Հայ-ռուսական համալսարանի լրագրության ամբիոնի ուսանողուհի Իզաբել Զաքարյանը հայկական տեղանունների թյուրքացման քաղաքականության թեմայով զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանի հետ։ Թուրքագետը ներկայացրել է գործընթացի պատմական հիմքերը, կիրառվող մեթոդները և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի մշակութային ինքնության ու անվտանգության վրա։
Ermenihaber.am–ը ներկայացնում է ամբողջական հարցազրույցը։
–Ադրբեջանն ու Թուրքիան վարում են հետևողական քաղաքականություն՝ վերանվանելու հայկական բնակավայրերը՝ դրանք փոխարինելով թյուրքական տարբերակներով։ Ձեր կարծիքով՝ արդյոք կարելի՞ է նման գործողությունները դիտարկել որպես տարածքային հավակնությունների դրսևորում Հայաստանի նկատմամբ։
-Տեղանունների թուրքացումը եղել է և շարունակում է մնալ Թուրքիայի իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության առանցքային բաղադրիչ: Այս գործընթացը, որը մեկնարկ է ստացել դեռևս 13-րդ դարից, ցույց է տալիս, որ ոչ միայն լեզվաբանական, այլև քաղաքական և մշակութային նկատառումները միշտ միտված են եղել տարածքային վերահսկողության և պատմական ժառանգության վերագրման ուղղությամբ: Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի վերջին երկու դարերի գործունեությունը փաստում են, որ տեղանունների թյուրքացումը ծրագրված ու կազմակերպված բնույթ է ունեցել: Սա ոչ միայն ժողովրդագրական կազմի փոփոխության քաղաքականություն է, այլև պատմագիտական ապացույց է այն մասին, թե ինչպես է պետությունը ձգտել վերահսկել մշակութային ինքնությունը և վերագրել պատմությունը՝ սեփական նախասիրությունների համաձայն։
Կարդացեք նաև
Հետևելով բազմափորձ «ավագ եղբոր» օրինակին, Ադրբեջանը հայկական տարածքներին տալիս է ադրբեջանական շինծու անվանումներ: Սա Հայաստանը թիրախավորող ծավալապաշտական քաղաքականության մաս է: Բազմաթիվ բնակավայրերի թյուրքացման գործընթացը, անկասկած, կապված է նաև ցարական Ռուսաստանի քարտեզների հետ, որոնց վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ հաճախ հղում է կատարում՝ անտեսելով ավելի վաղ գոյություն ունեցող բնիկ հայկական անվանումները: Իսկ երբ հնարավոր չէ որևէ տեղանվան հարցում կառչել թյուրքական տարբերակից, նրանք հորինում են անհեթեթ անվանումներ՝ փորձելով ևս մեկ անգամ ձևացնել պատմական և մշակութային վերահսկողությունը։
-Եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ թյուրքական տեղանունները հայկականցվել են, ինչպես պնդում են Ադրբեջանն ու Թուրքիան։
-Պատմական փաստերը ցույց են տալիս, որ ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի պնդումների՝ թյուրքական տեղանունների հայկականացումը չի եղել լայնածավալ կամ պետական ծրագրված գործընթաց: Շատ դեպքերում, եթե հայկական անուններ օգտագործվել են քարտեզներում կամ պաշտոնական շրջանառության մեջ, դրանք վերաբերում են պատմական հայկական բնակավայրերին և դրանց բնիկ անվանումներին, այլ ոչ թե թյուրքական անվանումների մասշտաբային փոխարինմանը: Հետևաբար, ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի, այդ պնդումները չեն կարող համարվել հիմնավոր և փաստացիորեն հաստատված քաղաքականություն։
–Ի՞նչ լեզվական սկզբունքով են ձևավորվում նոր անվանումները։ Օրինակ՝ հայկական անունների թուրքերեն թարգմանությա՞մբ, թե՞ ստեղծվում են նոր բառային ձևեր, որոնք կապվում են որևէ տեղական տարրի հետ։
-Նոր անվանումների ձևավորման գործընթացում կիրառվել են մի քանի մեթոդներ: Նախ՝ հայկական անունները թարգմանվել են խոսակցական թուրքերենով, ինչպես օրինակ՝ Տանձուտը դարձել է Armudlu: Սա նշանակում է, որ հին անունը պահպանվում էր միայն իմաստով։ Երկրորդ մեթոդը հին անվանումների ամբողջական փոփոխությունն էր նորերով։ Հատկապես քրիստոնեական սրբավայրերի անուններով կոչվող բնակավայրերը ստանում էին նոր անվանումներ: Կատարվել են նաև հայկական տեղանունների թուրքերեն ստուգաբանության փորձեր, երբ փորձվել է հարմարեցնել անունները ոչ միայն լեզվական, այլև քաղաքական պահանջներին՝ որոշ դեպքերում արդեն գրեթե պատմական կապ չունեցող ձևերով:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ իր բնակավայրերի անվանումների պատմական իսկությունը հաստատելու համար։ Արդյոք անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ գիտական հետազոտություններ, առաջ մղել այս թեման միջազգային հարթակներում, ներառել այն պետական պաշտոնական հռետորաբանության մեջ, թե՞ զարգացնել կրթական և տեղեկատվական նախաձեռնություններ երկրի ներսում։
– Հայաստանը պետք է բազմակողմանի մոտեցում ցուցաբերի՝ իր բնակավայրերի պատմական անվանումները պաշտպանելու և վերականգնելու համար: Առաջին քայլը՝ շարունակել և ընդլայնել գիտական հետազոտությունները, քանի որ անվանումները ոչ միայն լեզվական երևույթներ են, այլ պատմագիտական ապացույցներ են մեր մշակութային ինքնության ու պատմության համար: Երկրորդ՝ ակտիվորեն առաջ մղել այս թեման միջազգային հարթակներում, որպեսզի աշխարհը ճանաչի փաստացի իրավիճակը և հակազդի խեղաթյուրման փորձերին: Երրորդ՝ ներառել պատմական անվանումների թեման պետական պաշտոնական հռետորաբանության մեջ, որպես ազգային ինքնության և մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ: Եվ, վերջապես, զարգացնել կրթական և տեղեկատվական նախաձեռնություններ երկրի ներսում՝ դպրոցներում, համալսարաններում և հանրային ծրագրերում, որպեսզի քաղաքացիները ճանաչեն իրենց պատմական ժառանգությունը և կարողանան պաշտպանել այն։
-Կարելի՞ է տեղանունների ծագման փոփոխությունը մեկնաբանել որպես «փափուկ ուժի» գործիք։ Եթե այո, ապա որքանո՞վ է հավանական, որ նման քաղաքականությունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ճնշման գործիքի կամ նույնիսկ նոր ագրեսիայի Հայաստանի նկատմամբ։
-Այո, տեղանունների փոփոխությունը կարելի է դիտարկել որպես «փափուկ ուժի» գործիք: Երբ պետությունը պատմական անվանումները փոխարինում է իր ստեղծած անուններով, դա առաջին հերթին ազդեցություն է ունենում մշակութային ինքնության վրա ու ցույց տալիս, որ այդ տարածքը գտնվում է վերահսկողության տակ՝ առանց ուղղակի բռնություն կիրառելու: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, դրա ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ճնշման միջոց՝ մարդու իրավունքների, մշակութային արժեքների և նույնիսկ քաղաքական լծակների միջոցով: Սա անմիջապես զինված ագրեսիա չէ, բայց կարող է ստեղծել նախադրյալներ ապագայում տարածքային հավակնությունների կամ ավելի լուրջ ճնշումների համար։
-Նոր աշխարհագրական տերմինների հիմնավորման համար անհրաժեշտ է որոշակի գիտական հիմնավորում։ Հայտնի է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ուշադրություն են դարձնում տարբեր հետազոտությունների ստեղծմանը, որոնք ակտիվորեն օգտագործում են իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար։ Այս համատեքստում, Ձեր կարծիքով, Հայաստանը բավարար ուշադրություն դարձնո՞ւմ է նման հարցերին՝ հաշվի առնելով մշտական սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունը։
-Իհարկե, նոր աշխարհագրական տերմինների հիմնավորման համար գիտական աշխատանքներն առանցքային են: Թուրքիան և Ադրբեջանը մեծ ուշադրություն են դարձնում նման հետազոտություններին՝ դրանք օգտագործելով իրենց դիրքորոշումը ամրապնդելու համար: Հայաստանի իրավիճակը որոշ չափով համեմատելի չէ, և կարելի է ասել, որ մեր գիտական և ինստիտուցիոնալ հնարավորությունները այս հարցերում դեռ լիարժեք չեն օգտագործվում: Մշտական սպառնալիքների պայմաններում անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ուսումնասիրություններն ու գիտական հիմքերը, այլև ակտիվորեն օգտագործել դրանք միջազգային հարթակներում, պետական հռետորաբանության մեջ և կրթական ծրագրերում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր պատմական ժառանգությունը։
-Կարելի՞ է այս ամենը դիտարկել հայրենասիրության համատեքստում։ Թուրքիայում այն, թերևս, այնքան զարգացած է, որ այդ երկրի համար չափազանց կարևոր է պաշտպանել իր արժեքներն ու մշակութային ինքնությունը, նույնիսկ եթե մշակույթի որոշ տարրեր փոխառված են, օրինակ՝ հենց Հայաստանից։
Այո, այս ամենը հաճախ ներկայացվում է որպես հայրենասիրություն, սակայն իրականում այն ավելի շատ պետականորեն ուղղորդված քաղաքականություն է: Թուրքիայում և Ադրբեջանում «հայրենասիրությունը» հաճախ օգտագործվում է ոչ թե սեփական մշակույթը պահպանելու, այլ ուրիշների պատմությունն ու մշակութային ժառանգությունը վերագրելու և ձևախեղելու համար:
Երբ ակնհայտորեն հայկական ծագում ունեցող մշակութային տարրերը ներկայացվում են որպես իրենց սեփականը, իսկ պատմական տեղանունները փոխարինվում են արհեստական անվանումներով, դա արդեն ոչ թե առողջ հայրենասիրություն է, այլ պատմության միտումնավոր վերաշարադրում:
Այսինքն՝ այստեղ գործ ունենք ոչ թե արժեքների պաշտպանության, այլ քաղաքական նպատակներով կիրառվող գործիքակազմի հետ, որն ուղղված է թե՛ ներքին համախմբմանը, թե՛ արտաքին մակարդակում պատմական իրականության աղավաղմանը։
– Ոչ պակաս կարևոր է նաև խոսակցական-կենցաղային մակարդակում թուրքական փոխառությունների օգտագործման հարցը։ Հաճախ թուրքաբանությունները կիրառվում են հայկական բարբառներում։ Ըստ Ձեզ, դա ժամանակի ընթացքում կարո՞ղ է խնդիր առաջացնել և օգտագործվել Թուրքիայի կողմից որպես փաստարկ՝ հիմնավորելու հայկական բնակավայրերի իրենց անվանումները։
-Խոսակցական լեզվում թյուրքական փոխառությունների առկայությունը ինքնին պատմական բնական գործընթաց է, քանի որ տարածաշրջանը երկար ժամանակ գտնվել է տարբեր մշակույթների ազդեցության ներքո: Սակայն դա չի կարող դիտարկվել որպես հիմնավորում՝ հայկական տեղանունների ծագումը կասկածի տակ դնելու կամ դրանք թյուրքական ներկայացնելու համար:
Իհարկե, եթե այս երևույթը անտեսվի և չվերահսկվի, տեսականորեն կարող է օգտագործվել որպես քարոզչական գործիք՝ փորձելով ցույց տալ, թե իբր այդ տարածքներում թյուրքական ազդեցությունն առաջնային է եղել: Բայց պետք է հստակ նշել, որ խոսակցական փոխառությունները և պատմական տեղանունները տարբեր հարթություններում են գտնվում: Տեղանունները ձևավորվում են դարերի ընթացքում և հանդիսանում են պատմագիտական կարևոր փաստեր, մինչդեռ լեզվական փոխառությունները հաճախ պարզապես հաղորդակցման արդյունք են:
Այսինքն՝ նման փորձերը ավելի շատ քաղաքական շահարկումներ են, քան գիտականորեն հիմնավորված մոտեցումներ։
-Ինչպես հայտնի է, Հակոբ Մարթայանը, որին Աթաթուրքն անվանել է Դիլաչար, ստեղծել է ժամանակակից թուրքերենը և դրա մեջ ներմուծել մեծ քանակությամբ հայկական բառեր։ Այսօր ինչպիսի՞ն է հայերենից փոխառությունների կիրառումը թուրքերենում։ Եթե համեմատենք, փոխառությունների տոկոսը ավելի՞ մեծ է թուրքերենում, թե՞հայերենում։
Լեզվաբան Հակոբ Մարթայանը կարևոր դեր է ունեցել ժամանակակից թուրքերենի ձևավորման մեջ, և այդ գործընթացում ներմուծվել են բազմաթիվ բառեր, այդ թվում՝ հայերենից: Ըստ լեզվաբան Հրաչյա Աճառյանի տվյալների, թուրքերենից հայերեն անցած փոխառությունների թիվը կազմում է շուրջ 4000 բառ, ինչը ցույց է տալիս փոխառությունների լայնածավալ ներթափանցումը մեր լեզվում: Իսկ հայերենից թուրքերեն անցած բառերի թիվն անհամեմատ փոքր է՝ շատ ավելի սահմանափակ և տարածված հիմնականում կենցաղային կամ մասնագիտացված ոլորտներում:
-Ներկայում որքանո՞վ է հայկական տեղանունների թյուրքացումը խնդիր Հայաստանի համար։ Կարելի՞ է դա դիտարկել որպես մշակութային ցեղասպանություն։
-Հայկական տեղանունների թյուրքացումն այսօր շարունակում է մնալ լուրջ խնդիր Հայաստանի համար: Տեղանունները պահում են ոչ միայն պատմությունը, այլև մշակութային ինքնությունը, և դրանց խեղաթյուրմամբ փորձում են այլ պետություններ վերագրել հայկական ժառանգությունը: Դրան կարելի է մոտենալ որպես մշակութային ցեղասպանության տեսակետից, քանի որ նպատակն է ոչնչացնել կամ տեղաշարժել մշակութային և պատմական ինքնությունը՝ առանց ուղղակի ֆիզիկական բռնության: Այս գործընթացը սպառնում է ոչ միայն պատմական ճշմարտությանը, այլև երկարաժամկետ ազդեցություն է ունենում հայ մշակույթի ու ինքնության վրա:
-Ի՞նչ «փափուկ ուժի» գործիքներ է Թուրքիան ակտիվորեն կիրառում Հայաստանի նկատմամբ։ Կարելի՞ է թուրքական աղբյուրներից եկող հիբրիդային սպառնալիքները դիտարկել որպես նման քաղաքականության դրսևորում։ Վերջին շրջանում բավականին շատ ապատեղեկատվական արշավներ Հայաստանի դեմ տարածվում են հենց թուրքական կայքերի կամ լրագրողների կողմից։
-Թուրքիան Հայաստանի նկատմամբ ակտիվորեն կիրառում է մի շարք «փափուկ ուժի» գործիքներ՝ մշակութային, տեղեկատվական և քաղաքական ուղղություններով: Մասնավորապես, դա ներառում է պատմության և մշակութային ժառանգության վերագրումը, տեղանունների թուրքացումը, ինչպես նաև միջկառավարական ու լրատվական հարթակներում ազդակների և քարոզչության տարածումը:
Թուրքական աղբյուրներից եկող հիբրիդային սպառնալիքները, իհարկե, կարելի է դիտարկել որպես այդ քաղաքականության մի դրսևորում: Վերջին շրջանում տեսնում ենք բազմաթիվ ապատեղեկատվական արշավներ, որոնք ակտիվորեն տարածվում են թուրքական կայքերի, լրատվամիջոցների և լրագրողների միջոցով՝ ուղղված Հայաստանի նկատմամբ միջազգային պատկերացումները ձևավորելուն և երկրի հեղինակությունը թուլացնելուն:
Այս ամենը ցույց է տալիս, որ «փափուկ ուժը» քաղաքականությունը կիրառվում է համակարգված, երկարաժամկետ ռազմավարությամբ, և դրա ազդեցությունը չի սահմանափակվում միայն տեղեկատվական հարթակներով, այլ ընդգրկում է նաև քաղաքական ու մշակութային ոլորտները։
Աղբյուր՝ Ermeni Haber


















































