Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած ու 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանին չեն հասցրել Արմավիր քրեակատարողական հիմնարկ մտցնել, նա ուշագնաց է եղել: Այս մասին Aravot.am-ին պատմեց Մինասյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:
«Տարել են Էջմիածնի բժշկական կենտրոն, ու այդ մասին էլ մեզ մի անծանոթ քաղաքացի է տեղեկացրել, պաշտոնապես չեն էլ հայտնել: Ասացին՝ այնտեղ էինք, տեսել ենք»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Փաստաբանի խոսքով, այս պահին այլ տվյալների չեն տիրապետում, պաշտպանական թիմը շտապում է Էջմիածնի բժշկական կենտրոն:
Ի դեպ՝ պաշտպանական թիմի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են Դավիթ Մինասյանին հարվածում, գցում ներքեւ: Փաստաբանն ասաց, որ միջնորդելու են՝ որպես ապացույց այն զննել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։ Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































