Լրահոս
Օրվա լրահոսը

Այս միջոցառումներն էական քայլեր են դեպի մեր վերջնական նպատակը՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձ հայրենիք. Արտակ Բեգլարյան

Ապրիլ 02,2026 13:22 Share

Արցախ Միությունը և Մարդու իրավունքների համալսարանական ցանցն իրենց ներդրումն են ունեցել ՄԱԿ-ի զեկույցում, ըստ որի՝ Արցախից տեղահանված կանայք Հայաստանում հայտնվել են «ծայրահեղ խոցելի վիճակում»

Արցախ Միությունը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)՝ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս 2026 թվականի մարտին Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Այս այցի ընթացքում ներկայացրեցինք մեր զեկույցը, որը պատրաստվել է «Մարդու իրավունքների համալսարանական ցանցի» (UNHR) հետ համագործակցությամբ, և որում մանրամասն ներկայացված է Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված կանանց օրհասական վիճակը:

Այցի արդյունքներով կազմված և մարտի 25-ին հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ Աշխատանքային խումբն առանձնահատուկ անդրադարձ է կատարում այն կանանց վիճակին, որոնք 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 120,000 արցախցիներից են։

Աշխատանքային խումբը ողջունում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց ու աղջիկներին ընդունելու և նրանց մարդասիրական օգնությամբ ապահովելու հանձնառությունը, սակայն միաժամանակ արձանագրում է, որ նրանք բախվում են տնտեսական խոցելիության, բնակարանային անապահովության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական մի շարք յուրահատուկ ու խտրական մարտահրավերների։ Նրանց այս խոցելի վիճակն ուղղակիորեն բխում է բռնի տեղահանումից, հայրենի հողի, նյութական ունեցվածքի և նախկինում համախմբված համայնքների կորստից»,— նշված է Աշխատանքային խմբի զեկույցում։

Աշխատանքային խմբի եզրահանգումներն ուղղակիորեն հիմնված են մեր համատեղ զեկույցում և մարտին ունեցած այցի շրջանակում բարձրաձայնված այն հիմնական խնդիրների վրա, որոնց բախվում են արցախցի կանայք տարածաշրջանի էթնիկ զտումից հետո։

Ավելի քան երկու տարի առաջ տեղի ունեցած բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում տասնյակ հազարավոր կանանց առջև ծառացած ծայրահեղ տնտեսական և բնակարանային անապահովության մեր փաստագրմանը զուգահեռ՝ մենք վերհանել ենք նաև այս խմբին ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի կառուցվածքային թերությունները։ Դրանց թվում է բնակարանային ապահովման պետական ծրագիրը, որը լրացուցիչ չափով խոցելի է դարձնում հատկապես փոքր ընտանիքներին, միայնակ մայրերին և միայնակ ապրող կանանց, քանի որ հատկացվող աջակցությունը չի բավարարում նույնիսկ մեկ բնակարանի ձեռքբերման նվազագույն շուկայական արժեքը ծածկելու համար։

Մենք նաև բարձրաձայնել ենք իրավական և սոցիալական պաշտպանության համակարգային այն բացթողումների հրատապությունը, որոնք արցախցի կանանց ու խոցելի այլ խմբերի համար ստեղծում են «իրավական վակուում»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 2023 թ. սեպտեմբերին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից տուժածների ընտանիքներին պետական աջակցության տրամադրման հարցում առկա խնդիրներին, միայնակ ծնող ունեցող ընտանիքների համար կենսական նշանակության երաշխիքների կորստին, ինչպես նաև այն իրավազորային խոչընդոտներին, որոնց բախվում են ամուսնալուծված կանայք՝ ՀՀ դատարաններում ալիմենտի բռնագանձումն ապահովելու հարցում։

Ավելին, զեկույցն արձանագրում է տեղահանման թողած հոգեբանական ծանր հետևանքները, տրավմայի հաղթահարման պետական համակարգված ռազմավարության բացակայությունը և շրջափակման ընթացքում կանանց վերարտադրողական առողջությանը հասցված ծանր վնասը։ Ի վերջո, մենք շեշտել ենք այն շարունակական հոգեկան տառապանքը, որն առաջացել է հայրենի հողից զրկվելու, մշակութային կենսակերպի խաթարման ու Արցախում մնացած հարազատների շիրիմներին այցելելու ողբերգական անհնարինության հետևանքով։

«Հումանիտար մարտահրավեր լինելուց զատ՝ արցախցի կանանց տեղահանությունն արժանապատվության և իրավունքների համակարգային ճգնաժամ է։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանն անհապաղ ներդնել բնակարանային համարժեք երաշխիքներ և հոգեբանական տրավմաները հաշվի առնող ազգային ռազմավարություն՝ խոցելի կանանց տնտեսական և հոգեբանական փլուզումից պաշտպանելու համար։ Այս միջոցառումներն էական քայլեր են դեպի մեր վերջնական նպատակը՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձ հայրենիք և նրանց իրավունքների համապարփակ վերականգնում»,- նշեց Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Մեր փաստագրած տվյալները վկայում են, որ արցախցի կանանց նկատմամբ դրսևորվող խտրականությունը էթնիկ զտման ուղղակի և շարունակական հետևանքն է։ Միջազգային հանրությունը պարտավոր է սոսկ հայտարարություններից անցնել գործողությունների և ստեղծել հաշվետվողականության մեխանիզմներ, որոնք թույլ կտան փոխհատուցել հողի ու գույքի կորուստը և հասցեագրել կանանց կյանքի բնականոն ընթացքի խաթարումը»,- նշել է «Մարդու իրավունքների համալսարանական ցանցի» իրավական և քաղաքական հարցերով տնօրեն, գործնական ուսուցման ավագ ղեկավար Թոմաս Բեքերը։

Արցախ Միությունը մնում է հաստատակամ իր առաքելության մեջ՝ պաշտպանելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքները և արժանապատվությունը: Ի վերջո, մենք ձգտում ենք նպաստել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձին իրենց նախնիների հայրենիք՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ և անվտանգ կյանքով ապրելու համար:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930