«Երբ կա զինված ուժերը, ժողովրդին, կամավորներին միավորելու, թշնամու հարձակմանը դիմագրավելու ցանկություն եւ ունակություն, այդ դեպքում հաղթանակը երաշխավորված է լինում։ 2016 թվականին ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականին, մենք ունեինք կյանքի գնով Արցախը պաշտպանելու ժողովրդական այդ ալիքը, ցանկությունը»,-այսօր Եռաբլուր փառքի պանթեոնում ասաց ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու եկած ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«2020 թվականին այլ քաղաքականություն վարվեց, 2016 թվականին՝ այլ։ Եվ դրա համար 2016 թվականին կարողացանք ադրբեջանցիներին հետ շպրտել ելման դիրքեր։ Կռվեցին թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ ԱՀ քաղաքացիները։ Իսկ 2023 թվականին իշխանությունները 1988 թվականից ի վեր առաջին անգամ արցախցիներին միայնակ թողեցին։ Եվ հիմա անամոթաբար արցախցիներին մեղադրում են, թե դուք չկռվեցիք։ Հայաստանի կողմից լքված, ինն ամիս պաշարման մեջ գտնվող, 1-ն ընդդեմ 10-15-ի հարաբերակցությամբ գերիշխող թշնամու դեմ կռվեցին, հարյուրավոր զոհեր տվեցին, բայց կարողացան քաղաքացիական բնակչության ելքը Արցախի Հանրապետությունից ապահովել։ Իսկ հիմա ասում են՝ «դե կռվեիք»։
Չեն կռվե՞լ։ Կռվել են, պայքարել են եւ դրա համար են կյանքեր փրկել։ Իհարկե, չեմ բացառում, որ այս իշխանության համար նախընտրելի լիներ, որ որեւէ մեկը չփրկվեր։ Բայց կան, մարդիկ եկել են եւ հիմա իրավունք ունեն պայքարել՝ տուն վերադառնալու իրենց իրավունքը իրացնելու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































