Ս.թ. փետրվարի 21-ից մարտի 30-ը տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ժամանակակից երաժշտության փառատոնը՝ բաղկացած 7 համերգից՝ ներկայացնելով 14 կոմպոզիտորի սիմֆոնիկ եւ կամերային երկ, դիրիժորներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան եւ Ֆերնանդո Օսկար Գաջինի (Արգենտինա): Այս ընդգրկուն փառատոնը Հայ կոմպոզիտորական արվեստի եւ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոների շարունակությունն է, որի ընթացքում հնչեցին հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների երկեր:
Հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացավ լայն եւ վառ գունապնակով. կատարվեցին Ջոն Տեր-Թադեւոսյանի, Գեղունի Չթչյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ստեփան Էլմասի, Արթուր Ահարոնյանի, Գեւորգ Հովհաննիսյանի, Հայկ Բոյաջյանի, Վիգ Զարթմանի, Մարտին Ուլիխանյանի եւ Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Փառատոնը նպատակ ունի ներկայացնել եւ պահպանել հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգությունը՝ սիմֆոնիկ երկերի ձայնագրման, նոտաների թվայնացման, հրատարակման միջոցով…
Փառատոնն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, գործընկերներ՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Հայաստանի ֆոնդային բորսա եւ Կենտրոնական դեպոզիտարիա (AMX)։ Ռազմավարական գործընկերն էր GTB Holdings ընկերությունը, որի հետ համագործակցության արդյունքում “Universal Edition” հրատարակչական հարթակը կսկսի հայ կոմպոզիտորների երկերի հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման կարեւորագույն հարցը եւ նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։
Կարդացեք նաև
Փառատոնի փետրվարի 25-ի եւ մարտի 17-ի համերգներին ընդգրկված էր հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանի երեք ստեղծագործություն: Այս առիթով էլ զրուցել ենք կոմպոզիտորի հետ:
– Հնչեցին Ձեր երեք երկերը՝ կամերային լարային նվագախմբի համար գրված «Կորուսյալ օդապարիկ»-ը (1998 թ.), կամերային նվագախմբի համար «Մոռացված վալս» -ը (2026 թ.) եւ դաշնամուրային թիվ երկու կոնցերտը սիմֆոնիկ նվագախմբի հետ (2018 թ.): Խնդրեմ պատմեք նվագախմբի, դրա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ Ձեր երկարամյա համագործակցության մասին:
– Նվագախմբի ստեղծման սկզբից համագործակցել եմ նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի հետ: Առաջին համագործակցությունս կայացավ «Կորուսյալ օդապարիկ»-ի առիթով, որը հնչեց կամերային լարային նվագախմբով: Երբ ներկա եղա ստեղծագործությանս առաջին փորձին, խիստ տպավորվեցի, պարզապես զարմացած էի, թե առաջին փորձից որքան ճիշտ ընկալեցին իմ երաժշտության էությունը, եւ կատարման վերաբերյալ գրեթե որեւէ ստեղծագործական խորհուրդ կամ դիտարկում չունեցա: Իսկ այս փառատոնին «Կորուսյալ օդապարիկ» – ն առաջին անգամ հնչեց սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմով եւ ստացավ լիովին այլ հնչողություն ու ծավալ:
Տարիների ընթացքում նվագախումբը կատարել եւ ձայնագրել է իմ տարբեր երկերը՝ ներառյալ դաշնամուրի առաջին կոնցերտը, 3-րդ սիմֆոնիան, թավջութակի 4-րդ կոնցերտը, չորրորդ սիմֆոնիան, որը գրել եմ հատուկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար…
Սերգեյ Սմբատյանի հետ մեր բազմամյա համագործակցությունն ինձ համար միշտ սպասված եւ արգասաբեր է. Սերգեյը փորձերին ջանք չի խնայում լիովին ընկալել կոմպոզիտորի մտահղացումը, նա շարունակ փնտրում է նոր երաժշտական մտքեր, նոր, չկատարված ստեղծագործություններ եւ կյանք տալիս դրանց՝ ոգեշնչելով կոմպոզիտորին: Որպես Ժամանակակից երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ մշտապես խթանում է հայ կոմպոզիտորական արվեստը եւ ներկայացնում քիչ կամ ընդհանրապես չկատարված երկեր՝ մշտապես ձեւավորելով նոր երկացանկ: Սա շատ կարեւոր է հայ կոմպոզիտորական արվեստի համար, մանավանդ որ, նվագախմբի ուշադրության կենտրոնում հայ կոմպոզիտորական արվեստի մեծակտավ, սիմֆոնիկ ստեղծագործություններն են, որոնց կատարումը աշխատատար է:
Սերգեյի հետ առնչությունը սկսվեց հրաշալի ջութակահար Բագրատ Վարդանյանի (ով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում եղել է Սերգեյի ջութակի ուսուցիչը) շնորհիվ եւ ցայսօր շարունակվում է…
– Սերգեյ Սմբատյանն առանձնահատուկ հիացմունք եւ հարգանք է տածում Ձեր երաժշտության հանդեպ՝ նշելով, որ Դուք ունեք յուրատեսակ երաժշտական մտածողություն, գրում եք միայն Ձեզ բնահատուկ երաժշտություն: Ասում է, որ առաջիկայում նվագախումբը կնպաստի Ձեր երկերի հրատարակմանը արտասահմանյան մեծ հրատարակչության միջոցով՝ աշխարհում ընդայնելով Ձեր երաժշտության ճանաչելիությունը: Փետրվարի 17-ի համերգին հնչեց Ձեր «Մոռացված վալս»-ը՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին: Խնդրեմ ներկայացրեք այն:
– Ստեղծագործությունը գրված է հատուկ Սերգեյ Սմբատյանի համար, այն նվիրեցի Սերգեյին նվագախմբի այս տարվա Մալերի 9-րդ սիմֆոնիայի կատարումից հետո (անչափ տպավորված էի սիմֆոնիայի կատարմամբ…): Մարտի 17-ին ծրագրված էր ներկայացնել միայն իմ երկրորդ դաշնամուրային կոնցերտը, եւ ինձ համար «Մոռացված վալս» -ի կատարումը դարձավ թանկ անակնկալ: Այդ օրը, փաստորեն, հնչեցին իմ երկու ստեղծագործությունները: Դաշնամուրիս կոնցերտը կատարեց դաշնակահար Ռուբեն Կոզինը, որը մեծ պատասխանատվությամբ մոտեցավ իմ երաժշտական մտահղացմանը եւ երաժշտական տեքստին: Ռուբենը ժամանակ առաջ նվիրումով եւ վարպետությամբ ներկայացրել էր իմ երկրորդ դաշնամուրային սոնատը, եւ նրան վստահեցի կոնցերտիս կատարումը եւս:
– Բազմաժանր կոմպոզիտոր եք, Ձեր ստեղծագործական կյանքում առանձնացնո՞ւմ եք որեւէ ժանր:
– Յուրաքանչյուր ժանր յուրահատուկ է, եւ յուրաքանչյուր ժանրում գրելու համար պետք է փորձ ունենալ: Տարբեր ժանրերի անդրադառնալիս, եղել են դեպքեր, երբ առաջին փորձերս մերժել եմ եւ դրանք չեմ համարել ստեղծագործություններ: Կարեւոր է որսալ տվյալ ժանրի եւ այն գործիքների առանձնահատկությունը, որոնց համար գրում ես, չէ՞ որ ամեն ժանր եւ երաժշտական կազմ թելադրում է իրեն հատուկ մտածողություն եւ գեղագիտություն: Անկախ ժանրից, շատ կարեւոր է ստեղծագործության ներուժը. կան երկեր, որոնք ժամանակի ընթացքում դառնում են ոչ արդիական, սպառում իրենց ազդեցության ուժը… Եվ հակառակը՝ կան երկեր, որոնք տարիների ընթացքում են գտնում իրենց տեղը երաժշտական աշխարհում, այն դեպքում, երբ դրանց առաջին կատարումը թվացել է ոչ այնքան ազդեցիկ: Ամենակարեւորը կոմպոզիտորի անհատականությունն է, իսկական ստեղծագործողը պետք է բացահայտի նոր հոգեւոր դաշտ յուրաքանչյուր ժանրում…
– Բեղուն կոմպոզիտոր եք: Խնդրեմ ներկայացրեք Ձեր աշխատանքային օրակարգը:
– Լավ կլինի, եթե, կոմպոզիտորն անընդհատ գտնվի ստեղծագործական ընթացքի մեջ: Ամենօրյա աշխատանքն է նպաստում, որ ծնվեն նորանոր ոգեշունչ մտքեր: Կոմպոզիցիայում ամենակարեւորը ստեղծագործական պոռթկումն է՝ ոգեշնչման կայծը, որին արդեն հետեւում է կոմպոզիտորի՝ ներշնչանքից ծնվածին քննադատական հայացքով նայելու կարողությունը: Ներշնչման վիճակում գտնվելիս՝ կարող ես արագորեն շատ տակտեր գրել, իսկ հետո, կարեւոր է, կանգ առնել եւ սթափ հայացքով նայել գրածիդ՝ հղկելու նպատակով: Պոռթկումը, որն ինտուիտիվ է, հակադրվում է հետագա ռացիոնալ մոտեցմանը, միշտ պետք է կարողանաս ինքդ քեզ հարց տալ՝ թե որքանով է ճիշտ զարգանում գործդ, դրա հարմոնիկ լեզուն եւ այլն… Երբ ստեղծագործությունը սկսում ես, լավ է հետեւողականորեն շարունակել այն, երբ ընդհատում ես այդ ընթացքը, միտքդ ցրվում է, շարունակությունը, կարծես, չի գտնվում, եւ արդեն դժվար է դառնում շարունակել այն: Հիմնականում սիրում եմ առավոտից մինչեւ կեսօր աշխատել: Աշխատելիս պետք է ոգեշունչ մթնոլորտում լինես:
Ոգեշնչում ինձ հաղորդում է պոեզիան: Պոեզիայի հանդեպ սերը դրսեւորվել է իմ տարբեր վոկալ երկերում: Վերջին տարիներին՝ 2019 թ., գրել եմ «Երկիր Նաիրի» օրատորիան՝ մենակատարների, երկսեռ երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, որտեղ օգտագործել եմ հայ պոետների տեքստերի ծաղկաքաղ, գերակշռողը՝ չարենցյան բանաստեղծություններն են:
– Պոեզիան Ձեզ համար ոգեշնչման աղբյուր է: Իսկ համաշխարհային կոմպոզիտորական արվեստի պատմության ընթացքում կա՞ որեւէ կոմպոզիտոր, ում հետ կուզենայիք զրուցել:
– Կուզենայի զրուցել Բեթհովենի հետ, որի երաժշտությունն ինձ հոգեհարզատ է, եւ միշտ զարմացնում է: Հատկապես սիրում եմ լսել Բեթհովենի դաշնամուրային երկերը Էմիլ Գիլելսի կատարմամբ: Վերջերս լսեցի «Լուսնի սոնատ»-ը եւ չէի կարողանում հագենալ: Այնքան կենդանի է Գիլելսի կատարումը, կատարման պուլսը համահունչ է Բեթհովենի շնչառությանը եւ մտածողությանը: Ձայնագրությունը, թվում է, պետք է լինի անփոփոխ, քարացած եւ կաղապարված, սակայն Գիլելսի կատարումն իր շունչն ունի, ապրում է, շնչում… Նույնկերպ ապրում է Գլեն Գուլդի Բախի «Գոլդբերգյան վարիացիաներ» -ի կատարման ձայնագրությունը, որը համարում եմ կատարյալ …
– Խնդրեմ պատմեք ձեր կոմպոզիցիայի Ուսուցիչների մասին:
– Երեխա ժամանակ Սպայի տանը սովորելիս՝ տեղի երագչախմբի ղեկավարը նկատեց, որ ունեմ երաժշտական ընդունակություններ, եւ ընդունվեցի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց: Սկսած չորրորդ-հինգերորդ դասարանից սկսել եմ կոմպոզիցիա ուսանել կոմպոզիտոր Գեւորգ Արմենյանի դասարանում: Դասերը հիմնականում Արմենյանի տանն էին անցնում, նա ապրում էր այն տանը, որտեղ բնակվել է Եղիշե Չարենցը (ներկայիս Չարենցի տուն-թանգարանը), որի մթնոլորտը, անշուշտ, թողել է իր ազդեցությունն ինձ վրա: Հետագայում ուսանել եմ հրաշալի կոմպոզիտորների մոտ եւս՝ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում՝ Գրիգոր Հախինյանի, կոնսերվատորիայում՝ Գրիգոր Եղիազարյանի դասարաններում: Կարող եմ ասել, որ Գեւորգ Արմենյանը ձեւավորեց իմ ողջ ստեղծագործական կյանքի հիմքը. նա ինձ տվել է մտածողության ազատություն եւ լայնարձակություն, որոնց վրա խարխսվեց հետագա ուսումս: Նրա հետ լսում էինք տարբեր ժամանակաշրջանների (ներառյալ ժամանակակից) երաժշտություն, նա երբեք չէր սահմանափակում ինձ ոճային առումով, ազատ էի ամեն կաշկանդող կապանքներից: Փորձում էր ծանոթացնել բոլոր ժամանակաշրջաններին, ոճերին, խրախուսում էր նաեւ պոլիստիլիստիկան եւ առաջին հերթին, մղում էր գտնել սեփական ձեռագիրը՝ ելնելով իմ երաժշտական հակումներից ու մտածողությունից: Նա հումորով, մեծ խելքի տեր անձնավորություն էր՝ կյանքի մեծ փորձով: Մինչեւ իր կյանքի վերջը ստեղծագործական կապ ունեի նրա հետ, նա մշտապես եղել է իմ ուղեցույցը ողջ ստեղծագործական կյանքում, եւ ժամանակ առ ժամանակ, խորհրդակցում էի ստեղծագործական մտահղացումներիս շուրջ, ցույց տալիս երկերս:
– Որպես բազմավաստակ կոմպոզիտոր, որի երաժշտությունը խորն է, հայեցողական, նուրբ եւ բազմաշերտ, ինչպե՞ս կբնութագրեք երաժշտությունը:
– Երաժշտությունը կենդանի, բարձրագույն վկայությունն է, որ մարդը Աստվածային էակ է (ոչ միայն նյութեղեն): Աստվածայինը՝ ստեղծագործական վիճակում գտնվելու կարողությունն է: Երբ Աստվածաշնչում ասվում է, որ մարդը ստեղծվեց Աստծո նմանությամբ, առաջին հերթին այդ խոսքերն ընկալում եմ այսպես. Աստծո պատգամն է մեզ՝ արարել … Աստված արարեց աշխարհը եւ այդ արարչագործությունը շարունակվում է… Շատ կարեւոր է, որ մարդու կյանքում էլ ստեղծագործական ընթացքը շարունակական եւ մշտատեւ լինի… Ինչ գործով էլ մարդ զբաղվի, պետք է ոգեւորությամբ անի: Եթե մարդն ունի ստեղծագործական շնորհ, դա դրսեւորվում է իր կյանքի բոլոր ոլորտներում: Ստեղծագործելիս հնարավոր չէ մեխանիկաբար աշխատել… Ոգեշնչումը աստվածային կայծ է, որից ծնվում է ստեղծագործությունը: Տա աստված, որ կյանքիս ընթացքում մշտապես հնարավորություն ունենամ ստեղծագործելու եւ առնչվելու աստվածայինի՝ երաժշտության հետ… Իրական երաժշտությունն ուղենիշ է. իսկական երաժշտական երկը գեղեցկության նմուշ է, օրինակ, այն պետք է առաջնորդի դեպի աստվածայինը: Երաժշտությունն ինքնին գեղեցկությունն է, որը հակադրվում է աշխարհում տիրող քաոսային, այլանդակ, աղավաղված դրսեւորումներին:
Յուրաքանչյուր ստեղծագործող պետք է անհատականություն լինի: Իսկական ստեղծագործողը հաճախ սպիտակ ագռավի տպավորություն է թողնում, եթե չի ենթարկվում այսրոպեական գերիշխող միտումներին: Անիմաստ է գրել Բախի, Բեթհովենի, Արամ խաչատրյանի… ոճով, կրկնել նրանց. հնարավոր չէ գրել նրանց ոճով եւ գրել նրանցից լավ … Եթե, օրինակ, Բախից հետո կոմպոզիտորները ցանկանային միայն Բախի ոճով գրել, երաժշտության զարգմացման պատմությունը կանգ կառներ…
– Ի՞նչ կասեք հայ պատանի, երիտասարդ կոմպոզիտորների մասին եւ ի՞նչ կմաղթեք նրանց:
– Այսօր ունենք շնորհալի, խորքային էությամբ պատանի ստեղծագործողներ, որոնց ստեղծագործական էությունը բացահայտելու եւ զարգացնելու ուղղությամբ մեծ աշխատանք են տանում նրանց կոմպոզիցիայի հրաշալի ուսուցիչները: Երբ ես էի աշակերտ, գրեթե չէինք անդրադառնում այնպիսի մեծ կազմերի եւ բարդ երաժշտական ժանրերի (ասենք՝ տրիո, կվարտետ…), ինչպես հիմա մեր պատանիները… Ընդհանրապես, յուրաքանչյուր երեխա եւ պատանի, ցանկալի է, որ հնարավորություն ունենա առնչվելու դասական երաժշտության հետ. որեւէ գործիք նվագի կամ երգի երգչախմբում… Երաժշտությունը երեխայի հոգում ներդաշնակություն է ծնում, հղկում նրան, կարող է Բուժել… Մարդուն կրթելու հարցում երաժշտությունը շատ կարեւոր դեր ունի. երաժշտության հետ առնչություն ունեցող էակը ներդաշանակ է:
Այսօր հայ ժամանակակից՝ ինչպեսեւ երիտասարդ կոմպոզիտորները, քիչ աջակցություն ունեն: Կուզենայի, որ այդ աջակցությունը շատ լիներ… Այս տեսանկյունից Ժամանակակից երաժշտության փառատոնը կարեւոր հանգրվան է հայ կոմպոզիտորական տարբեր սերունդների արվեստը ներկայացնելու եւ նոր ստեղծագործություններ բացահայտելու համար…
Զրույցը վարեց կոմպոզիտոր Արփինե ԿԱԼԻՆԻՆԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2026


















































