Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմ բերողնե՞ր». ինչ են ասում ընդդիմադիր ուժերը խաղաղության մասին. CivilNetCheck

Ապրիլ 09,2026 17:05 Share

CivilNetCheck. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերը պատրաստվում են վերանայել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը՝ այդ թվում ուժային եղանակով։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ընդդիմադիր առաջնորդների և նրանց թիմերի ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ պարզելու, թե արդյոք նրանք խոսում են խաղաղության գործընթացը վերանայելու մասին։

Ռոբերտ Քոչարյան․ Երաշխավորներ, «կախյալ զինադադար», TRIPP-ը որպես սպառնալիք

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2025թ. հոկտեմբերի 7-ի անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրին և նախաստորագրված խաղաղության համաձայնագրին՝ քննադատելով դրանցում երաշխավորների և զսպման մեխանիզմների բացակայությունը։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը ոչ թե կայուն խաղաղություն է, այլ Ադրբեջանի քաղաքական որոշումներից ու նախագահ Իլհամ Ալիևի տրամադրությունից «կախյալ զինադադար»։

«Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ […], որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման համար, ոչ թե «վկա» կլինեն»,- նշել էր նա։

Խոսելով TRIPP նախագծի մասին՝ նա առաջարկում էր լավարկել այն կամ ընդլայնել ծրագիրը (որը, ըստ նրա, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ կմերժի), կամ առաջարկել, որ Հայաստանը սեփական միջոցներով կառուցի ճանապարհը՝ պահպանելով նույն անվանումը։

Քոչարյանը նաև շեշտել էր, որ TRIPP-ը չեն կարող չեղարկել:

Ամփոփելով մոտեցումները՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց առաջարկած «արժանապատիվ խաղաղությունը» նշանակում է պետություն, որը ստիպված չի լինի ամեն օր ինչ-որ բան զիջել մեկ օր ավել խաղաղություն մուրալու համար։

Սամվել Կարապետյան․ մի քանի երաշխավոր, «վկա»-ից դեպի իրական երաշխավորություն, անվտանգային բալանս

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն էլ իրենց ելույթներում խոսում են խաղաղության գործընթացում երաշխավորների ներգրավման անհրաժեշտության մասին։

«Մեր առաջարկը ի՞նչն է՝ խաղաղության պայմանագրում լինի մեկից ավելի երաշխավոր. այդ պարագայում կլինի խաղաղություն»,- փետրվարի 24-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նաև նշում է, որ խաղաղության գործընթացներում ԱՄՆ-ն ներկայում ներգրավված է որպես «վկա», ինչը, ըստ նրա, դրական քայլ է, սակայն բավարար չէ։ Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է խորացնել գործընթացը՝ այն վերածելով իրական երաշխավորության և ներգրավելով այլ գործընկերների։ Նա ակնարկում է, որ դրանք կարող են լինել Իրանը (հարավային հարևան) և Ռուսաստանը (հյուսիսային հարևան), որոնք հետաքրքրված են «Հայաստանի տարածքային ամբողջականությամբ»։

Արդյոք երաշխավորների ներգրավումը խաղաղության պայմանագրի վերաբանակցում չէ՞։ Այս հարցին Կարապետյանը պատասխանում է. «Մենք Փաշինյանի պես ամեն ինչ զրոյական կետից չենք սկսում։ Վերաբանակցումը երաշխավորների հետ է լինելու, որպեսզի տեքստը որպես այդպիսին փոփոխության չենթարկվի»։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը կարող է չհամաձայնել երաշխավորների ներգրավմանը, Կարապետյանը նշում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորության խնդիրը հենց Հայաստանինն է։

«Եթե նա (Ադրբեջանը – խմբ.) նկրտում չունի, ինչո՞ւ չի ուզենա ապացուցել, որ նա խաղաղության է գնում։ Երաշխավորները կապահովեն մեզ համար անվտանգություն, իրենց համար մեր պարտավորությունների կատարում»,- նշել է։

Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է ոչ թե մեկ երաշխավոր, այլ մեկից ավելի։

«Ուժեղ Հայաստանի» համակարգողը նաև խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման մասին՝ նշելով, որ դրանք վերադարձվելու են, սակայն «խաղաղ ճանապարհով» և «դիվանագիտության միջոցով»։

Արմեն Մկրտչյան, Անի Գրիգորյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930