Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն է գնացել եկեղեցի և սադրել, ամեն ինչ խառնել իրար, եկեղեցում միակ պաշտպանված մարդը ինքն էր»․ Ժաննա Ալեքսանյան

Ապրիլ 01,2026 18:50 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորմանը։

Նշենք, որ կալանավորված Դավիթ Մինասյանն ունի առողջական խնդիրներ, նա ուշագնաց էր եղել և տեղափոխվել հիվանդանոց։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է հասարակական վայրեր, որպեսզի վրեժխնդիր լինի մարդկանցից։

«Ես նայում եմ քննարկումները, հարվածի մասին են խոսում, թե այդ տղան հարվածում էր վարչապետին։ Բայց այդ տղան եկեղեցի չէր գնացել վարչապետին հարվածելու համար։ Նա ձեռքին աղոթագիրք ուներ, խաչակնքվում էր, ասում են՝ ամեն կիրակի եղբոր հետ եկեղեցի էր գնում։ Վարչապետն է գնացել եկեղեցի և սադրել, ամեն ինչ խառնել իրար։ Ո՞վ էր խնդրել վարչապետին, որ ինքն այդ հոծ բազմության մեջ իր թիկնապահներով ճանապարհ բացեր, որ հայտնվեր առաջին շարքում։ Եթե դու եկել էիր պատարագ լսելու, կանգնեիր վերջում ու լսեիր, հարգեիր այդ ժողովրդին, ոչ թե թիկնապահներով շրջապատված ու բոլորին անտեսելով՝ առաջ անցնեիր։ Եկեղեցում միակ պաշտպանված մարդը Նիկոլ Փաշինյանն էր։

Չհաշված, թե այնտեղ, բացի իր թիկնազորից, ինչքան ոստիկաններ կային։ Ո՞վ էր խնդրել, որ ինքը գնար ու դա աներ, այդ բախումն անխուսափելի էր։ Այսինքն՝ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել հավատավոր ժողովրդի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել այդ մարդկանցից այդ միջադեպի համար, քանի որ մեղավորն ինքն է։ Իսկ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ուզում, որ իր համար ճանապարհ բացվեր ու ինքն անցներ բազմության միջով, եթե չէր ուզում, որ բախումներ լինեին»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ կադրերում երևում է, որ իրականում Դավիթ Մինասյանին են հարվածել ու քարշ տալով՝ տարել․ «Եվ այդ պայմաններում 18 տարեկան, դեռևս դպրոցում սովորող երեխան ի՞նչ արձագանք կարող էր տալ։ Ո՞նց կարող է ինքը դպրոցական տղայի հետ այդպես վարվել, ցուցում տալ, որ անպայման կալանավորեն։ Պատժելու ցանկությունն այնքան մեծ է, եթե թողնես, Նիկոլ Փաշինյանը բոլորին էլ բանտերում կփակի»։

Անդրադառնալով հարցին, որ դատարան անգամ հաշվի չառավ այն, որ երիտասարդն ունի առողջական խնդիրներ՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Ինչո՞ւ են կալանավորել, եթե վարչապետն այդ միտումը չունի, թող ասի՝ ազատ արձակեք։ Կալանավորել հիվանդ տղային ու այդքան մեծ տառապանք պատճառել այդ ընտանիքին, այստեղ անմարդկային բառն էլ չի սազում, ինքը վաղուց դուրս է եկել այդ կարգավիճակից։ Դրանից օրեր առաջ էլ արցախցի կնոջ հետ դեպք տեղի ունեցավ, չես կարողանո՞ւմ քեզ զուսպ պահել, երբ հանրության մեջ ես մտնում։ Եվ չես կարողանո՞ւմ ապահովել մարդկանց անվտանգությունը»։

«Պետք է հանրային ընդզում լինի վարչապետի վարքագծի հետ կապված։ Մի օր այս ամեն ինչն ավարտվելու է»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930