🔻 Ապրիլի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուղիղ երկխոսություն. բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» խորագրով քննարկում, որը համախմբել է պետական մարմինների ներկայացուցիչներին, շահառու կանանց և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։
📢 Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ շնորհավորելով կանանց տոնի առթիվ և ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը՝ որպես խնդիրների բարձրաձայնման և լուծումների ձևավորման արդյունավետ հարթակ։
➡️ Պաշտպանը նշել է, որ միջոցառման օրը պատահական չի ընտրվել․ բռնի տեղահանված անձանց խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի հաստատության ուշադրության կենտրոնում։
«Այս խնդիրների լուծումները չեն կարող լինել մեկօրյա․ անհրաժեշտ են շարունակական և երկարաժամկետ մոտեցումներ», – ընդգծել է Անահիտ Մանասյանը՝ կարևորելով երկխոսության հարթակների ստեղծումն ու զարգացումը։
➡️ Պաշտպանն իր խոսքում նաև ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ վերջիններս ոչ միայն բարձրաձայնում են խնդիրները, այլև ակտիվորեն ներգրավված են լուծումների որոնման գործընթացում։
Կարդացեք նաև
➡️ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին իսկ օրերից ներգրավված է բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման գործընթացում՝ իրականացնելով մշտադիտարկումներ, այցելություններ և համագործակցություն պետական մարմինների հետ։ Արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ լուծումներ, սակայն առաջնահերթ է համակարգային և երկարաժամկետ մեխանիզմների ձևավորումը։
✅ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ պետական ծրագրերի հիմքում դրված է ինտեգրման տրամաբանությունը, իսկ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքները իրականացվում են ամենօրյա ռեժիմով։
ℹ️ Քննարկումը վարել է Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը։
✅ Քննարկումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով․ տեղահանված կանայք բարձրաձայնել են ինչպես անհատական, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ ուղղելով հարցեր Մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։
✅ Քննարկման առանցքային թեմաներն են եղել՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը, զբաղվածության, բնակարանային ապահովման խնդիրները, բռնի տեղահանված անձանց նկատմամբ ատելության խոսքի դրսևորումները, ինտեգրման երկկողմանի գործընթացի կարևորությունը։
📌 Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ ձևավորված այս հարթակը կդառնա շարունակական երկխոսության նոր ձևաչափ՝ նպաստելով ինչպես նոր լուծումների մշակմանը, այնպես էլ արդյունավետ համագործակցության խորացմանը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ


















































