«Նախընտրական շրջանում շատ հաճախ են լինում ատելության դրսեւորումներ, եւ կարծես թե ՀՀ օրվա իշխանությունների համար արդեն հստակ է, որ ձախողումների համար կան հիմնական մեղավորներ։ Այդ մեղավորներից են ազգային ինքնություն կրող տարրերը՝ արցախցիները, Հայ Առաքելական եկեղեցին ու ազգային կառույցները»,- Արցախի հանրային խորհրդի կազմակերպած արցախցիների նկատմամբ ատելության խոսքի եւ խտրական վերաբերմունքի դրսեւորումների թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։
Նա նշեց, որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեպքում մի քանի փորձ եղել է, որ հաղորդում են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու համար, սակայն մերժվել է, ի տարբերություն այլ դեպքերի, երբ, օրինակ, իշխանությունների նկատմամբ է ատելության խոսք տարածվել։
«Ոչ միայն կա ատելության խոսք, այլ նաեւ կա ատելության խոսույթ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք հիմնական նարատիվները՝ անշնորհակալ լինելու, փախնելու, զինվորներին մի բաժակ ջուր չտալու, Հայաստանը չսիրելու մասին։ Միշտ կարող ենք տեսնել, որ այդ խոսույթը համակարգված առաջ է տարվում կա՛մ օրվա իշխանությունների հայտարարություններից հետո, կա՛մ նախորդում է նման հայտարարություններին։ Բլոկադայի օրերից էլ հիշում ենք, որ առաջին տիկինն էր մեղադրում արցախցիներին, ասում էր՝ դուք չեք թողնում, որ ես միջոցառում անեմ, ձեր երեխաներին եք օգտագործում, որ շրջափակման դեմ պայքարեք, ձեզ հասնում է։ Վերջին օրինակը Նիկոլ Փաշինյանի ասածն էր՝ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ հանձնել։ Այսինքն՝ այն, որ այս նարատիվները մենք շատ հաճախ լսում ենք իշխանությունների կողմից եւ տեսնում ենք, որ որոշ իրադարձություններին նախարդում կամ հաջորդում են, կարող ենք հստակ ֆիքսել, որ արցախցիների նկատմամբ ատելության քարոզը համակարգված գործընթաց է ՀՀ իշխանությունների կողմից»,- նշեց նա։
Նարե Սիմոնյանն անդրադարձավ նաեւ արցախցիների քաղաքացիության հարցին, ասաց, որ արցախցիներն ունեցել են ՀՀ անձնագիր, այդ անձնագրով աշխատել են տարբեր հաստատություններում։ «Միակ բանը, որը միշտ նշվում էր, այն էր, որ արցախցիները ՀՀ-ում համապետական ընտրություններին չէին կարողանում մասնակցել։ 2021 թվականին ունենք 124 դեպք, երբ արցախցիներն իրենց արցախյան գրանցումով եւ իրենց 070 կոդով անձնագրով դիմել են դատարան՝ ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու, իրենց իրավունքը վերկանգնելու համար, եւ բոլոր 124 դեպքերում արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելը հաստատվել է, նրանց տրվել է իրավունք՝ մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ այդ ճամփորդականա անձնագիր տերմինը հորինվածք է, սա ոչ պաշտոնական տերմին ունի՝ փախստականների նկատմամբ իրավական բռնություն»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ըստ Նարե Սիմոնյանի՝ պատրաստ են աջակցել այն արցախցիներն, որոնց թույլ չեն տա իրենց քաղաքացիությունը հավաստող 070 կոդով անձնագրով մասնակցել ընտրություններին։ «Այո, նորից պետք է դիմենք դատարան՝ ընտրական իրավունքը վերականգնելու պահանջով։ Եթե դատարանները 2021-ին 124 դեպքով բավարարել են դիմումները, այս դեպքում չեն բավարարի, մենք ամեն դեպքում պետք է ֆիքսենք, որ դիմել ենք, եւ անհասկանալի պատճառներով այս անգամ չեն բավարարվել։ Այսինքն՝ ամեն դեպքում իրավական գործընթացները եւ այստեղ, եւ միջազգային հարթակներում պետք է շարունակվեն»,- ասաց նա։
Նարե Սիմոնյանի խոսքով՝ բավական չէ, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց չի կատարել իր պարտականությունները եւ չի պայքարել արցախցիների հավաքական իրավունքների պաշտպանության համար, հիմա էլ տեսնում ենք, որ արցախցիների իրավունքների իրացմանը խոչընդոտում են. «Երբ արցախցիները խոսում են վերադարձի իրավունքից, մենք տեսնում ենք այդ ատելության խոսքի թեզը, տարբեր հարթակներում Արցախյան շարժան փակման մասին հայտարարությունները»,- հավելեց նա։
Նարե Սիմոնյանի խոսքով՝ ատելության գործիքները կիրառելով՝ իշխանությունները փորձում են իրենց ընտրազանգվածը մոբիլիզացնել՝ տարբեր թշնամիներ հորինելով ու այդ թշնամիների դեմ համախմբվելով ու պայքարելով։ «Անշնորհակալ լինելու խոսույթը հաճախ կիրառվում է, երբ իշխանություների դեմ է խոսք հնչում։ Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ եթե արցախցին դժգոհ է օրվա իշխանություններից, ապա նա նաեւ դժգոհ է ամբողջ հայ ժողովրդից, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































