Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվականի Youtube-յան ալիքի ուսումնասիրություն
Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքն ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ալիքի Youtube հարթակը։ Որպես ուսումնասիրության ժամանակահատված ընտրվել է 2026 թվականի մարտի 9-29-ը։
Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 140 հրապարակում, որոնցից 18-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են Youtube հարթակում։ 140 հրապարակումից 84-ը ենթադրում են պետական մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ և այլն) գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ, որոնք կախված չեն խմբագրական ընտրությունից կամ քաղաքական սուբյեկտներից։ Մյուս 56 հրապարակումները քարոզչական բնույթի են՝
- 42 հրապարակում (30%) կրել են քարոզչական բնույթ կամ պարունակել են քարոզչական տարրեր, որոնցից 39-ում հիշատակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 7-ում՝ «Հայաստան» դաշինք, 6-ում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, 2-ում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը և մեկական անգամ Մայր Հայաստան, Հայաքվե, Հայ ազգային կոնգրես, Ապրելու երկիր, Ռեֆորմիստներ և Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն։
- 14 հրապարակում (10%) չեն հանդիսացել անմիջական քարոզչություն, բայց ունեցել են քարոզչական ենթատեքստ, որոնցից 13-ում հիշատակվել է ՔՊ-ն, 2-ում՝ Ուժեղ Հայաստանը և 1-ական հրապարակումներում՝ Միասնության թևերը, «Հայաստան» դաշինքը և Ռեֆորմիստները։
Դիտարկման արդյունքները վկայում են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն պարտավոր են հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրեն թե խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), թե կարծիքների բազմազանությունը:
Ավելին այստեղ
Անկախ դիտորդ


















































