Քիչ առաջ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանը։ Նա լրագրողների հետ զրույցում միայն ասաց, որ իրեն լավ է զգում ու այլ հարցերի պատասխանելուց հրաժարվեց:
Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ տեղեկացրեց, որ թեև Միքայելին ազատ են արձակել, բայց նրան մեղադրանք առաջադրվել է։
«Այո, մեղադրանքն առաջադրվել է, բովանդակությունը, մանրամասները շատ չեմ կարող ասել, քանի որ արդեն նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար։ Ամեն դեպքում, այս պահին ամենակարևոր բանը տղաների ազատությունն է։ Միքայելը ձերբակալումից ազատ է արձակվել, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ: Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Միքայելը մեղադրվում է օժանդակելու համար։ Մեղադրանքը եղել է այն, ինչը կասկածանքը եղել է։ Շատ բան չեմ կարող ասել, չեմ ուզում, որ վարույթից չհեռացնեն ինձ»,–ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, բայց փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ:
«Խնդրում եմ՝ դա բացարձակ ճշմարտություն ընդունեք։ 12-րդ դասարանի տղաներ են, որևէ քաղաքական գործչի հետ կապ չունեն։ Իրենց կողմից կատարվածը որևէ քաղաքական ենթատեքստ չունի։ Իրենք, մեր գնահատմամբ, ընդհանրապես, որևէ բան չեն արել։ Մեր գնահատմամբ՝ երեխեքը ոչ մի բան չեն արել: Գևորգ Գևորգյանը, քանի որ քննչականի կողքի աշխատասենյակում էր, մի պահ տղաներից մեկին ուղեկցեցինք, Գևորգին էլ այլ տեղ էին ուղեկցում, ասացի՝ ինքն է Գևորգը, բացարձակապես երբևէ չեն ճանաչել, որևէ առնչություն չեն ունեցել։ Բացարձակ, ինչ կազմակերպվածության մասին է խոսքը, հերթական անգամ երեխեքը պատարագի են գնացել:
Կարդացեք նաև
Հարված չի եղել, դա հաստատապես հայտարարեմ։ Այն, ինչ կադրերում տեսել եք, հարվածի նմանվող է, բայց հարված չի եղել։ Ինչ–որ գործողություն կա, բայց դա հարված չի։ Ինչ վերաբերում է Դավիթին, իրեն դեռ հարցաքննում են»։
Փաստաբանն ասաց, որ քննչական մարմինը քննում է միջադեպի օրը հարվածից Դավիթի վայր ընկնելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում նախօրեին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ եւ Միքայել Մինասյաններին: Նրանք երկվորյակ եղբայրներ են ու դպրոցահասակ:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ տղաների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել: Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր:
Նշենք նաեւ, որ այս գործով մյուս մեղադրյալ Գեւորգ Գևորգյանը եւս ազատ արձակվեց ՔԿ-ից, նրա նկատմամբ 5 մլն գրավ է կիրառվել։
Ավելի ուշ փաստաբանը հայտնեց, որ Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































