ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագիծը։
Հիշեցնենք, Հայկ Սարգսյանի նախագիծը՝ վճարել զինծառայությունից ազատվելու համար, թեեւ կառավարության նիստում հավանության էր արժանացել, բայց խորհրդարանում տապալվեց․ ընդդիմությունը եւ մեկ իշխանական պատգամավոր դեմ քվեարկեցին։ Կառավարության նիստում պաշտպանության նախարարն էր ներկայացրել հարցը։
Հայկ Սարգսյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց․ «Իմ առաջարկները մերժվում են կեղծ հայրենասիրական կենացներով։ Մինչդեռ այս նախագիծը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև անհրաժեշտ է։ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թիվն աճեց, ՊՆ նախարարը որակում էր՝ քաղաքացիությունից հրաժարվողների թիվն աններելի և սխալ է, դեմը պետք է առնենք։ Այդ ժամանակ 2024-ի թվերն եմ ներկայացրել, որ քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան արական սեռի 1949 քաղաքացի։ Շուրջ 2000 տղա կորցնում էինք, որովհետև որևէ մեխանիզմ չէինք կիրառում։ 2025-ին ՀՀ քաղաքացիությունից արական սեռի հրաժարվողների թիվն աճել է 44 տոկոսով՝ հասնելով 2811-ի։ Մենք մեր բանակի զորակոչի տարեկան 30 տոկոսը կորցրել ենք՝ միայն այն հանգամանքով պայմանավորված, որ նախագիծը մերժվել է հանձնաժողովում։ Եթե հիմա էլ չընդունենք օրենքը, հիմա էլ ամեն տարի զորակոչի 30 տոկոսը կորցնելու ենք։ Սա հարուստների դեմ օրենքի նախագիծ է, հարուստները, որոնք տարեկան զորակոչի 30 տոկոսն են կազմում և բանակ չեն զորակոչվում, հետագայում չեն կանչվում 25-օրյա հավաքներին, նրանց քաղաքացիությունը կորցնում ենք անվերադարձ»։
Կարդացեք նաև
Հայկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց՝ վերջին 14 տարում երեք անգամ նվազել է ժամկետային զինծառայողների թիվը․ «Սրանից հետո մի հատ էլ 25 տոկոսով պակասել է զինծառայության ժամկետի կրճատման արդյունքում, և 30 տոկոսով շարունակվելու է պակասել զինծառայողների թիվը, քանի որ քաղաքացիությունից հրաժարվելու դեմ քայլեր չենք գործադրում»։
Հայկ Սարգսյանը հայտարարեց՝ ծառայության ժամկետի կրճատումն առաջնային նպատակ չէր, Սուրեն Պապիկյանը պայմանավորվածություն է խախտել, ինքը տեղյակ չէր ժամկետի կրճատման մասին․ «Ժամկետը կարող էին կրճատել, եթե ունենային ժամկետային զինծառայողների թվի աճ։ Գնալով ժամկետային զինծառայողների թիվը նվազել է, և այս փոփոխությունների արդյունքում ավելի է խորանալու»։
Հայկ Սարգսյանը ահազանգեց՝ ծառայության բեռը դրված է «ռայոնի տղերքի վրա»․ «Պաշտպանության բեռը դրված է մարզերի վրա, Երևանում ունենք դասարաններ, որտեղ դասարանի տղաների 90 տոկոսը ոչ ՀՀ քաղաքացիներ են։ Ստեղծվել է անարդար վիճակ»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ ԱԺ փորձագիտական, իրավական վարչությունում տրվել է բավականին ծավալուն եզրակացություն, որտեղ նախագծի շատ դրույթների հակասահմանադրական լինելն է հիմնավորվում։ Այնուհետև վստահեցրեց՝ «փողով բանակից ազատվել չի կարող լինել»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































