«Առավոտի» զրուցակիցն է «Բոլորին դեմ եմ» քաղաքական շարժման անդամ Միքայել Նահապետյանը։
– Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում հայտարարում է` եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ է լինելու, անգամ ժամկետ է նշել, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի։ Սա ի՞նչ քարոզչություն է, եւ ինչպե՞ս պետք է կողմնորոշվեն ընտրողներն այս պայմաններում։
-Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են ընտրություն անցկացնում, եթե դրա արդյունքները սպառնում են Հայաստանի անվտանգությանը։ Ի՞նչն ենք ընտրության դնում՝ Հայաստանը ոչնչանա, թե՞ չէ։ Դա հորինված սարսափ է՝ քաղաքական նպատակները եւ խնդիրները լուծելու համար եւ ընտրությունների արդյունքներն իրենց ուզած ձեւով մեկնաբանելու նախապատրաստություն է։ Շատ ավելի համապարփակ կհնչեր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, եթե այդ նախադասությունից առաջ ավելացներ եւս երկու բառ՝ «Ալիեւն ասում է, որ եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին կլինի պատերազմ»։ Այդ դեպքում բավականին ճոխ կնայվեր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ 1700-ականներից ի վեր Պարսկահայքում եւ այլ վայրերում բռնի ուժով տեղապահներ էին նշանակում, ուզում ենք հասկանալ՝ վերականգնվե՞լ են այդ կարգերը, թե՞ ոչ։ Կարծես թե վերջին անգամ այդ ժամանակներում էին նման պայման դնում, որ եթե ինչ-որ մեկի համար հարմար մարդ չլինի Հայաստանի կառավարիչը, մեզ կկոտորեն։ Դա՞ է մեր ինքնիշխանությունը, մենք վերադարձել ենք 1700-ականնե՞ր։ Այդ դեպքում, թող ասեն, թե ով է շահը, հասկանանք՝ ում ոտքերը գնանք համբուրենք։
-Մի կողմից ասում են, թե «խաղաղությունն արդեն հաստատված է», բայց մյուս կողմից պատերազմով են սպառնում։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում, խաղաղությունը հաստատվա՞ծ է։
Կարդացեք նաև
-Մեծ է գայթակղությունը ցինիզմին եւ հիմարությանն ի պատասխան հակադրության մեջ մտնել իրենց հետ, բայց ես՝ որպես հայ մարդ, ուրախ եմ, որ մենք այս պահին ակտիվ ռազմական գործողությունների մեջ չենք։ Եվ ուրախ եմ, որ մոտալուտ ակտիվ ռազմական գործողությունների վտանգ եւս չի նշմարվում։ Այլ հարց է, թե ինչով եւ ինչպես վճարեցինք այդ ամենի համար։ Այնուամենայնիվ, մենք այս պահին ունենք որոշակի կայունություն, որը մեզ տալիս է ժամանակ՝ նորմալ պետություն կառուցելու համար։ Բայց նորմալ պետություն կառուցելու համար մեզ նախ եւ առաջ անհրաժեշտ է ներքին խաղաղություն, այս հուսահատության, որբության ու ատելության մթնոլորտը հաղթահարել։ Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ այդ ատելության ու որբության հիմնական արտադրող ստանոկը հեռացվի կառավարական շենքից։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախաբանում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը կատարեց Ադրբեջանի պահանջը, ինչպե՞ս եք սա գնահատում եւ ի՞նչ հետեւանք կունենա դա Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
-Ես կարծում եմ, որ արժե նաեւ այս գլխից հոգեբանորեն պատրաստվել նրան, որ եթե պետք լինի, կթլպատվենք էլ։ Մարդ ես, կարող է նման պահանջ էլ ներկայացնեն, ասեն՝ քանի որ դուք մեզանից ֆիզիոլոգիապես տարբերվում եք, դա մեզ համար վտանգ է դիտվում, պետք է ձեր ինքնությունը փոխվի, իրար նման դառնանք։ Իսկ եթե լուրջ, ես կարծում եմ, որ պատմությունը եւ մանավանդ հիմնադիր փաստաթղթերը սակրալ արժեք ունեն եւ գործնական ազդեցություն չունենալով հանդերձ՝ իրենք այն մերանն են, որը հասարակությանը կապում է իր անցյալի, իր պետության ու փոխադարձ պարտավորության հետ։ ԱՄՆ Անկախության հռչակագրում ոչինչ գրված չէ այն մասին, որ իրենք մի օր Չինաստանի հետ առեւտրային պատերազմի մեջ են հայտնվելու եւ որ մի օր Եվրոպայում անվտանգային դաշինք են կազմելու, հետո քանդելու են։ Իրենց հարաբերություններն աշխարհի հետ դրանով չեն կարգավորվում, բայց առ այսօր, երբ մարդիկ պետք է շատ լեգիտիմ բանի մասին խոսեն, իրենք դիմում են հիմնադիր հայրերի սահմանած արժեքներին, ինչն իրենց չի խանգարում ազատության արժեքին հղում անելով՝ աշխարհում բռնություն, վախ ու ստրկություն տարածել, անազնիվ քայլեր անել։ Հետեւաբար, ասածս այն է, որ Անկախության հռչակագիրը չի կարող խանգարել պրակտիկ գետնի վրա խաղաղությանը, հարաբերությունների կարգավորմանը, ոչ մի բանի չի կարող խանգարել։ Անկախության հռչակագիրը հայ ժողովրդին իր պետության հետ կապող մերանն է, բոլոր նրանք, ովքեր ուզում են դա կտրել, կլինեն Հայաստանում, թե ՀՀ սահմաններից դուրս, այդ մարդիկ շատ նման են թշնամուն, եթե, իհարկե, թշնամի չեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2026


















































