«Այսօր խաղաղ ակցիա ենք կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Մենք՝ սրտացավ քաղաքացիներս, այստեղ ենք գտնվում, որ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք-պահանջը ազատ արձակել Դավիթին կամ սահմանել համաչափ պատժամիջոց՝ պայմանական տնային կալանք։ Պահանջում ու խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանը իջնի ներքև, լսի մեզ ու զրուցի մեզ հետ»,- ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են, պահանջում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իջնի ու լսի իրենց։ Աննա Հովհաննիսյանն ասաց, որ իրենց առաջարկել են երկու հոգով մտնել ու իրենց գրավոր նամակը հանձնել․ «Բայց մեզ համար դա բավարար չէ, մենք ոչ թե ցանկություն ունենք ներս մտնելու շենք, այլ հանդիպելու տիկին Վարդապետյանի հետ։ Ես այն հայրենատեր հայերից եմ, որը փորձում է անել հնարավորը։ Ակնկալիքների մասին բարդ է ասել, չեմ կարող ասել՝ ինչպիսի պատասխան կունենանք։ Սա իմ կյանքի առաջին ակցիան է, բայց որպես մարդ, որը բազմաթիվ երեխաների է օգնել և մասնակցել է պատերազմի ու տեսել բազմաթիվ երիտասարդների զոհվելը, չեմ կարող անտարբեր լինել»։
Հարցին՝ Դավիթ Մինասյանը այնպիսի գործողություն կատարե՞լ է, որի համար պետք է կալանավորվեր, Աննա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Նայել եմ տեսանյութը։ Երբ դու աղոթք ես անում, և քեզ հրում են այս կամ այն կողմ, անչափահասի տարիքը նոր հատած երիտասարդը կարող է նեղվել դրանից, զգայուն է։ Շեշտը միայն հիվանդության վրա չեմ ուզում դնել, բայց ես խնդրում ու պահանջում եմ, որ դա պարտադիր հաշվի առնվի։ Եթե Դավիթին կալանավորեն, և Աստված չանի՝ Դավիթի հետ մի բան լինի, սա բոլորի խղճի վրա է»։
Կարդացեք նաև
Աննա Հովհաննիսյանը ասաց, որ չի ցանկանում հարցը քաղաքականացնել, քանի որ ինքն էլ ապաքաղաքական է, ոչ մի կուսակցության չի անդամակցում, բայց համաձայնեց, որ հարցը քաղաքականացված է։ Նա հույս ունի, որ Աննա Վարդապետյանը կիջնի ու կխոսի իրենց հետ․ «Դա թողնում եմ իր խղճի վրա։ Ուզում եմ անձամբ նայելով իր աչքերին՝ խոսել ու փոխանցել մեր խնդրանք-պահանջը։ Դավիթին անձնապես չեմ ճանաչում, չեմ հանդիպել, ոչ մեկին չեմ ճանաչում, Վանաձորից եմ, ամեն ինչ տեսել եմ սոցհարթակներում, մի քանի օր պայքարելով ֆեյսբուքյան հրապարակումներով՝ 4000-ից ավելի քաղ ստորագրություն ենք հավաքել և դիմել ՄԻՊ-ին, որ պատշաճ ձևով արձագանքի այս ամենին»։
Հարցին ինչպե՞ս կգնահատեք ՄԻՊ-ի հայտարարությունը, Աննա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չեմ ընդունում այդ հայտարարությունը։ Մի փոքր սկզբից եմ կարդացել, մի փոքր վերջից․ առողջություն չունեմ նման երկար տեքստեր կարդալու ոչնչի մասին»։
Նշենք, որ Աննա Վարդապետյանն այդպես էլ դուրս չեկավ դատախազության շենքից և չլսեց ցուցարարներին։ Աննա Հովհաննիսյանն ասաց, որ իրենց դիմումը՝ ստորագրությունները կցված, դերասանուհի Անաիս Սարդարյանի հետ կհանձնեն դատախազություն։ Նաև հայտնեց, եթե թույլ տան, իրենք կբարձրանան դատախազի հետ հանդիպման։ Այնուհետև վստահեցրեց՝ ինքը հանձնվող չէ, գնալու են մինչև վերջ։ Աննա Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ հանրային ճնշման շնորհիվ կվերանայվի Դավիթի կալանքը։
Դատախազության դիմաց բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































