Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք»

Ապրիլ 06,2026 17:59 Share

«Հետք». Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Նշենք, որ 2024թ. համեմատ պարգևավճարների ընդհանուր չափը 2025թ.-ին կրճատվել է միայն Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերում (խոսքը 8 մարզի մասին է՝ բացառությամբ՝ Սյունիքի ու Վայոց ձորի): Օրինակ՝ Գեղարքունիքում 2024թ. ընդհանուր պարգևավճարի չափը կազմել է մոտ 180 մլն դրամ՝ 106 աշխատակցի հաշվով, իսկ 2025-ին 102 աշխատակից ստացել է մոտ 139 մլն դրամ:

Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների պարգևավճարների ընդհանուր գումարն ավելացել է: Օրինակ՝ եթե 2024թ.-ին Արմավիրի մարզի աշխատակիցները ստացել են 43 մլն 527 հազ. դրամ պարգևավճար, ապա 2025-ին՝ մոտ 68 մլն դրամ, Շիրակում 2024թ.-ին ստացել են 92 մլն 476 մլն դրամ, 2025-ին՝ մոտ 104 մլն և այլն:

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրած 6 մարզպետարաններին, նշենք, որ 2025թ. միջինում ամենամեծ չափով պարգևատրվել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ 1 մլն 399 հազ դրամ: Պարգևավճարի չափով հաջորդում են Արագածոտնի և Գեղարքունիքի մարզպետարանների աշխատակիցները՝ համապատասխանաբար 1 մլն 365 հազ. դրամ և 1 մլն 362 հազ. դրամի չափով: Միջինում ամենաքիչ չափով պարգևավճար ստացել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ 817 հազ. դրամ:

Ներկայացված տվյալները չեն նշանակում, որ մարզպետարանների բոլոր աշխատակիցները ստացել են նույնքան պարգևավճար: Բարձր պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են ավելի շատ, ինչի պատճառով  էլ աշխատողների ընդհանուր թվի միջինացված տվյալներով՝ մեկ անձի հաշվով գումարի չափը մեծանում է:

6 մարզերից ամենամեծ թվով աշխատակիցներ պարգևատրվել են Գեղարքունիքի մարզպետարանում՝ 5 տարում 639 մարդ, այնուհետև Լոռու մարզպետարանում՝ 577 մարդ: Ամենաքիչ թվով աշխատողներ պարգևատրվել են Տավուշի մարզպետարանում՝ 366 մարդ: Փոխարենն այս մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարի չափն է բարձր եղել:

Փաստացի, զգալի հանրային միջոցներ են ծախսվում, սակայն հանրությունը չի տեղեկանում, թե ինչի՞ համար են պարգևատրվում պետական մարմինների աշխատակիցները, ի՞նչ արդյունքի համար։

Ինֆոգրաֆիկան՝ Արեն Նազարյանի

Գրիշա Բալասանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930