Սամվել Կարապետյանն անցած տարվա հունիսին իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն, ինչին ի պատասխան Փաշինյանը սպառնաց՝ «Հիմա դու կտեսնես, ստահակ, պետության համը»: Դրանից անմիջապես հետո գրպանային քննիչները, դատախազությունը, դատարանները վազեցին կատարելու վարչապետի հրամանը, եւ այդ գործարարը մինչ օրս անազատության մեջ է:
Արդյոք դա բավարա՞ր եղավ՝ Կարապետյանի շուրջ ձեւավորվող ընդդիմադիր շարժումը սահմանափակելու համար: Ինչպես տեսնում ենք՝ ոչ: Եվ հիմա Փաշինյանը, տեսնելով, որ զուտ քաղաքական միջոցները, այդ թվում՝ քարոզչությունը, չեն ապահովում իր իշխանության սահուն վերարտադրությունը, ընտրություններից երկու ամիս առաջ փոխում է Ընտրական օրենսգիրքը, որպեսզի ընտրական ցուցակում չգրվի Սամվել Կարապետյանի անունը:
Դրանից հետո էլ սպառնում է նույն գործարարին սնանկացնել, «բոմժ սարքել»: Սա, անշուշտ, նոր հրահանգ է վերոհիշյալ գրպանային կառույցներին: Այստեղից պարզ է, որ իշխանությունը չի պատրաստվում ազնիվ նախընտրական պայքար վարել, որովհետեւ գիտի՝ այդ դեպքում պարտվելու է: Վերարտադրվելու համար Փաշինյանը, ինչպես եւ սպասվում էր, ավելի մեծ մասշտաբով է կիրառելու իրեն սպասարկող ռեպրեսիվ ապարատը: Մասնավորապես, այժմ մի քանի տասնյակ քննիչներ, դատախազներ, դատավորներ եւ մնացած «սպասարկող անձնակազմը» վազվզելու են՝ «շեֆի» հրահանգը կատարելու համար:
Երբեմն ես այսպիսի մեկնաբանություններ եմ կարդում՝ թող Փաշինյանն ինչ ուզում է, անի (այսինքն՝ դիմի ապօրինությունների), միայն թե մեր երկիրն ինքնիշխան լինի: Իբր մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ եւ ոչ թե Փաշինյանի վերարտադրությամբ: Այդ «մտահոգվածներին» ուզում եմ հիշեցնել, որ ինքնիշխան երկիրն իր սահմանադրությունը չի փոխում այլ երկրի պահանջով եւ չի հանդուրժում այլ երկրի զորքն իր տարածքում:
Կարդացեք նաև
Դա անվիճելի է, եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չունի: Բայց կա թերեւս ավելի նուրբ պահ, որը գուցե ոչ բոլորի համար է ակնհայտ: Ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է ինքնիշխան լինել՝ միայն օրինականության եւ ժողովրդավարության պայմաններում: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե հատկապես ո՛վ է խրախուսում մեր երկրի կառավարիչների ապօրինի եւ բռնապետական դրսեւորումները՝ Պուտի՞նը, թե, ինչպես տվյալ դեպքում, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ Կայա Կալասը: Բոլոր պարագաներում մեր նման երկրի պարագայում ապօրինությունները խրախուսելու համար օտար խաղացողները գին են ուզում: Իսկ դա խիստ սահմանափակում է մեր ինքնիշխանությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































