Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած 18-ամյա Դավիթ Մինասյանի դասընկերներն ու ուսուցիչներն այսօր նամակ են փոխանցել գլխավոր դատախազին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Դավիթի առողջական վիճակի վրա ու խնդրելով մարդասիրական վերաբերմունք։
Դավիթի դասընկերուհին լրագրողներին պատմեց, որ Նաիրի բժշկական կենտրոնում գտնվող Դավիթի հետ տեսակցությունները նույնիսկ Դավիթի ծնողների համար արգելված են, այդ թվում՝ հեռախոսային շփումը։
Բողոքի ակցիայի ժամանակ Դավիթի դասընկերները՝ «ազատություն մեր ընկերոջը» գրությամբ պաստառներ էին պարզել։
Կարդացեք նաև
Դավիթի դասընկերներից մեկն էլ պատմեց, որ դատախազությունից իրենց փոխանցել են, որ 30 օրվա ընթացքում կարձագանքեն իրենց նամակին, բայց իրենք ակնկալում են՝ ավելի շուտ․ «Մեր ընկերոջ առողջական վիճակը հաշվի առնելով՝ ակնկալում ենք, որ շուտափույթ նայեն դիմումն ու արձագանքեն։ Մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը»։
Դավիթի դասընկերը նաև ասաց, որ իրենց լռակյաց ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Դավիթի նկատմամբ կիրառվի տնային կալանք․ «Իր առողջական վիճակից ելնելով՝ ցանկանում ենք գոնե տնային կալանք կիրառվի, որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնեն նրա առողջական վիճակը։ Մեր ընկերը չպետք է որևէ քրեակատարողական հիմնարկում լինի»։
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվեց խափանման միջոց կալանք։ Երիտասարդի առողջական վիճակը վատացել է, ու արդեն մի քանի օր է՝ նա Նաիրի բ/կ-ում է։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































