Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքների պատճառով տարածքների սեփականատերերի մոտ վախ կա. «Միասնության թեւերի» անդամը՝ ընդդիմադիրներին տարածք չտրամադրելու եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին

Ապրիլ 01,2026 12:20 Share

«Ինչպես մյուս քաղաքական ուժերը, այնպես էլ մենք, փորձում ենք գրասենյակի տարածք վարձակալել, որպեսզի իրականացնենք օրենքով սահմանված մեր քարոզչությունը, սակայն բոլոր տարածքների սեփականատերերի մոտ վախ կա՝ սպառնալիքների պատճառով եւ ակնկալվող ճնշումների հանդեպ: Մեծամոր համայնքում տարածքի սեփականատերերից երկուսը նշեցին, որ իրենց արդեն իսկ վարձակալության գումարի չափով տրամադրվել են համապատասխան ֆինանսներ, որ մինչեւ հուլիս ամիսը ընդդիմադիրներին չտրամադրեն իրենց տարածքները, որպեսզի նրանք իրենց համայնքում չունենան գրասենյակներ եւ չզբաղվեն քարոզչությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լեւոն Չուկակլյանը:

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամը նաեւ հավելեց. «Սեփականատերերից մեկը, ում հետ արդեն ձեռք էինք բերել պայմանավորվածություն, եւ նա դրական էր տրամադրված տարածքը վարձակալությամբ հանձնելու համար, հաջորդ առավոտյան զանգահարեց եւ ասաց, որ այլեւս չի ցանկանում տրամադրել, չնայած լրիվ հակառակ տրամադրությունն ուներ ժամեր առաջ: Հետո, երբ  ճշտեցինք, որ նա ունի աշխատանք, որը խիստ կապված է ներկա իշխանությունների հետ, խոսքը Մեծամորի ատոմակայանում ունեցած իր աշխատանքի մասին է, տրամաբանական եզրակացություն կարող ենք անել եւ արժանահավատ կասկած ունենալ, որ աշխատանքի վայրից կամ այլ մարդկանց միջոցով առնվազն իր որոշման վրա ազդեցություն են ունեցել եւ դրա արդյունքում մեզ չի տրամադրվել համապատասխան պայմանավորվածությամբ տարածքը, որտեղ օրենքով սահմանված մեր նախընտրական քարոզչությունը պետք է կազմակերպեինք»:

Լեւոն Չուկակլյանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ինչպե՞ս են պատրաստվում այդ հարցը լուծել: «Սա անարդար մրցակցության ամենացայտուն օրինակներից մեկն է, եւ ամենեւին էլ խոսքը միայն Մեծամոր համայնքի մասին չէ: Տեղյակ եմ, որ նաեւ Երեւանի տարբեր հատվածներում տարբեր թաղապետեր, տարբեր անձինք ասում են՝ մեզ տրամադրեք այն մարդկանց ցուցակը, որոնք  ընդդիմադիրներին գրասենյակներ են տրամադրում, հետո մենք կխոսենք իրենց հետ այլ լեզվով եւ այլն:

Այսպես վախի մթնոլորտ են ստեղծում, սպառնալիքների ձեւաչափ… Չնայած դրան՝ մենք տարբեր համայնքներում արդեն իսկ շուրջ 30 գրասենյակներ բացել ենք, իսկ այն համայնքներում, որտեղ կան խոչընդոտներ, գնալու ենք մինչեւ վերջ: Հաստատապես վստահ եմ, որ կլինեն քաղաքացիներ, որոնք տուրք չեն տա նմանատիպ սպառնալիքներին, ի վերջո մեզ կտրամադրեն տարածք, որպեսզի  իրականացնենք մեր նախընտրական քարոզչությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930