Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ներկայիս իշխանությունը. Գենադի Մնացականյան

Ապրիլ 02,2026 15:08 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ Եկեղեցին «Պետություն է պետության մեջ», ինչը ՀՀ իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Մայր Աթոռն իր հերթին բազմաթիվ հայտարարություններով ու գործերով փաստել է, որ մտադիր չէ պետության հետ սրելու հարաբերությունները, հակառակը՝ պատրաստ է համատեղ քննարկումներով համագործակցության եզրեր գտնել այն ծրագրերում, որոնք չեն հակասում ազգային-եկեղեցական սկզբունքներին։ Սակայն ՀՀ իշխանությունների կողմից պոզիտիվ արձագանքների բացակայությունը ավելի է ծանրացնում հարաբերություններում առկա ճգնաժամը։ Որոշ դեպքերում Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ) ստիպված է լինում պաշտպանական դիրքերից արձագանքել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող տարբեր հակաօրինական ու ապազգային քայլերին։

Մասնավորապես՝ Մայր Աթոռը հայտարարել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների ելքի սահմանափակումները միտումնավոր խոչընդոտում են Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ մասնակցությունը միջազգային եկեղեցական ժողովներին։ ՀԱԵ կողմից ընթացիկ գործերի կամ որոշակի գործունեության փաստացի դադարեցումը, ինչպիսին էր գնդերեցների ծառայությունը, պայմանավորված է Եկեղեցի-Պետություն հարաբերությունների ծայրահեղ սրմամբ և հոգևորականների նկատմամբ իրականացվող իրավական ու քաղաքական ճնշումներով։

Մասնագետների կողմից այս ամենը դիտարկվում է որպես խստագույնս դատապարտելի հոգեբանական ճնշում հոգևորականների նկատմամբ։ Նույն տրամաբանությամբ է 2025 թվականի դեկտեմբերի 25-ին հաստատվել նաև ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը անարդարացիորեն սուր քննադատության է արժանանում ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում, ինչը նույնպես խաթարում է եկեղեցական ընթացիկ հարցերին անդրադառնալուն ու դրանց լուծումներ տալուն։ Հատկապես զգայուն է դարձել Պարգևների շնորհման և Կարգապահական հարցերի հանձնախմբի աշխատանքները, որի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես անարդարացիորեն մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել։ Եկեղեցին զգուշանում է կարգապահական պատիժներ սահմանել «կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով հնազանդության ուխտը դրժած» անխտիր բոլոր հոգևորականներին և, զարմանալիորեն զգուշանում է նաև քահանայական կարգի մեջ վերականգնել անհամեմատելի նվազ զանցանքների համար կարգալույծ հռչակված այն հոգևորականներին, ովքեր զղջմամբ ու որդիական խոնարհությամբ իրենց քահանայական ծառայությունը շարունակելու խնդրանքով դիմել են Վեհափառ Հայրապետին։ Բարեբախտաբար այդպիսիները քիչ չեն։

Ամենայն հայոց կաթողիկոսին՝ սփյուռքի մեր հայրենակիցների փոքրաթիվ քննադատողների կողքին, Եկեղեցին, ի դեմս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ աջակիցների մեծ բանակ ունի։ Նրանց մեջ բազմաթիվ ազնիվ հայորդիներ կան, որոնք՝ քննադատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հակաեկեղեցական կեցվածքը, հանդես են եկել հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի։

Այդպիսի հայտարարություններից ամենաուշագրավը 2026 թվականի փետրվարի 12-ին՝ Հայաստանի կառավարության և ՀԱԵ միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն էր, որի հեղինակները Հայոց Ցեղասպանության վերապրողների ժառանգներ են։ Նրանց թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վահե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ժոզեֆ Ուղուրյանը և Պերճ Սեդրակյանը։ Ավելի ուշ նրանց էին միացել նաև այլ հավատավոր հայորդիներ։

Հայտարարությունը բովանդակալից էր։ Մեջբերեմ մի հատված․ «Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց Պետությունը, Հայոց Եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան։ Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայնը և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում»։

Ըստ հայտարարության հեղինակների «ժամանակն է», մինչդեռ, իմ հանդուգն դիտարկմամբ ո՛չ թե ժամանակն է, այլ բավականին ուշացած է։ «Ժամանակն» այն ժամանակ էր, երբ Հայ Եկեղեցու պատմություն առարկան դուրս մղվեց կրթական ծրագրերից, ժամանակն էր, երբ բանտարկվեցին հոգևորականներ ու անմեղ մարդիկ։ Ժամանակն էր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կանչում էին վարչապետի կեցավայր, որպեսզի ապացուցեն, որ իրենք թլփատված չեն։ Ժամանակն էր, երբ հերթով պղծվում ու բռնազավթվում էին Հայոց աղոթատներ։ Ժամանակն էր, երբ հերոսածին մորը գետնի վրա քարշ տալով իր նահատակ որդու սրբազան շիրիմի մոտից բերման էին ենթարկում։ Ժամանակն էր, երբ Հայոց Ցեղասպանությունն ու մեր Սուրբ Լեռն էին ուրանում։ Ժամանակն էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր պղծվում ու ավերվում․․․ ժամանակներ շատ են եղել, պարոնայք։ Իսկ հիմա, երբ Ամենայն Հայոց ազգընտիր Կաթողիկոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների ու մյուս հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակով հոգեբանական ճնշումների ազդեցությամբ ահաբեկված ու դավաճաններով շրջապատված՝ ամեն վայրկյան սպասում է նոր շինծու մեղադրանքների ու ձեռնաշղթաներին՝ հիմա՞ է ժամանակը։ Ներեցեք։ Ընդ որում, այդ «ժամանակից» էլ արդեն բավականին ժամանակ է անցել։ Ժամանակի տերը Աստված է և անկախ ամեն ինչից, կարծում եմ, Եկեղեցին իր ամենօրյա աղոթքներին զուգահեռ, չպետք է անտեսի ներեկեղեցական ընթացիկ հարցերը, որովհետև հենց դրանք են Եկեղեցու սրտի բաբախյունը, որը երբեք չպետք է կանգ առնի։ Ընթացիկ եկեղեցական հարցերի սառեցումը հենց այն օրակարգային հարցերից է, որին քայլ առ քայլ ձգտում է ՀՀ ներկայիս իշխանությունը իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930