաեւ՝ նրանց ժառանգների: Եվ պատահական չէ, որ նրանք հիմա փաստաթղթեր են բաժանում անգամ երեխաներին: Իսկ ո՞ւր են նրանք վերադառնում: Եթե մենք ուզում ենք հարցը ճիշտ դնել` չխախտելով միջազգային իրավունքը, պետք է հստակեցնենք` ո՞ւր եք դուք վերադառնում, չէ՞ որ փոխանակել կամ վաճառել եք ձեր բնակարաններն այն ժամանակ: Եթե նրանց նկրտումները տարածվում են Հայաստանի վրա, որ իրենց նախկին հայրենիքն է իբր, մենք պետք է նրանց մերժենք ամբողջովին, որովհետեւ դա ուժի սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: Իսկ Հայաստանը, ստանալով այդ ազդանշանը, արդյո՞ք չպետք է դնի հարցը, որ կես միլիոնից ավելի հայեր բռնի կերպով են տեղահանվել Ադրբեջանից: Հայերը ե՞ւս վերադառնում են: Սումգայիթում տեղի է ունենցել հայերի սպանդ, բռնի տեղահանություն: Դատեր են եղել, որ Սումգայիթում կատարվածը, եթե ոչ ամբողջովին ուղղորդված, ապա համաձայնեցված է եղել ադրբեջանական իշխանությունների հետ: Իսկ Ադրբեջանն ասում է, որ հայերը չեն վերադառնալու. այդ դեպքում ի՞նչ փոխհատուցում է ստանալու Սումգայիթի բռնագաղթած հայը: Հայաստանը երբեւիցե պաշտոնապես այդ հարցը դրե՞լ է այս վերջին տարիներին, երբ նրանք անընդհատ թմբկահարում են իրենց վերադարձը: Եթե Հայաստանը լռում է, ստացվում է, որ ընդհանրապես բռնի տեղահանություններ չեն եղել Ադրբեջանի կողմից: Հայաստանի օրվա վարչակազմը ոչ միայն քողարկում, այլեւ արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության շարունակությունը: Եթե ՀՀ օրվա վարչակազմը, որ իրեն իշխանություն է զգում, դա չի ասում, դրան չի ընդդիմանում, նշանակում է, որ նա ուղղակի կամ անուղղակի մասնակից է հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության շարունակությանը:
– ԱԺ նախագահն ասում է, որ ադրբեջանցիները պետք է գան եւ ապրեն Հայաստանում` այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում: Բայց չի ասում, որ հայերն էլ կգնան եւ կապրեն Ադրբեջանում:
Կարդացեք նաև
– Եթե մենք ընդունում ենք խնդրի միայն այն մասը, որ ադրբեջանցիները պետք է գան եւ ապրեն Հայաստանում, ստացվում է, որ հայերին բռնի չեն տեղահանել Սումգայիթից, Բաքվից, Գանձակից, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ չի իրականացրել Արցախի Հանրապետությունում: Այսինքն, այս վարչակարգն ամբողջովին արդարացնում, սպասարկում է նրանց ցեղասպանական նկրտումները: Ադրբեջանցիները չեն ասում, որ մենք վերադառնալու ենք մեր նախկին տները, նրանք ասում են` վերադառնում ենք մեր հայրենիքը, պատմական հողերը, եւ դա կոչվում է «Արեւմտյան Ադրբեջան»:
– Կարո՞ղ ենք ասել, որ սա հետո իրականություն է դառնալու` նկատի ունենալով ադրբեջանցիների հետեւողական գործողությունները, թե՞ հայավարի ծաղրենք ու ծիծաղենք, ինչպես նախկին իրադարձություններից առաջ էր:
– Մենք մինչ օրս տեսել ենք, որ այն, ինչ ասվում է Ադրբեջանի կողմից, թեպետ Հայաստանում շատ փորձագետներ ասում են, որ դա միայն հայտարարություն է, դեռ չի եղել մի բան, որ չի իրականացվել: Ինչո՞ւ: Դա պատահականությո՞ւն է, դեպքերի համընկնո՞ւմ է` ո՛չ: Հարցն այն է, որ Թուրքիան եւ իր ստեղծած առաջին թուրքական պետությունն Օսմանյան կայսրությունից դուրս տարածքների վրա է, դա Հյուսիսային Կիպրոսը չէ, դա Ադրբեջանն է՝ որպես թուրքական երկրորդ պետություն: Եվ պատահական չէ, որ ասում են` մեկ ազգ՝ երկու պետություն: Այսինքն Թուրքիան, որն ունի երկարաժամկետ ծրագիր` 500 տարվա, միջնաժամկետ` 300 տարվա, եւ կարճաժամկետ` 100 տարվա համար, այն, ինչ չի հասցրել ամբողջական անել 1920-ականներին, իրականացնում է 2020-ականներին:
Հուսիկ ԱՐԱ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































