Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձում է սիրաշահելով հասնել նրան, որ Ռուսաստանը հրաժարվի երկաթուղու կոնսեսիոն կառավարումից»

Ապրիլ 06,2026 12:00 Share

 «Ակնհայտ է, որ այս ընտրություններում շատ մեծ խաղադրույք է կատարել Մոսկվան»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։

Ըստ քաղաքագետի՝ այդ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ցանկալի կլիներ, որ պրոռուսական քաղաքական գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին, նրանցից ոմանք չնայած ռուսական անձնագրի առկայությանը, անազատության մեջ են, առաջին հերթին վերաբերում էր Սամվել Կարապետյանին․ «Վլադիմիր Պուտինը փորձում էր Նիկոլ Փաշինյանին հասկացնել կամ ճնշում գործադրել նրա վրա, որ Սամվել Կարապետյանը նույնպես հնարավորություն ունենա մասնակցել այդ ընտրություններին՝ չնայած նրա անունն անվանապես չնշեց»։

Մեր այն հարցին՝ արդյոք այն, որ ԱՄՆ փոխնախագահը փաստացի աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ այցի ժամանակ նշելով, որ «եթե իմ աջակցությունն ինչ-որ բան նշանակում է, ապա Նիկոլ Փաշինյանն անկասկած ունի այն», կամ ԵՄ-ից հնչող աջակցության հայտարարությունները չեք համարո՞ւմ, որ մեկ նժարի վրա գտնվող երևույթներ են և արդյոք սա վտանգավոր չէ՞ ՀՀ-ի համար, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց․ «Վտանգավոր լինի, թե՝ ոչ, ակնհայտ է, որ ՀՀ-ում որոշ ուժեր վայելում են Արևմուտքի հովանավորությունը, որոշները՝ ՌԴ-ի»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցը, քանի որ կարծիքներ կան, որ նա գնացել էր Մոսկվա առաջիկա ընտրություններին ընդառաջ ՌԴ-ից հաստատումներ ստանալու և ռուսամետ ընտրազանգվածին ցույց տալու, թե լոյալություն ունի ՌԴ-ի հանդեպ՝ իր վարկանիշի անկման համատեքստում, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Չեմ կիսում այդ կարծիքները։ Այո, վարկանիշի կորուստ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց դա կապված չէ նրա վարած արտաքին քաղաքականության հետ։ Այն ավելի շատ կապված է Նիկոլ Փաշինյանի վարած ներքին քաղաքականության հետ։ Պարգևավճարների թեման, ազատ դատական համակարգի չկայացվածության հարցերը, բազմաթիվ խնդիրների հետ կապված իրենք վարկանիշի անկում ունեցել են, բայց դա կապված չէ Ռուսաստանի հանդեպ ՀՀ-ի վարած քաղաքականության հետ։ Ավելին, ՌԴ-ի հանդեպ քաղաքականության որոշ դրվագներով նույնիսկ նա կարողանում է ընտրողներ իր կողմը քաշել։ Մարդիկ, որոնք այնքան էլ ուրախ չեն նրա վարած ներքին քաղաքականությամբ, պատրաստ են նրա օգտին քվեարկել՝ հաշվի առնելով, որ նա ընդդիմանում է Պուտինին, խոսում է ԵՄ-ի անդամ դառնալու մասին։ Այնպես որ, սա չէի համարի այց, որ վարկանիշը բարձրացնի»։

Ըստ քաղաքագետի՝ այցի առաջնային նպատակն էր երկու երկրների հարաբերություններում առկա որոշ հարցերի լուծումը՝ մասնավորապես երկաթուղու կոնսեսիայի հետ կապված․ «Այո, ՌԴ-ն  հայտարարել է, որ չի հանձնելու կոնսեսիոն կառավարումը, բայց ՀՀ-ն փորձում է սիրաշահելով հասնել նրան, որ ՌԴ-ն հրաժարվի կոնսեսիոն կառավարումից։ Հարցն այն է՝ երբ ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը ստորագրվեց, այժմ նաև ռեալ հնարավորություն կա, ԵՄ-ն պատրաստ է մեծ գումարներ ծախսել հայկական երկաթուղու արդիականացման համար, որ այն Նախիջևանից անցնի Երասխ, Ախուրիկի հատված և նոր միանա Թուրքիային։ Այսպիսով հայկական երկաթուղին կարող է մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումներ ստանալ, սակայն եվրոպական կողմը պատրաստ չէ ներդրումներ անել մի կազմակերպության մեջ, որի կառավարումը գտնվում է ՌԴ-ի վերահսկողության տակ։ Ամբողջ հարցը սա է, որ ՀՀ-ն ուզում է՝ երկաթուղու կոնսեսիոն կառավարումը վերցնել ՌԴ-ի ձեռքից։ Կա երկու տարբերակ՝ մեկը կոպիտ ձևով վերցնել, ինչպես եղավ ՀԷՑ-ի դեպքում, այդ դեպքում դատախազությանը կարելի է ուղարկել Հարավկովկասյան երկաթուղու գործերի ուսումնասիրությունը, վստահ եմ՝ այնտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումներ կգտնվեն, և կոնսեսիոն պայմանագիրը խախտելու հիմքով վերցնել երկաթուղու կառավարումը։ Երկրորդը՝ փորձել ՌԴ-ին  սիրաշահել, համոզել և հասնել նրան, որ ՌԴ-ն հրաժարվի կոնսեսիոն կառավարումից՝ թեկուզ դրա իրագործումը կատարվի երկու երկրներին բարեկամ երկրների միջոցով՝ Ղազախստան, ԱՄԷ։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում ՌԴ-ի հետ առանց այն էլ սրված հարաբերություններն ավելի սրել, փորձում է համոզելով հարցը լուծել, փոխադարձ շահ գտնելով՝ հասնել նրան, որ ՌԴ-ն հրաժարվի երկաթուղու կոնսեսիոն կառավարումից»։ Արմեն Վարդանյանը, հղում կատարելով Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, նշեց՝ սրանով ՌԴ նախագահն ուզում է ասել՝ եթե գնաք Եվրոպա, շատ խնդիրներ եք ունենալու ձեր տնտեսության մեջ։

Հետաքրքրվեցինք՝ ընտրություններն են մոտենում, հնարավո՞ր է լարվածության աճ, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Որքան մոտենան ընտրությունները, լարվածությունն ավելի է մեծանալու։ Սակայն չեմ կարծում, որ հարցերը դուրս կգան վերահսկողությունից, իշխանությունները կվերահսկեն իրավիճակը, և կունենանք ազատ ու արդար ընտրություններ։ Չեմ կարծում, որ ներքաղաքական բախումների է բերելու այդ լարվածությունը։ Փաշինյանը դա լավ հասկանում է, և կարծում եմ՝ իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930