Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա հարյուր տարում ջուրը դառնալու է ամենաարժեքավոր և ռազմավարական բնական ռեսուրսը։ Էրդողանն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Պետության ջրային կառավարման գլխավոր վարչության» կողմից կառուցված ջրային կառույցի բացման արարողությանը:
Վերջինս նաև հավելել է, որ եթե նախորդ դարում պայքարը նավթի և ածխածնային վառելիքների համար էր, ապա ապագայում այն լինելու է ջրային ռեսուրսների համար։ Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխությունները, երաշտը, բնակչության աճը և ուրբանիզացիան մեծացնում են ճնշումը ջրային պաշարների վրա։ Այդ համատեքստում Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ Թուրքիան դասվում է «ջրի սթրես» ունեցող երկրների շարքին:
Ջրի սթրեսը (ջրային սթրես) քաղցրահամ ջրի պահանջարկի և առկա պաշարների միջև անհամապատասխանությունն է։ Դա այն դեպքն է, երբ ջրառը գերազանցում է վերականգնվող աղբյուրները:


















































