«Մենք որպես պետություն պետք է շահագրգիռ լինենք, որ պատերազմը Իրանում արագ կերպով ավարտվի։ Ցավոք սրտի, դիվանագիտությունը և ռազմական փաստացի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են։ Տեսաք, որ թեև հայտարարվել էր հրադադար, բայց արդեն Լիբանանի հետ կապված հրետակոծությունների պատճառով հարցականի տակ է դրվում խնդիրը»,- վերաքննիչ դատարանի մոտ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստից առաջ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ներքաղաքական գործընթացները արտաքին պրոցեսներին առնչվելու վերաբերյալ լրագրողների հարցին։
«Բայց մենք պետք է մեր հետևությունները անենք։ Առաջինը՝ այո, մեզ պետք է կայուն տարածաշրջան։ Երկրորդը՝ մեզ պետք է միացյալ, չտրոհված և ուժեղ Իրան՝ որպես հուսալի և բարեկամ պետություն։ Ակնհայտ է, որ եթե Իրանը չի պարտվում այս պատերազմում, իսկ կարծես թե դա արդեն ընդունում են նաև արևմտյան շրջանակները, Հարավային Կովկասում թուրքական գործոնն էլ ավելի ընդարձակվելու հնարավորություն չի ստանալու։ Եվ սա մեզ համար պոզիտիվ զարգացում է, որովհետև հակառակ պարագայում՝ Ռուսաստանի հետևողական դուրս մղման և Իրանի թուլացման պարագայում, Թուրքիան տարածաշրջանն ամբողջությամբ իրենով կլցներ։ Հաջորդ հետևությունը, որ պետք է անել, այն է, որ ամերիկյան անվտանգային գարանտիաները չեն աշխատում անգամ այն պետությունների համար, որտեղ ԱՄՆ-ն ունի ռազմաբազա և իրենց իրոք տվել է անվտանգության այդ գարանտիաները։
Հայաստանի պարագայում գիտենք, որ անցած տարվա վաշինգտոնյան հանդիպումից հետո փորձում էին որպես անվտանգային գործոն մեզ հրամցնել Ամերիկայի նախագահի կողմից պարզապես վկա լինելը այդ արարողությանը։ Իսկ մենք տեսնում ենք, որ Պարսից ծոցի երկրներ կան, որոնք ուղղակի ամերիկյան պրոտեկտորատի պաշտպանության տակ են, բայց դա իրենց չի պաշտպանել։ Այսինքն՝ սա ևս մի անուղղակի, բայց շատ կարևոր փաստարկ է բացահայտելու համար, թե որքան փուչիկ է Նիկոլ Փաշինյանի կողմից հրամցվող, այսպես կոչված, խաղաղության մոդելը, որը իրականում խաբեության մոդել է։
Կարդացեք նաև
Այս ամենով հանդերձ, վերջին դասը, որ այս պահին պետք է քաղել, հետևյալն է. ևս մեկ անգամ համոզվենք, որ փոքր պետությունները իրավունք չունեն մեծ պետությունների ձեռքերում դառնալ գեոպոլիտիկ խաղերի խամաճիկ։ Հակառակ պարագայում առաջինը հենց իրենք են տուժելու։ Սա էլ նույնպես որպես էլի ուժեղ փաստարկ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրամցվող խաղաղության մոդելը ջախջախելու համար»։
Դիտարկմանը, որ այսօրվա իշխանությունն այնուամենայնիվ այսպես կոչված խաղաղության մոդելը նախընտրական փուլում շարունակում է խաղարկել որպես իր մոնոպոլիա, ավելին՝ սրան զուգահեռ արևմտյան երկրների աջակցությունն է ցուցադրում՝ մայիս ամսի սկզբին սպասվում է եվրոպական գագաթնաժողով, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Մեր համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությանն արված առաջարկությունների փաթեթում կա նաև հանրապետականի առաջարկը՝ համաձայնել, որպեսզի մենք համակարգենք միացյալ ընդդիմության ջանքերը՝ այդ քաղաքական համաժողովը ոչ թե նիկոլական խնջույքի, այլ Հայաստանի դառը իրականության վերաբերյալ ճշմարտությունը հասցնելու համար։
Եթե լիներ այլ ժամանակահատված, այլ իշխանությունների օրոք, ես միանշանակ կողջունեի դա։ Հաստատ կողջունեի ԵՄ-Հայաստան գործընկերային օրակարգի առաջ մղումը, եթե այդ օրակարգը լիներ իրական, կբխեր Հայաստանի շահերից։ Այն ակնհայտ միտում ունի ոչ թե Հայաստանի և ԵՄ-ի միջև ստեղծել ավելի ամուր կապեր, օգնել Հայաստանին բարեփոխվել ու դառնալ իրականում եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետություն, այլ ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































