Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն դրամ կաշառք ստանալու մեջ

Ապրիլ 02,2026 17:25 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսերին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դեպքում ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ առկա խախտումները չարձանագրելու, ավելի մանրակրկիտ ստուգում չիրականացնելու և կազմված նյութերի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը կանխելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամ կաշառք:

ՊԵԿ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930