Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով Աբովյանում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներ

Ապրիլ 09,2026 15:10 Share

 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իրավական հիմքերի բացակայության պայմաններում իրականացրել է հողատարածքների սեփականության իրավունքի ապօրինի գրանցման գործընթացը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևան-Սևան ավտոմայրուղուն հարող հատվածից անժամկետ օգտագործման իրավունքով ապօրինի որոշմամբ հատկացված 0,2200 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգի խախտմամբ և համապատասխան փաստաթղթերի բացակայության պայմաններում գրանցել է  քաղաքացու սեփականության իրավունքը՝ որպես հիմք նշելով Առինջի գյուղապետի՝ 1996 թվականի հոկտեմբերի 1-ի գոյություն չունեցող որոշումը:

Կադաստրի կոմիտեի վերը նշված պաշտոնյայի հանցավոր գործողությունների հետևանքով Աբովյան համայնքի հաշվեկշռից ապօրինի դուրս է բերվել առանձնապես խոշոր չափերով՝ 15,900,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը:

Բացի այդ, Կադաստրի կոմիտեի մեկ այլ աշխատակցի ներկայացրած՝ նույն հողատարածքում 3965,65 քմ մակերեսով շինությունների վերաբերյալ ուրվագծերի հիման վրա վերը նշված պաշտոնատար անձը սեփականության իրավունքի վկայականում ներառել է կեղծ տվյալներ և առանց օրինական հիմքերի առկայության նույն հողամասի գրանցումն իրականացրել 0,08 հա մակերեսով ավել:

Արդյունքում՝ Աբովյան համայնքի հաշվեկշռից, առանց իրավական հիմքի, ապօրինի դուրս է բերվել նաև առանձնապես խոշոր չափերով՝ 9,760,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ համայնքը զրկվել է այդ հողատարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և նույն օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 2 դրվագ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930