Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց:
«Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի: Ոչինչ հաշվի չի առնվել»,- լրագրողներին ասաց Մինասյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:
Ըստ նրա՝ Դավիթին զրկեցին միջնակարգ դպրոցն ավարտելու իրավունքից: Փաստաբանն ասաց նաեւ, որ այսօր էլ են Մինասյանների տանը խուզարկություն իրականացրել:
«Աստված չի թողի, որ Ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա: Այդ օրը ինչ խորհուրդ ուներ, Հիսուսը գնաց երեխաներին ընդառաջ, մենք ի՞նչ արեցինք»,- հավելեց փաստաբանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։
Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































