Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու լավ կամ վատ տրամադրությունը կարող է կախված լինել նրա աղիներում տեղի ունեցող գործընթացներից

Ապրիլ 03,2026 09:30 Share

Երբեմն այն, ինչ կատարվում է մեր գլխում, ֆիզիկական դրսևորում է գտնում մեր որովայնում, և՝ հակառակը։ Գիտականորեն ապացուցված է, որ հստակ հաղորդակցություն կա աղիների ու գլխուղեղի միջև․ ահա թե ինչու են մարսողական համակարգի խնդիրներն հաճախ ազդում մարդու տրամադրության վրա։

Ինչպե՞ս է աշխատում «աղիներ-գլխուղեղ» առանցքը․ մարսողական համակարգի լորձաթաղանթը պատված է տրիլիոնավոր մանրէներով ու այլ միկրոօրգանիզմներով, որոնք էլ ձևավորում են աղիքային միկրոբիոմը։ Ինչպես նշում է Հարվարդի բժշկական դպրոցի իմունոլոգիայի բաժնի դոցենտ Ջուն Հուն, աղիների հյուսվածքները նաև հագեցած են իմունային բջիջներով, որոնք տեղափոխվում են ողջ օրգանիզմում։

Աղիքային բորբոքում է առաջանում, երբ աղիների լորձաթաղանթը գրգռվում է այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են վարակները, սթրեսը, գերվերամշակման ենթարկված մթերքների օգտագործումը, ալերգիան, ալկոհոլի չարաշահումը, ժառանգականությունը, նաև որոշ հիվանդություններ, այդ թվում՝ աղիների բորբոքային հիվանդությունները։ Այս ամենն ազդում է գլխուղեղի վրա մի շարք ուղիներով․

Խթանում է իմունային պատասխան․ աղիների իմունային բջիջներն արյան հոսքով հասնում են գլխուղեղին՝ տագնապի ազդակներ հղելով, ինչն էլ փոփոխության է ենթարկում գլխուղեղի այն ազդակները, որոնք պատասխանատու են տրամադրության համար։

Այդպիսով խաթարվում է տրամադրությունը կարգավորող քիմիական նյութերի աշխատանքը։ Տրամադրության համար պատասխանատու հորմոններից սերոտոնինն, օրինակ, թեև հայտնի է որպես գլխուղեղի քիմիական նյութ, մեծամասամբ արտադրվում է մարսողական համակարգում։ Բորբոքումը կարող է փոփոխության ենթարկել աղիներում սերոտոնինի ու գլխուղեղի այլ քիմիական նյութերի արտադրությունը։

Դրանից փոփոխվում է միկրոբիոմը։ Մարսողական համակարգում բորբոքման դեպքում ճնշվում է «լավ» մանրէների բազմացումը, և վնասակար միկրոօրգանիզմներն ավելանալով՝ շղթայական ռեակցիա են առաջացնում՝ խաթարելով աղիներ-գլխուղեղ հաղորդակցությունը։

Դա ազդում է աղիների և գլխուղեղի նյարդային ուղիների վրա։ Գլխուղեղն ունի հատուկ ճանապարհներ, ինչպիսին թափառող նյարդն է, որն ապահովում է գլխուղեղի և այլ օրգանների կապն աղիներին ազդակներ փոխանցելու և աղիներից ազդակներ ստանալու համար։ Ի տարբերություն իմունային բջիջների, այդ նյարդային կապերը շատ ուղղակիորեն են գործում։

Հետազոտություններում գիտնականները սկսել են ավելի հաճախ ուսումնասիրել մարդու հուզական վիճակի և աղիների միկրոբիոմի միջև կապն ու բորբոքման դերն այդ գործընթացում։

Psychological Medicine ամսագրում հրապարակված 2023 թ․-ի հետազոտության համաձայն՝ աղիքային որոշ բակտերիաներ նպաստում են դրական հույզերի առաջացմանը։ Ջուն Հուի խոսքով՝ այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ աղիների միկրոբիոմի խանգարումները կարող են առաջացնել բացասական հույզեր՝ տագնապ, տխրություն, ճնշվածության զգացում, գրգռվածություն։

«Տրամադրությունը կարող է մեծապես կախված լինել նրանից, թե ինչ է տեղի ունենում աղիներում», -ասում է նա՝ ենթադրելով, որ ապագայում գուցե պարզվի, որ մարդու բնավորության շատ առանձնահատկություններ մասամբ կարող են պայմանավորված լինել նրա աղիների կառուցվածքով։

Սովորություններ, որոնք նպաստում են աղիներում բորբոքային գործընթացների նվազեցմանը և ընդհանուր առմամբ բարելավում մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջությունը

  • Կանոնավոր մարզվելը․ ֆիզիկական ակտիվությունն օգնում է աղիքային միկրոբիոմում բակտերիաների ու այլ միկրոօրգանիզմների արդյունավետ հավասարակշռության պահպանմանը։
  • Լիարժեք քունը․ քնի անբավարարությունը ավելացնում է բորբոքման մակարդակն ամբողջ օրգանիզմում։
  • Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված մթերքների օգտագործումը։ Այդպիսիք են համարվում ամբողջահատիկավորները, լոբազգիները, ընդեղենն ու սերմերը, մրգերը, կանաչ տերևավոր բանջարեղենը, խաչածաղկավորները, օգտակար յուղերը։
  • Ոգելից խմիչքների օգտագործման կրճատումը, քանի որ ալկոհոլն ինքնին բորբոքում է առաջացնում։
  • Սթրեսի կառավարումը․ այստեղ արդեն սթրեսից ձերբազատման մեթոդներից որևէ մեկի ընտրությունը խիստ անհատական է, կարևորը գտնել այն միջոցը, որը հնարավորինս թույլ կտա ձերբազատվել սթրեսից ու դրա բացասական ազդեցություններից։

Աղբյուր՝ Հարվարդի բժշկական դպրոց

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930