Լրահոս
Օրվա լրահոսը

Արդի պատմության մեջ առաջին անգամ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը ունեն եվրոպական շոշափելի հեռանկար, թեեւ այն նաեւ խոցելի է. Գեորգի Գախարիա. «Ազգ»

Ապրիլ 03,2026 11:33 Share

Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»: Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia-ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է: «Վրաստանը եւ Հայաստանը դեպի Եվրոպա ընթանում են տարբեր ուղիներով, սակայն ռազմավարական առումով փոխկապակցված են», գրում է Վրաստանի նախկին վարչապետը եւ պահանջում, որ «Եվրամիությունն այժմ ապահովի տարածաշրջանային կայունությունը եւ հետ մղի Ռուսաստանի ազդեցությունը»:

«Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ, այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր նախագահ Գախարիան, որ 2025-ից ի վեր իր երկրից արտաքսված ապրում է Բեռլինում, գրում է՝ «Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական վճռորոշ խաչմերուկում է: ԼՂ հակամարտության ավարտից հետո, Ռուսաստանի տկարացած դիրքը, նրա սխալ հաշվարկած ներխուժումը Ուկրաինա, Եվրոպայի վերաներգրավվածության հետ միասին ստեղծել են տարածաշրջանը վերաձեւավորելու հազվադեպ հնարավորություն: Արդի պատմության մեջ առաջին անգամ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանն ունեն եվրոպական շոշափելի հեռանկար, թեեւ այն նաեւ խոցելի է: Սակայն հենց հիմա նրանց ուղիները սկսում են տարանջատվել՝ տարածաշրջանի համար լայնածավալ հետեւանքների հնարավորություն ստեղծելով»: Գախարիան ընդգծում է, որ «տասնամյակներ ի վեր Վրաստանը եղել է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման առաջատարը, ստորագրել է ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ ազատ առեւտրի գոտին, հասել է վիզաների ազատականացման եւ ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Տարիներ ի վեր Վրաստանն է դիտարկվել՝ որպես եվրոպական այլընտրանք Հայաստանին, մի երկիր, որ թվում էր Ռուսաստանի ազդեցության տիրույթում էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը սկսել է զգուշավոր, սակայն կայուն մերձենալ Եվրոպային: 2021 թվականի գործընկերության համաձայնագիրը (CEPA) շրջադարձային էր եւ ստեղծեց ավելի սերտ համագործակցության հիմք»: Վրաստանի նախկին վարչապետի գնահատմամբ, այժմյան մտահոգիչ զարգացումները ստվերում են իր երկրի ձեռքբերումները:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930