Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկող մարմինները, որոնք պարտավոր են ապահովել արդար մրցակցություն և սպառողների պաշտպանություն, հաճախ ի զորու չեն արձագանքել գների անհիմն բարձրացմանը. «Փաստ»

Ապրիլ 09,2026 10:43 Share

Երբ վերլուծում ենք 2026 թվականի առաջին եռամսյակի գնաճային դինամիկան, պարզ է դառնում, որ խնդիրը ոչ միայն կապված է առանձին ամիսների տատանումների հետ, այլ ներկայացնում է ավելի համակարգային բնույթ ունեցող երևույթ։ Եռամսյակային հիմքով գնաճը կազմել է 3,2 տոկոս՝ նախորդ տարվա 2 տոկոսի դիմաց, ինչը նշանակում է գնաճային ճնշման զգալի ուժեղացում և տնտեսական միջավայրի անկայունացում։ Այս աճի հիմքում նորից ընկած է պարենային ապրանքների գների բարձրացման արագացումը՝ 3,7 տոկոսից մինչև 6,8 տոկոս, որը համարյա կրկնապատկում է նախորդ ժամանակաշրջանի գնաճային տեմպերը և ցույց է տալիս, որ սննդամթերքի շուկան գտնվում է լուրջ թերհավասարակշռվածության վիճակում։

Սննդամթերքի գների աճի ինտենսիվ դինամիկան ստեղծում է լուրջ մարտահրավերներ Հայաստանի բնակչության մեծ զանգվածների համար՝ հատկապես նկատի ունենալով, որ հասարակության զգալի մասի եկամուտները չեն աճում գնաճին համապատասխան տեմպերով։ Սննդամթերքի ծախսերը կազմում են ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների ամսական բյուջեի զգալի մասնաբաժինը։ Իսկ երբ այդ ապրանքների գները բարձրանում են 7-8 տոկոսի չափով, այն ուղղակի և ճնշող ազդեցություն է ունենում կենսամակարդակի վրա։

Առանձնահատուկ ուշադրություն են պահանջում նաև շուկայական վարքագծի այն դրսևորումները, որոնք կապված են գների արհեստական բարձրացման և անբավարար վերահսկողության հետ։ Նախատոնական շրջաններում կամ ընդհանուր գնաճային ֆոնի պայմաններում որոշ վաճառողներ և միջնորդներ միանգամից և անհարկի ավելի են բարձրացնում գները՝ օգտվելով իրավիճակից և փորձելով ստանալ լրացուցիչ շահույթ՝ սպառողների հաշվին։ Այս պրակտիկան, որը գնահատվում է որպես անբարեխիղճ տնտեսվարում և սպառողների իրավունքների խախտում, ցավալիորեն տարածված է և կապված է հանրապետությունում շուկայական վերահսկողության մեխանիզմների անբավարար գործունեության հետ։

Պետական վերահսկող մարմինները, որոնք պարտավոր են ապահովել արդար մրցակցություն և սպառողների պաշտպանություն, հաճախ ի զորու չեն արձագանքել գների անհիմն բարձրացմանը, կատարել համակարգված և արդյունավետ ստուգումներ, կիրառել պատժամիջոցներ խախտողների նկատմամբ։ Վերահսկողության անարդյունավետությունը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որը խրախուսում է անբարեխիղճ գործարարներին շարունակելու իրենց գործելակերպը, ինչի արդյունքում էլ վտանգվում է շուկայի առողջ զարգացումը։

Պատշաճ վերահսկողության բացակայությունը նշանակում է նաև, որ սպառողները մնում են անպաշտպան և չեն ունենում արդյունավետ մեխանիզմներ իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ բախվելով այնպիսի իրավիճակների, որոնց դեմ պայքարելու հնարավորություն չունեն։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930