Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդուն բանտային կալանքից ուղարկեցին տնային կալանքի

Ապրիլ 02,2026 19:30 Share

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ հերթական անգամ նրա խափանման միջոցի հարցը քննելիս որոշվել է նրան ենթարկել երեքամսյա տնային կալանքի։

Մեկ շաբաթից ավելի է Սպարտակ Ղուկասյանը տանն է։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Այդ նույն մեղադրանքը առաջադրվեց նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Սպարտակ Ղուկասյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամայիս Հայրապետյանն այդ ժամանակ Aravot.am-ին պարզաբանել էր, որ դատարանի դահլիճից կատարված տեսագրություններում սեռական բնույթի հայհոյանք չի լսվում, մինչդեռ իր պաշտպանյալին մեղադրում են՝ հայհոյելու համար։

«Սպարտակին առհասարակ որևէ մեկը հարց չի տվել, նա որևէ հարցի չի էլ պատասխանել։ Աբսուրդը որն է, այնտեղ լսվում է արտահայտություն՝ «Ով մեզ ուժի լեզվով խոսա», և կողքից լսվում է «վոզդուխ» բառը։ Հիմա քննիչները գտել են, որ լսվող «վոզդուխ» բառը ոչ թե «վոզդուխ» է, այլ մի բառ են դրել՝ հայհոյանք՝ «էս ինչի վաստակ ա»։ Նախ գյումրեցին երբեք չէր ասի «վաստակ ա», կասեր՝ «վաստակ է», երկրորդն էլ, եթե լսվում է «վոզդուխ» բառը, ձեր ականջին մինչև հասնելը ինչո՞ւ ձևափոխվեց այդ բառը»,- ասել էր Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորեցին այն ժամանակ, երբ նա սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ էր գտնվում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով) հարուցված մեղադրանքով։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդուն տնային կալանքի ենթարկելու ժամանակ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ասելով, որ Սպարտակին կալանավորելով՝ փորձում են իրեն լռեցնել։ Նա պատմել էր, որ 4 երեխաներ ունեցող Սպարտակին Երևանից եկած ոստիկանները 10 մեքենայով շրջափակել էին 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս։

«Մանկապարտեզում ոնց որ թուրքական շպիոնի՝ 10 մեքենայով շրջափակել են տղայիս՝ երեխան էլ գիրկը հոր, մյուս երեխան էլ մեքենայի մեջ, կալանավորել, տարել են։

Ես գիտեի, որ էդպես պիտի լինի, երբ որ եպիսկոպոսի դատին գնաց, մասնակցեց, ինձ մարդիկ ասացին՝ պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն, ասի՝ ինչի՞, ասին՝ էդպես է։ Չէր հավատում, ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդկանց հետ գործ ունենք, ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի՞ համար, ոնց․․․

Հիմա փաստաբանները մեղադրական եզրակացությունն են վերցրել, մեջը գրված է, որ 24 քառակուսի մետր խիբարի համար իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 հազար դրամ է, 4 երեխայի հորը էդպես բռնում, կալանավորում են։ Բայց էդ հայրը էս քաղաքի համար ինձ հետ միասին միլիոն դոլարների ներդրում է արել, Ամենափրկիչ եկեղեցին որ նայես, էդ 90 հազարն այդ եկեղեցու մի հինգ կիլոգրամ մեխի արժեք ունի էլի։ Էս ձևի սանձարձակ, գիտեք ինչ, եթե հաշիվ եք մաքրում, հաշիվ ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնիք, բան կա, արեք, ես պատրաստ եմ»,- ասել էր Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930