«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջերս հետազոտություն ենք իրականացրել ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ (դատարան հասած գործերը):
Գործերի ճնշող մեծամասնությունը, ըստ մեղադրական եզրակացության, սեռական բնույթի հայհոյանքին կամ ծառայողական պարտականությունների առնչությամբ ստացած նկատողությանը ի պատասխան հարվածներն են/հատկապես հաճախակի էին ժամկետային զինծառայողների միջև վեճերը, երբ մեկը սերժանտ էր, մյուսը՝ շարքային/:
Բայց առավել ցնցող էին ինքնասպասության հասցնելու դեպքերը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին արձանագրվել է ինքնասպանության հասցնելու շուրջ 40 դեպք։
2020թ․՝ 13 դեպք,
2021թ․՝ 5,
2022թ․՝ 5,
2023թ․՝ 6,
2024թ․՝ 7,
2025թ․՝ 2։
Կարդացեք նաև
Սա պարզապես թվեր չեն, այլ բռնության՝ և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական, տևական կիրառում, բոլորի առջև, բայց ոչ ոք չէր խառնվում։
Դեպքերից մեկով ժամկետային զինծառայողը քնում էր հերթափոխի ժամանակ։ Ըստ վկայությունների՝ մարտական հերթապահության ընթացքում դիտակետում դիտորդի քնելը հանդուրժելի չէ, վկաները կոնկրետ պիտակներ են օգտագործել նման անձ նկարագրելու համար։ Փաստացի ընդունելի է համարվում, որ անձն արժանի է ոչ ֆորմալ պատժի, այդ իսկ պատճառով ոչ ոք չէր միջամտում։
Դատավճռում մեջբերվում է ինքնասպանությունից առաջ արված գրառումը․ “Բայց արդեն ամեն ինչ էն աստիճանիա հասել, որ նույնիսկ ձեր համար ապրելու ուժ չեմ կարում գտնել: 1 տարի ու 5 ամիսը դեռ շատ երկար ժամանակա անինքնասերի պես ապրելու ու հետո նորից նոր կյանք սկսելու համար <․․․> Անցած 7 ամիսների ընթացքում ես արել եմ քայլեր, որ բանակում հարգված չեն: Պոստին քնելուց հետո անինքնասերի նման եմ ապրում ու եթե դա կարելիյա ապրել կոչել, ապա ոչ մեկին պետք չի տենց ապրելը”։
Զեկույցի արդյունքները ներկայացրինք մի քանի օր առաջ։ Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը ոչ քննարկմանը եկավ, ոչ էլ ժամանակ գտավ խնդիրը մեզ հետ առանձին քննարկելու։


















































