Վերաքննիչ Քրեական դատարանում Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստից առաջ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ընտրություններից, թեեւ ՀՀԿ-ն չի մասնակցում, ասաց. «Հանրապետականի վերջին համագումարի ընթացքում եւ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը եւ բանաձեւը, որը հնչել է, ինչպես նաեւ գործադիր մարմնի անդամ առանձին հանրապետականների հնչեցրած ելույթները բավականին հստակեցրել են այն շրջանակը, որի պայմաններում հանրապետականը պատրաստ է սատարել եւ աջակցել այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրականում ազնվորեն գնում են դեպի իշխանափոխություն, ոչ թե զուտ անունով են ընդդիմադիր, այլ իրականության մեջ իրենց գործունեությամբ ու կյանքով բացառապես ընդդիմադիր ուժեր են։
Թե այդ ընդդիմադիր ուժերը ինչպես կարձագանքեն, դրանից է կախված այն ծավալը, որը հանրապետականը իր աջակցությունն ապահովելու է»։
Հարցին, թե ՀԱԿ-ը հայտարարեց, որ բանակցություններն այնպես չեն գնացել, որպեսզի դաշինք կազմեն «Ուժեղ Հայաստանի» հետ, առհասարակ ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիրների այդ բանակցությունները եւ ինչ սպասելիքներ կան ի վերջո, պատգամավորը պատասխանեց. «Դաշտում, անկախ նրանից, թե որքան բազմազան են սոցիոլոգիական հարցումները հանրայնացված հատվածում, իրականության մեջ հիմնական մասնակից ուժերն ունեն դրանց աշխատանքային արդյունքները, որտեղ կան իրական թվերը, թե ով ինչ հնարավորություններ ունի: Մենք մեր հայտարարության մեջ էլ ենք դրան անդրադարձել։ Ասել ենք, որ նաեւ կարեւորում ենք, որպեսզի այն ուժերը, որոնք մասնակցության անհրաժեշտություն տեսնում են, կամ ցանկություն ունեն, նաեւ այդ իրողություններից ելնեն։ Այդ շրջանակները ենթադրում են նաեւ տարբեր բլոկների հետ կամ դաշինքներում իրենց մասնակցություն։ Նորմալ եմ համարում, որ տարբեր քաղաքական ուժեր այս վերջին երկու ամսվա ընթացքում հատկապես բանակցել են միասին գնալու համար։ Բանակցել են նաեւ՝ հասկանալու իրենց հնարավորությունները այս կամ այն ֆորմատում ներգրավվելու առումով։ Դա իրականում շատ կարեւոր է, որպեսզի հունիսի 7-ից հետո որեւէ իրական ընդդիմադիր ուժի ձայնը չփոշիանա, որեւէ ընդդիմադիր ուժի թափած ջանքեր ապարդյուն չլինեն։
Կարդացեք նաև
Մենք մեր դիրքորոշումները, մոտեցումները ընտրական պրոցեսների մասին հայտնել ենք, որի կարեւոր հիմքը համարում ենք փողոցային շարժումը եւ հնարավորությունը՝ թույլ տալու, որպեսզի ընդդիմությունը իր հաջողությունը կարողանա նաեւ փողոցով ապահովել, առանց որի անհնար է որեւէ այլ բան պատկերացնել։ Ժամանակը կանցնի եւ թե մեր հորդորներին, կոչերին ով ինչքանով կարձագանքի կամ դրա մաս կկազմի, դա կերեւա որոշ ժամանակ անց»։
Իսկ հարցին, որ տարբեր օրենսդրական նախաձեռնություններ են բերվում ԱԺ, տարբեր փոփոխություններ են հապճեպ արվում։ Ի վերջո` ինչ պատկեր կունենանք, եթե ամեն դեպքում չգրանցվի «Ուժեղ Հայաստանը, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Հանրապետականը նաեւ համագումարում է առիթ ունեցել ասելու, որ շատ կարեւոր է միջավայրը, որում ընտրական պրոցեսներն ընթանում են։ Միջավայր ասելով նկատի չունենք միայն ընտրական քարոզարշավի վերջին փուլը, որովհետեւ իշխանությունը առնվազն մեկ տարի է՝ միջոցառումներ, գործողություններ է իրականացնում, որի նպատակը անհավասար պայմանների ստեղծումն է այլ քաղաքական ուժերի համար։ Սա արտահայտվում է սկսած տարբեր ձերբակալություններով, կալանավորումներով, վերջացրած օրենսդրական փոփոխություններով, որոնցից վերջինը մի քանի օր առաջ է տեղի ունեցել եւ ակնհայտորեն ուղղված էր «ուժեղ Հայաստան» ուժին։ Իշխանությունը մեկ անգամ չէ ցույց տվել, որ ամեն ինչ անելու է առաջին հերթին ապօրինությունների մակարդակով, նաեւ իրավապահ ուժային համակարգի ներգրավվածության պայմաններում անհավասարության դաշտը շատ ավելի խորացնելու, իր համար անհրաժեշտ հաջողություն ապահովելու համար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































