Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ընտրություն կկատարի հունիսի 7-ից առաջ եւ հետո 

Ապրիլ 09,2026 11:00 Share

Ակիզբը՝ այստեղ:

Հայ-ռուսական հարաբերությունների սրման նոր փուլ Մոսկվայի ազդակները Երեւանին

Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Պուտին–Փաշինյան բանակցություններից հետո ռուսական քաղաքական եւ փորձագիտական դաշտում հնչած հայտարարությունները ձեւավորում են հստակ եւ համակարգված ուղերձների շարք՝ ուղղված Հայաստանին։ Այդ հայտարարությունները ոչ միայն արձանագրում են երկկողմ հարաբերությունների լարվածությունը, այլեւ մատնանշում են Ռուսաստանի ռազմավարական նոր ակնկալիքները, սահմանում են կարմիր գծեր եւ նույնիսկ ակնարկում են հնարավոր հետեւանքների մասին։

ԵԱՏՄ vs ԵՄ. անհամատեղելիության կոշտ ուղերձ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոշտ ձեւով ազդարարում է. «Ժամանակն է հրաժարվել մեր հարեւանների՝ Եվրամիությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից»՝ հավելելով, որ «ԵԱՏՄ-ին անդամակցությունը եւ Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են»։ Նա նաեւ ընդգծում է, որ Եվրամիությունը «այլեւս տնտեսական միություն չէ» եւ կարող է վերածվել «Ռուսաստանի հանդեպ լիարժեք թշնամական ռազմական դաշինքի»։

Մեդվեդեւի հայտարարությունը հստակ ազդակ է՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ հետխորհրդային տարածքին։ Ռուսաստանի համար ԵՄ-ն այլեւս ընկալվում է ոչ թե որպես տնտեսական գործընկեր, այլ որպես ռազմաքաղաքական հակառակորդ։ Սա նշանակում է, որ ցանկացած երկիր, որը շարժվում է դեպի ԵՄ, ավտոմատ ընկալվում է որպես հակառակ ճամբարի մաս։

Հայաստանի դեպքում սա վերածվում է «կամ-կամ»-ի տրամաբանության պարտադրման։ Եթե նախկինում Մոսկվան որոշ չափով հանդուրժում էր Երեւանի «բազմավեկտոր» քաղաքականությունը, այժմ այդ մոտեցումը փոխվում է։ Պատճառը՝ աշխարհաքաղաքական սրման ընդհանուր ֆոնն է, հատկապես Ուկրաինայի պատերազմից հետո ձեւավորված բեւեռացումը։

Այս համատեքստում Հայաստանի փորձը՝ համատեղել ԵԱՏՄ եւ ԵՄ ուղղությունները, Մոսկվայում դիտվում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես ռազմավարական շեղում։ Հետեւաբար, այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես նախազգուշացում՝ ապագա ընտրության անխուսափելիության մասին։

Ռուսաստանի «զսպման գործոնը» որպես անվտանգության հիմնական երաշխիք

Ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովը, որը Կրեմլի դիրքորոշումը տիրաժավորող գործիչ է, նշում է. «Ռուսաստանի զսպման գործոնը երաշխիքն է այն բանի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը չի վերսկսվի»։ Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա սկսել «հենց որ զգա Ռուսաստանի զսպման ուժի թուլացում»։ Այս թեզը ռուսական քաղաքական մտածողության առանցքային տարրերից է. Հայաստանը դիտարկվում է որպես անվտանգային կախվածություն ունեցող պետություն։ Մոսկվան փորձում է ձեւավորել ընկալում, ըստ որի՝ առանց Ռուսաստանի ներկայության Հայաստանը չի կարող ապահովել իր անվտանգությունը։

Սա նաեւ տեղեկատվական ազդեցության գործիք է։ Նման հայտարարություններով Ռուսաստանը ոչ միայն հիմնավորում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում, այլեւ փորձում է կանխել այդ ներկայության նվազեցման կամ վերանայման հնարավորությունը։

Միաժամանակ, այս մոտեցումը անտեսում է այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանի դերակատարության արդյունավետությունն է վերջին տարիներին հարցականի տակ դրվել։ Սակայն Մոսկվայի նարատիվում դա ներկայացվում է հակառակ կերպ՝ որպես անփոխարինելի անվտանգության երաշխիք։

Սյունիքի հնարավոր կորուստի սցենարը

Սուսլովը նաեւ մեկ այլ ուշագրավ թեմայի է անդրադարձել. «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ունենան այն ընկալումը, որ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին, ապա Հայաստանը կարող է առնվազն զրկվել Սյունիքի մարզից»։

Սա արդեն ավելի կոշտ ձեւակերպում է, որը կարելի է դիտարկել որպես ճնշման մեխանիզմ։ Սյունիքի թեման Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունի, եւ դրա հնարավոր կորստի մասին խոսելը հստակ քաղաքական նպատակ է հետապնդում։

Այսպիսի սցենարների արծարծումը նպատակ ունի ավելացնել վախի գործոնը եւ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալ։ Այն նաեւ ուղղված է Հայաստանի իշխանություններին՝ հիշեցնելու, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում։

Միաժամանակ, սա ցույց է տալիս, որ Մոսկվան տարածաշրջանը դիտարկում է ուժային հավասարակշռության տրամաբանությամբ, որտեղ իր ներկայությունը դիտվում է որպես միակ զսպող գործոն։

ԵՄ անդամակցության հեռանկարների կասկածները

Սուսլովը նաեւ նշել է. «Հայաստանը տեսանելի ապագայում ԵՄ չի մտնի» եւ եթե նույնիսկ շարժվի այդ ուղղությամբ, ապա պետք է «հարմարվի ԵՄ ընդհանուր քաղաքականությանը»։ Այս հայտարարությունը երկակի նպատակ ունի։ Մի կողմից՝ նվազեցնել ԵՄ ուղղության գրավչությունը Հայաստանի համար՝ ներկայացնելով այն որպես անհասանելի։ Մյուս կողմից՝ ցույց տալ, որ այդ ուղին ենթադրում է հակառուսական քաղաքականություն։

Ռուսաստանը փորձում է ձեւավորել ընտրության կեղծ դիլեմա՝ ներկայացնելով ԵՄ ինտեգրումը որպես ինքնիշխանության կորուստ, իսկ իր հետ համագործակցությունը՝ որպես փոխշահավետ եւ անվտանգ։ Սակայն իրականում այստեղ ավելի խորքային խնդիր կա՝ ազդեցության գոտիների պահպանման պայքարը։ Հայաստանը գտնվում է այդ մրցակցության կենտրոնում, եւ յուրաքանչյուր քայլ դեպի Արեւմուտք ընկալվում է որպես կորուստ Մոսկվայի համար։

ԱՄՆ-ի եւ Թրամփի գործոնի գնահատականը

Սուսլովը նշել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է՝ «քաղաքական կապիտալ կորզել հայ-ադրբեջանական կարգավորումից»։ Ռուսաստանը փորձում է ներկայացնել ԱՄՆ ներգրավվածությունը որպես շահադիտական եւ ոչ կայուն։ Սա ուղղված է Երեւանի համար արեւմտյան միջնորդության արժեքը նվազեցնելուն։ Միաժամանակ, Մոսկվան ընդունում է, որ Անդրկովկասում սկսվել է ազդեցության համար նոր մրցակցություն։ Սակայն այն փորձում է պահպանել իր դիրքերը՝ ներկայացնելով մյուս խաղացողներին որպես ժամանակավոր եւ ոչ վստահելի։

Ռուսաստանի «համբերության սպառման» ազդակը

Սուսլովը նշել է. «Փաշինյանի այցը ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է»։ Սա արդեն ակնհայտ քաղաքական ազդակ է, որը նշանակում է, որ Մոսկվան այլեւս պատրաստ չէ անտեսել Երեւանի քաղաքական կուրսի փոփոխությունը։ «Համբերության սպառումը» ոչ դիվանագիտական լեզվով նշանակում է՝ հնարավոր են ավելի կոշտ քայլեր, պատժամիջոցներ։ Դրանք կարող են լինել տնտեսական, քաղաքական կամ անվտանգային ոլորտներում։

Այս հայտարարությունը նաեւ նախապատրաստում է հանրային դաշտը՝ հնարավոր ճնշումների լեգիտիմացման համար։

ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը. «եղբայրական հարաբերություններ» եւ խնդիրների բաց քննարկում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Ռուսաստանը անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ եւ խորացմամբ»։ Պաշտոնական հռետորաբանության շրջանակներում Մոսկվան շարունակում է պահպանել «եղբայրական հարաբերությունների» շեշտադրումը։ Սակայն դրա ներքո արդեն առկա են լուրջ նախազգուշացումներ։ Այս երկակիությունն ինքնին խոսում է հարաբերությունների բարդության մասին. մի կողմից՝ դաշնակցային ձեւակերպումներ, մյուս կողմից՝ կոշտ նախազգուշացումներ։

Լեռնային Ղարաբաղի թեմայից հեռանալու փորձը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Ցանկանում ենք, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»։ Ռուսաստանը փորձում է նվազեցնել իր պատասխանատվության հարցը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մինչդեռ նախկինում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ էր, թեեւ տարիներ առաջ նախընտրեց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առանձին գործել ԼՂ-ի հարցում։ Այսինքն, Մոսկվան իր նոր մոտեցմամբ՝ պատասխանատվության վերանայում է իրականացնում, որով տարածաշրջանային քաղաքականությունը փորձում է վերաիմաստավորել։

Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում

Կրեմլի խոսնակ Պեսկովը նշել է. «Մենք մեզ իրավունք ենք վերապահում քննարկել Հայաստանի ծրագրերը»։ Սա արդեն բացահայտ ազդակ է Հայաստանի ինքնիշխանության սահմանների վերաբերյալ ռուսական ընկալումների մասին։ Մոսկվան չի թաքցնում, որ իրեն իրավունք է վերապահում ազդեցություն ունենալ Երեւանի քաղաքական գործընթացների վրա։

ԵԱՏՄ-ի տնտեսական գործոնը

Պեսկովը, եւ ոչ միայն նա, նշել են, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արագ տնտեսական աճ։ Սա տնտեսական կախվածության փաստարկն է, որը լրացնում է անվտանգային նարատիվը։ Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ համագործակցությունը իր հետ ոչ միայն անվտանգային, այլեւ տնտեսական առավելություններ է տալիս։

Օվերչուկի կոշտ նախազգուշացումը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է. «ԵՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա»։ Սա արդեն կոնկրետ պատժամիջոցային սպառնալիք է։ Այն ցույց է տալիս, որ Մոսկվան պատրաստ է կիրառել գործնական քայլեր, ոչ միայն հռետորաբանություն։

Վերոնշյալ բոլոր հայտարարությունների համադրումը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են լուրջ վերաիմաստավորման փուլում։ Դրանք այլեւս չեն հիմնվում միայն պատմական կամ դաշնակցային հռետորաբանության վրա, այլ մտնում են կոշտ աշխարհաքաղաքական հաշվարկների դաշտ։

Այսօր հարաբերությունները կարելի է բնութագրել որպես լարված, բայց դեռեւս չխզված։ Ռուսաստանը փորձում է պահել Հայաստանը իր ազդեցության գոտում՝ օգտագործելով թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական լծակները։

Ռուսաստանի կողմից ճնշումների սաստկացման հիմնական պատճառը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը Մոսկվան ընկալում է ոչ թե որպես դիվերսիֆիկացիա, այլ որպես աշխարհաքաղաքական շեղում դեպի հակառակ ճամբար։ Ռուսաստանից նախազգուշացումների հաճախականությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը փորձում է կանխել այդ գործընթացը դեռ վաղ փուլում՝ մինչեւ այն դառնա անդառնալի։

Փաստացի, Հարավային Կովկասում Հայաստանը դիտարկվում է որպես ամենաթույլ օղակը, քանի որ ունի անվտանգային կախվածություն, սահմանափակ ռեսուրսներ։

Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կփորձեն շարունակել բազմավեկտոր քաղաքականությունը, սակայն այդ մանեւրելու հնարավորությունը աստիճանաբար նեղանում է։ Մոսկվայի պահանջներն ու նախազգուշացումները վստահաբար կավելանան։ Չի բացառվում նաեւ ավելի կոնկրետ քայլերի կիրառումը՝ տնտեսական կամ քաղաքական ոլորտներում։

Այսպիսով, Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առջեւ, որի հետեւանքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ երկրի անվտանգության եւ զարգացման վրա։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930