Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, «Հյուսիսային տերեւաթափ» անվանումը ստացած գործում մեղադրյալների հարցաքննության փուլն է։ Այսօրվա նիստում ցուցմունք տվեց Աշոտ Մարգարյանը։ Նա ներկայացրեց իրականության եւ իրենց ներկայացվող մեղադրանքի միջեւ բացակայությունը։
Մասնավորապես, անդրադառնալով մեղադրանքի առիթ հանդիսացած զրույցի ընթացքում «պայմանական ռադիոտուն» արտահայտությանը՝ Աշոտ Մարգարյանը նշեց, որ ռազմական տերմինաբանության մեջ «պայմանական» բառը ենթադրում է օբյեկտի, թիրախի բացակայություն։ «Պայմանական թիրախ» բառակապակցությունը կիրառում են զորավարժությունների ժամանակ, հրաձգարաններում։ Թիրախ խոցելու համար ինքն իրենով ռեալ չի։ Եթե մեղադրող կողմը փոքր ինչ ծանոթ լիներ ռազմական սլենգին, կհասկանար, որ «պայմանական» բառի տակ չկա կոնկրետ օբյեկտ։
Ինձ համար առաջնային է հանցակազմի բացակայող օբյեկտիվ կողմը։ 2023 թվականի նոյեմբերի 1-ին դատավոր Սամվել Յուզբաշյանին ես տվել եմ չորս հարց. «Ով եմ ես», «Ինչով», «Ինչը՝ կոնկրետ օբյեկտը, եւ ամենակարեւորը՝ «Երբ»։ Ես չեմ ստացել այդ հարցերի որեւէ պատասխան։ Եթե այս չորս հարցերն ունենային չորս հստակ պատասխաններ, ապա այս դատավարությունը վաղուց ավարտված կլիներ դատապարտման վճռով»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































