Բագրատ սրբազանի և մյուսների գործով՝ Հանրային մեղադրողները, ըստ գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի, ամեն անգամ զարմացնում են իրեն։
«Սկզբից, երբ թույլտվություն են ստացել, մեզ գաղտնալսել են, և հենց այդ գաղտնալսումից է սկսվել այս շինծու գործը։ Եկեք պարզենք՝ գաղտնալսումն օրինական է, թե ոչ։ Սա շատ տրամաբանական հարց է։ Եթե ձեր նախագահությամբ պարզվի, որ այս գաղտնալսումները անօրինական են եղել, մենք այստեղ անելիք չունենք»,- դատարանում հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ պաշտպանական կողմի միջնորդությունը գաղտնալսումների օրինականությունը քննարկելու վերաբերյալ մերժվում է հենց այդ պատճառով։
Նրա խոսքով՝ մեղադրողները խուսափում են ապացույցների ուսումնասիրությունից, քանի որ կարող է պարզվել, որ գաղտնալսումն անօրինական է եղել․
«Պատկերացրեք՝ վեց ամիս հետո անդրադառնում եք այդ հարցին, և պարզվում է, որ ամեն ինչ ապօրինի է եղել։ Ստացվում է՝ այս ինը ամիսը, որ այստեղ ենք, անիմաստ ենք անցկացրել, և ևս վեց ամիս էլ նույն կերպ կանցկացնենք»։
Կարդացեք նաև
Պատգամավորը նաև նշեց, որ, իր տպավորությամբ, իրականում քրեական գործ չկա, և այն պարզապես ձգձգվում է քաղաքական նպատակներով․
«Իշխանություններին պետք է մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ձգել այս շինծու գործը։ Հունիսի 7-ից հետո կթույլատրեն ապացույցների հետազոտությունը, և կպարզվի, որ գործ չկա։ Ծրագիր է, որ պետք է իրականացնեն․ մինչև հունիսի 8-ը սրբազանը պետք է մնա կալանքի տակ»։
Նա նաև հավելեց, որ ստեղծվում է տպավորություն, թե բոլոր որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը․
«Ինչպես ասում է, հերթականությունն այդպես է ընթանում»։
Արփինե Սիմոնյան


















































