Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատալսումները։
Պաշտպան Սմբատ Մինասյանը միջնորդեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ավագ ոստիկանին, որը գործով վկա Գառնիկ Ղազարյանից ընդունել է հաղորդումը, հրավիրել հարցաքննության։ Հարցն այն է, որ հաղորդման մեջ Գառնիկ Ղազարյանի տվյալների հետ միաժամանակ գրված է նաեւ Հարություն Մկրտչյանի անուն-ազգանունը եւ հեռախոսահամարը։ Սակայն, Գառնիկ Ղազարյանը հայտարարել է, որ հաղորդումը ներկայացնելիս Հարությունի տվյալներն ինքը չի տրամադրել։ Պաշտպանական կողմին հետաքրքիր է՝ որտեղի՞ց են Հարություն Մկրտչյանի տվյալները հայտնվել ոստիկանություն ներկայացված հաղորդման մեջ․ «Միգուցե Հարություն Մկրտչյանը ներկա՞ է եղել այդ պահին, ինքն էլ ասել է՝ տո հենց իմ տվյալներն էլ գրիր»։
Պաշտպանական կողմը միջնորդեց հարցաքննության կանչել նաեւ տվյալ օրը քարոզարշավային հանդիպումը ուղեկցող ոստիկանին։ Պաշտպանական կողմը ենթադրում է, որ եթե քարոզարշավային հանդիպումն ուղեկցող ոստիկան է եղել, նա պետք է ականատես լիներ խնդրո առարկա վեճին եւ դրա մանրամասներին։ Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ Գառնիկ Ղազարյանն իր ցուցմունքում՝ դատարանում, հայտարարել է՝ ոստիկանին «խնդրել ենք ընթացք չտալ»։
Դատարանը նաեւ թույլատրեց Համբարձում Ներսիսյանին՝ վաղը ներկայանալ Արմավիր քաղաքի անձնագրային բաժանմունք, անձնագիրը փոխելու նպատակով, ժամկետն է լրացել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 5-ին, այդ նիստում կքննարկվի նաեւ մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Գեւորգ եւ Համբարձում Ներսիսյանները տնային կալանքի մեջ են, այդ օրերին կալանքի ժամկետն է լրանում։ Պաշտպանական կողմն ավելի վաղ նաեւ միջնորդել էր՝ վերացնել տնային կալանքը։ Դատարանը հարցի քննությունը հետաձգեց՝ ավելի պատեհ պահի։
Հիշեցնենք, Կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո։ Նրանք մեղադրվում են «Հանրապետություն» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Հաղորդումը ներկայացրել է Հարություն Մկրտչյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































