Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլնի, Տիգրան Ավինյանին զեկուցեցին 4 ռիսկայնություն ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի, փոշեկլանիչ ցանցերի կամ չափիչ սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների եւ դրանց հիման վրա կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին: Նա ասաց, որ պետք է կենտրոնանալ նաեւ խոնավեցնող սարքերի, ջրային թնդանոթների վրա, որոնք ավագանու որոշմամբ պարտադիր են: Հավելեց, որ պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պետք է պատշաճ կերպով տուգանվեն:
«Բոլոր շինհրապարակները, որոնք չեն համապատասխանում ավագանու որոշմանը, պարտադիր պետք է տուգանվեն, եւ բոլորի նկատմամբ վարչարարությունը պետք է իրականացվի: Ուզում եմ շեշտել, որ այս տարի ավելի մեծ քանակով ու ծավալով ուշադրությունը պետք է սեւեռենք դրա վրա, որովհետեւ նաեւ դրանից կախված են իրենց՝ հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները ժամկետների երկարացման մասով»,-ասաց Ավինյանը:
Քաղաքապետը կրկին անդրադարձավ ապօրինի ավտոտնակներին.«Հարգելի երեւանցիներ, խնդրում ենք՝ մի՛ դիմեք ապօրինի ավտոտնակների օրինականացման համար, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանին որեւէ այլ հնարավարություն չի մնում, քան քանդել այդ ավտոտնակները, որովհետեւ իրավական կարգավորումներն այնպիսին են, որ մենք հիմնականում չենք ունենում հնարավորություն դրանք օրինականացնելու, որովհետեւ այդ ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման անօտարելի հողերի վրա: Կառավարության համապատասխան որոշումը մեզ պարտադրում է դրանք քանդել»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































