Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիներին քաղաքացիություն չեն տրամադրում, շարունակում են ընդունել մարդկանց փաստաթղթերը, բայց շատերն արդեն 4-5 ամիս է՝ քաղաքացիություն չեն ստացել»

Ապրիլ 09,2026 13:00 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է «ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ, արցախցի գործիչ Սայիդա Պողոսյանը։

-Այս փուլում դուք արցախցիների հետ հանդիպումներ եք ունենում մարզերում, ի՞նչ խնդիրներ են հիմնականում բարձրացնում մարդիկ։

-Արցախցիներն այսօր ավելի շատ ունեն աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Աշխատատեղերի բացակայությունն արցախցիներին ստիպում է լքել Հայաստանը, բայց արտագաղթի հստակ թվեր չունենք, քանի որ ՀՀ պետական մարմինները չեն տրամադրում այդ տվյալները մեզ։ Առաջնային հարց է նաեւ բնակապահովման խնդիրը։ Մյուս խնդիրն այն է, որ արցախցիներին քաղաքացիություն չեն տրամադրում։ Շարունակում են ընդունել մարդկանց փաստաթղթերը, բայց ունենք շատ արցախցիներ, որոնք արդեն 4-5 ամիս է՝ քաղաքացիություն չեն ստացել։

-Այսինքն՝ դրա պատճառով մարդիկ նաեւ ընտրություններին մասնակցելու իրավունքի՞ց են զրկվում։

-Այո, մարդիկ ընտրական իրավունքից զրկվում են, բայց մենք կանգ չենք առնի։ Երբ ցուցակներն արդեն լինեն, կփորձենք անհատական դեպքերով դատական կարգով վերականգնել մեր իրավունքը։

-Հիմնականում մարզերում բնակվող արցախցինե՞րն են արտագաղթում, քանի որ աշխատատեղերի խնդիրը, որպես կանոն, մարզերում է։

-Այո, մեծամասամբ մարզերից է արտագաղթը, որովհետեւ մարդիկ չեն գտնում աշխատատեղեր։ Օրինակ՝ մարդիկ Դիլիջանից գալիս են Սեւան, Սեւանում աշխատանք չեն գտնում, Սեւանից գալիս են Երեւան, բայց Երեւանում էլ չեն գտնում, այդտեղից արդեն արտագաղթը սկսվում է։

– Կառավարությունը վերջերս փոփոխություններ կատարեց արցախցիների բնակապահովման պետական ծրագրում, ըստ որի՝ երեւանամերձ բնակավայրերում մեկ անձի համար 3 մլն դրամի փոխարեն 4 մլն դրամ սահմանվեց գումարի չափը։ Սրա արդյունքում ծրագրից օգտվողների թիվը կավելանա՞, խնդիրը կլուծվի՞։

-Դա խնդրի լուծում չէ, քանի որ իրենք 1 մլն ավելացնում են, բայց բնակարան վաճառողը ոչ թե 1 մլն, այլ 2 մլն եւ ավելի դրամով բարձրացնում է բնակարանի արժեքը։ Այսինքն՝ ինչքան իրենք փոխհատուցման չափը մեծացնում են, այնքան տուն վաճառողները դրան համարժեք բարձրացնում են անշարժ գույքի գները։

-Արդեն կա՞ն ահազանգեր, որ նոր թանկացումներ են եղել կառավարության վերջին որոշումից հետո։

-Իհարկե, օրինակ վերցնենք Մասիս քաղաքը, քանի որ Մասիսում շատ ենք շփվում արցախցիների հետ։ Եթե նախկինում մեկ տունն արժեր 50 հազար դոլար, հիմա դարձել է 70 հազար դոլար։ Այսինքն՝ անշարժ գույքի շուկայում գները գնալով աճում են։

-Դուք ինչպե՞ս եք տեսնում արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը։

-Լուծումները շատ բարդ են, մենք բազմիցս առաջարկել ենք կառավարությանը՝ տրամադրել հանրային տարածքներ, որտեղ արցախցիները կկարողանան իրենց տները կառուցել։ Քանի որ մարդիկ այդ շնորհին տիրապետում են եւ ունեն հնարավորություններ, յուրաքանչյուր անձի համար հատկացվող այդ 4 մլն դրամի շրջանակներում իրենք շատ ավելի մեծ բնակտարածք կունենան՝ իրենց տունը կառուցելով։ Իհարկե, դարձյալ առաջնային խնդիր է շարունակում մնալ 1-3 հոգանոց ընտանիքների խնդիրը։ Այդ ընտանիքների հարցը ոչ մի կերպ չի լուծվում։ Մենք առաջարկել ենք, որ պետությունը բնակարաններ կառուցի, իրենց հատկացնի, իսկ Արցախ վերադարձից հետո բնակարանները մնան պետությանը։ Բայց, ինչպես գիտեք, Հայաստանի կառավարությունը մեզանից ոչ մի առաջարկ չի ընդունում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930