Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանք սահմանեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կիրակի օրը ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ։ Ոմանք հույս էին փայփայում, որ դատավորը չի գնա այդ քայլին, որովհետեւ իրականում ո՛չ հարված է եղել, ո՛չ տուժող կա գործում, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի մազն է ծռվել:
2018-ից առաջ նախկին իշխանություններին հիմնավորապես ծառայած դատավոր Մնացական Մարտիրոսյանն իշխանափոխությունից հետո էլ շարունակեց պաշտոնավարել։ Թվում էր` հենց Նիկոլ Փաշինյանը նրան պետք է հեռացնի, որովհետեւ ժամանակին իր գործն է քննել, բայց նա արագ հասկացավ, որ Մնացին պետք չէ հեռացնել, այլ պետք է «օգտագործել»: Ավելին` 2023թ․ նա նույնիսկ ստանձնեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնը։
Իսկ 2001թ. Մնացական Մարտիրոսյանը քննել է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը, երբ վերջինս մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ: Աղամալ Հարությունյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։
Մնացական Մարտիրոսյանը եղել է մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտնի «Յոթի գործով» դատավորը, որով մեղադրանքներ էին առաջադրվել Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին։ Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց այս գործը՝ արձանագրելով, որ խախտվել են ընդդիմադիրների հիմնարար իրավունքները: Մնացական Մարտիրոսյանն է Նիկոլ Փաշինյանին 2010 թվականին 7 տարվա ազատազրկման դատապարտել։ Այս գործով դատավճիռը եւս ՄԻԵԴ-ը տարիներ անց բեկանեց, եւ դրա հիման վրա վճռաբեկ դատարանն արդարացրեց Փաշինյանին, բայց նույնիսկ դա չստիպեց, որ Մնացին պատժեն` ՄԻԵԴ վճռի հիմքով, ինչպես արեցին Սուրեն Անտոնյանի դեպքում:
Կարդացեք նաև
Իսկ 2018-ից հետո Մնացական Մարտիրոսյանը սկսեց հենց Նիկոլ Փաշինյանի կամքը կատարել: Նա էր քննում գեներալ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների» գործը եւ գեներալին այնքան պահեց կալանքի տակ, որ բանը դատավճիռ արձակելուն չհասավ. Մանվել Գրիգորյանը դատաքննության փուլում մահացավ:
Մնացական Մարտիրոսյանը նաեւ սիրում է մարդկանց կալանավորել` նա նախաքննական մարմնի միջնորդությունները ամենից շատ բավարարած դատավորներից է: Նրա որոշմամբ կալանավորվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, Աղվան Հովսեփյանը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին այդ գործով վերջերս դատարանն արդարացրեց:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































