Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (դատավոր՝ Մանվել Շահվերդյան) շարունակվում են Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները: Դատավորն ասաց, որ հանրային մեղադրողը պետք է ներկայացնի հետազոտված ապացույցների արձանագրությունները, ու քանի որ խնդիր առաջացավ, կարճատեւ ընդմիջում հայտարարվեց: Այնուհետեւ հանրային մեղադրողը որպես ապացույցներ ներկայացրեց Վազգեն Սաղաթելյանի էջի զննությամբ ստացված գրառումներից ու «Իմնեմնիմի» podcast-ում հնչած մտքերից կտորներ:
«Իմնեմնիմի» podcast-ի հեղինակների փաստաբաններից Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց` հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի 331 հոդվածի 2-րդ մասին, որտեղ նշված է. «Ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունը և արտավարութային փաuտաթուղթը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան արձանագրության կամ այլ փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք»:
Ռուբեն Մելիքյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց «Իմնեմնիմիի»՝ դատարանում հիշատակված 2 թողարկումների մնացած ամբողջ ընթացքի վրա: Նա միջնորդեց 2 թողարկումներն ամբողջ ծավալով դիտարկել, որպեսզի դատարանի համար պարզ լինի համատեքստը. «Փաստական հիմքն էլ դատավճիռն է, ուժի մեջ չմտած, որտեղ դրան ուշադրություն է դարձվում»: Դատավորը հարցրեց՝ մեղադրյալների հարցաքննությունից առա՞ջ դա արվի, թե հետո:
Ռուբեն Մելիքյանն էլ խնդրեց նախ այդ ամենը դիտարկել, հետո նոր պաշտպանության կողմի ապացույցներին անցնելու հարցը: Պաշտպանի խոսքով, քանի որ քննարկում եղավ խափանման միջոցի վերաբերյալ, իր կարծիքով նպատակահարմար կլինի պայմանավորվել եւ հաջորդ դատական նիստին դա անել, իսկ այսօր քննարկել խափանման միջոցի հարցը:
Կարդացեք նաև
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ ընթերցեց Ալեն Սիմոնյանի 2025 թ նոյեմբերի 8-ի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա դրել էր Սերժ Սարգսյանի լուսանկարը ու գրել. «Դու գիտակցո՞ւմ ես, որ երբ դու ֆինանսավորում ես երկու շան լակոտի՝ մեկ Միշիկի, մեկ Ռոբոյի ձեռամբ, ու նաև հարցազրույց տալիս այս կյանքում ոչնչի չհասած երկու լածիրակներին, դո՛ւ անձամբ, Դու, այլևս կիսում ես այդ երկուսի՝ տարբեր մարդկանց անկողին, անձնական կյանք մտնելը և անձնական վիրավորանքները»: Բաբայանն ընթերցեց նաեւ Ալեն Սիմոնյանի գրառման հետեւյալ հատվածը. «Էդ, որ դու ու ընդդիմադիր դաշտի տարբեր ներկայացուցիչները, լրագրողներն իրենց ճղում են, արցունքներն աչքերին խոսում 44-օրյա պատերզմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի հրապարակային լինելու և կարևոր լինելու մասին, բա հեսա մի ամիսը լրանումա, ինչի՞ ընդդիմադիր 4 տասնյակին հասնող պատգամավորներից ընդամենը երկուսն են գնացել ու կարդացել՝ Տիգրանը Աբրահամյան ու Գեղամը Մամուկյան (ՀՅԴ), տեսնեն այդ կարևորագույն, իշխանության կողմից իբր թաքցված զեկույցը: Ինչի՞ չեք գնում կարդաք ու հրապարակեք, պատմեք ժողովրդին, հը՞ն»:
Արսեն Բաբայանն ասաց, որ ներկայացվածը բավական է՝ պատկերացում կազմելու համար, թե Ալեն Սիմոնյանը Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ ինչպիսի արտահայտություններ է թույլ տվել: Նա նաեւ միջնորդեց Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն խափանման միջոց՝ համապատասխան անհրաժեշտ սահմանափակումներով: Վազգեն Սաղաթելյանը փաստեց, որ նույն տիպի գործով 2 տարի առաջ ունեցել են խափանման միջոց վարչական հսկողություն, 8 ամիս շարունակ եղել են վարչական հսկողության տակ, եւ որեւէ անգամ չեն խախտել դա:
Դատական նիստն ամբողջությամբ՝
Հ.Գ.
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը․ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանքի՝ խոսքի սահմանափակմամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































