Լրահոս
Օրվա լրահոսը

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը պնդում է, որ դեպքի զննության ապացույց-տեսանյութերը բեմադրված են

Ապրիլ 03,2026 18:06 Share

«Հարգելի դատարան, էս վիդեոն որ կա, զենքի տեղը ցույց տալու եւ էդ դաշտամիջյան ճանապարհը՝ գալ-գնալու, ասեմ, որ մինչեւ ինձ քննչական ուղղարկելը, կալանավորումից մի օր առաջ, ինձ տարան էդ զենքի տեղը ու էդ դաշտամիջյան ճանապարհը ցույց տալու։ Դրանից հետո, երբ որ ես արդեն իմացա զենքի ու դաշտի տեղը ու ոնց ա եղել երեւի ճանապարհը՝ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ հասնել ու հետ գնալու, էդ ամեն ինչն իմանալուց հետո, ինձ տարել են Էջմիածնի ոստիկանություն, գործողություններ ա արվել, դրանից հետո նոր ինձ ուղղարկել են քննչական։ Դրանից հետո, նոր ես իրանց հետ եկել եմ ու ցույց եմ տվել զենքի տեղը։ Նույն ձեւ, որ տեսահալովակ կա՝ ճանապարհը ցույց տալու, դաշտերը, բանը․․․, դրանից հետո Մերձավան գյուղն ա գալիս, դե Մերձավան գյուղում էլ ապրել եմ քանի տարի, տեղյակ եմ ճանապարհներից։ Ու ասեմ, որ դրանից հետո լիքը բաներ էլ կա, որ չի նկարվել ընթացքում»,- այսօր դատարանում հայտարարեց Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը ։

Դատարանն արձանագրեց, որ մեղադրյալի հայտարարությունը հստակություն չի պարունակում, ուստի ինքը քայլեր չի նախաձեռնում։ Գեւորգ Հարությունյանն ասաց, որ ավելի մանրամասն կասի իր ցուցմունքում․ «Ո՞վ, ե՞րբ, ո՞նց ու ի՞նչ»։

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Փարաքար համայնքի սպանված քաղաքապետ Վալոդյա Գրիգորյանի գործի քննությունը։ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Գեւորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանը, հիշեցնենք, չեն ընդունում մեղադրանքը, պնդում են՝ սպանության հետ կապ չունեն։ Հիշեցնենք նաեւ, որ դատարանը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։

Դատարանն այսօր հետազոտեց 2025 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 06․12-ին տեղի ունեցած դեպքի վայրի զննության տեսագրությունը՝ մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի մասնակցությամբ։ Ըստ տեսագրության՝ զննությունն իրականացվում էր ինքնաձիգը հայտնաբերելու նպատակով։ Զննության արդյունքում, Մերձավանում, դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվում է ինքնաձիգը եւ կրակած 10 փամփուշտներ։ Փամփուշտանոցը դատարկ է, ինքնաձիգը՝ բավական վատ վիճակում։

Գեւորգ Հարությունյանը տեսանյութում պատմում է, որ ինքնաձիգի տեղը միայն ինքն է իմացել, ինքն է այն թաքցրել, իսկ մինչ այդտեղ թաքցնելը, ինքնաձիգը թաքցրել է Մերձավան գյուղի իր տան գարաժում․ «Կատարել եմ այդ հանցագործությունը․․․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը․․․ սեպտեմբերի 23-ին է դեպքը տեղի ունեցել, Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տան դիմաց, Փարաքար համայնքում, Մերձավան գյուղում։ Էս ինքնաձիգով սպանել եմ Վալոդյա Գրիգորյանին եւ Կարեն․․․ ազգանունը չեմ հիշում եւ վիրավորել Արծրուն Գալստյանին»։ Գեւորգ Հարությունյանը նաեւ ասում է, որ շատ ցավում է Կարենի մահվան եւ Արծրունի վիրավորման համար, քանի որ՝ «ես կոնկրետ Վալոդյա Գրիգորյանին եմ ուզել․․․»։ Սպանության դրդապատճառ նա նշում է 2025 թվականի փետրվար ամսին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանությունը, որի արդյունքում սպանվեց Գրիգոր Օհանյանը՝ իր մտերիմ ընկերը․ «Էդ կռուգի (նկատի ունի վիճաբանողներին-Ն․ Գ․) գլուխը եղել է Վալոդյա Գրիգորյանը»։

Մեղադրյալը մանրամասնում է՝ երբ Վալոդյա Գրիգորյանը, Կարեն Աբրահամյանը եւ Արծրուն Գալստյանը դուրս են եկել Վալոդյա Գրիգորյանի կիսակառույց տնից, ինքը նրանց ընդառաջ է վազել եւ վազելով կրակել։ Պատմում է՝  նախ կրակել է Արծրունի եւ Կարենի ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան Վալոդյա Գրիգորյանին օգնության հասնել։ Բայց Կարենը ձեռքը ետ է տարել՝ «չգիտեմ, թե ինձ վախեցնելու համար, թե փախնելու շարժում էր․․․ կրակահերթ բացեցի իրենց վրա»։ Երկու անգամ կրակահերթ բացելուց հետո, մեղադրյալը փախել է դեպի դաշտավայր, հետո հետ եկել, տեսել է, որ Վալոդյա Գրիգորյանի աչքերը փակ են, բայց դեռ շնչում է․ նորից է կրակահերթ բացել։ Ապա պահել է զենքը՝ առվի մոտ, փոխել հագուստը եւ գնացել։

Հաջորդ տեսանյութի զննությունից հետո էլ Գեւորգ Հարությունյանը հայտարարեց․ «Հարգելի դատարան, էդ նույն հանգամանքով, էդ որ ասել էի, թե ինչի համար եմ էս ամեն ինչը վերցրել իմ վրա, մի քանի դատ առաջ, որ ասեցի․․․ էդ նույն հանգամանքով տարել էս տեղն եմ ցույց տվել․ ինքն իրենցի ներկայացնում ա սուտ ու անիմաստ տեղ, հորինված է, որ ես իբր ըտեղ եմ պարապել, կրակել սովորել։ Ինչի՞ համար եմ էդ ամեն ինչ արել, որովհետեւ դե ոչ ծառայել եմ, ոչ էլ զենք եմ կիրառել, դե մի բան ըտենց պետք ա խաբեի, մի բան ասեի, որ իբր ըտենց եմ կրակել սովորել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930