Կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի հետևանքով կալանավորված աշակերտ Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ «Ազատություն Դավթին» կարգախոսով։
«Մենք մեր հին և նոր դասարաններով այսօր հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկ պահանջով՝ իրավաբանական գործողությունների հետևանքով Դավիթի և Միքայելի կալանքի հետ կապված որոշման փոփոխության, ավելի կոնկրետ՝ Դավիթի ազատության հետ կապված որոշման փոփոխության պահանջով։
Մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ և ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ-որ գործողություններ տեղի կունենան։ Մենք դասընկերներով երկար ժամանակ շփվել ենք Դավիթի հետ։ Իմ կարծիքով՝ նրան ներկայացված մեղադրանքները նրան ոչ մի կերպ չեն համապատասխանում։ Նա կռվարար չէ, դաստիարակված, կրթված տղա է, և այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել։ Նա այդպիսի պահվածք չի դրսևորել»,- ասաց դասընկերներից մեկը։
«ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեր ակցիայի ակնկալիքն այն է, որպեսզի միջազգային հանրությունը ուշադիր լինի և տեսնի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում թե՛ դպրոցականների, թե՛ երիտասարդների հետ»,- հավելեց եղբայրների դասընկերը։
Կարդացեք նաև
Դավիթի հետ ինը տարի սովորած դասընկերուհիներից Մարիա Պապոյանն էլ ասաց․ «Մենք պահանջում և խնդրում ենք՝ ազատություն տալ այդ իսկապես հրաշալի մարդուն և որպեսզի հասարակության մեջ նրան չհամարեն հանցագործ, առավել ևս՝ քաղաքական հանցագործ։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես որևէ կապ չունի, ինչպես քաղաքականության հետ կապ չունեն մեր այս հավաքներն ու քայլերը։ Պարզապես չենք կարող մի կողմ մնալ, երբ մեր ընկերը այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Մեր պահանջն է, որպեսզի Դավիթի նման արդար մարդու գործողությունները ստանան նույնպիսի արդար գնահատական»։
«Մեր ամբողջ խնդրանքն այն է, որ թե՛ դատարանը, թե՛ վարչապետը, թեկուզ դատարանը փոխի Դավթի խափանման միջոցը։ Թող անաչառ դատավարություն անեն, էլի զննեն ու տեսնեն, որ այնտեղ այդպիսի հանցակազմ չկար։ Որ փոխեն խափանման միջոցը, քանի որ Դավիթն առողջական խնդիրներ ունի։ Օր առաջ խափանման միջոցը փոխելը բխում է իրենց և մեր շահերից։ Մենք արդեն կիրակի օրվանից քուն ու դադար չունենք։ Երեխաները հիասթափված են։ Չի կարելի այս մատաղ սերնդի մեջ կոտրել արդարության զգացումը։ ՄԻՊ-ը այսօր ասաց-ասաց, բայց վերջնական ոչինչ չասաց։ Ինքը չի՞ ուզում միջնորդել, չի՞ տեսնում այդ երեխայի առողջական թղթերը։ Դավթի մայրիկը նաև դիմել է ԿԳՄՍ նախարարին, որպեսզի նա երաշխավորի։ Մեր ակնկալիքները շատ մեծ են, անգամ ակնկալիք ունեինք, որ այսօր լրագրողներից մեկը շատ նուրբ խնդրանքով դիմեց վարչապետին։ Մտածում էինք՝ ինքն էլ կերաշխավորեր, կմիջնորդեր։ Բայց փաստացի մեր շերեփը թղթից է»,- ասաց ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































