Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի հայտարարություններին, որ հետևենք, գժանոցում ենք հայտնվելու»․ Սուրեն Սուրենյանց

Ապրիլ 09,2026 19:25 Share

«Կա ուժ, որի հետ բացառում ենք համագործակցությունը, դա ՔՊ-ն է և իր արբանյակները»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստան»-ի թիմի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Առաջարկ Հայաստան» թիմի անդամ Սուրեն Սուրենյանցը։

Ընդդիմադիր ուժերի՝ միասնական հանդես գալու առումով, բանախոսի համոզմամբ, կա սկզբունք․ «Եթե մենք լինենք առաջինը, ապա մեր շուրջ կլինի համախմբումը, եթե այլ ընդդիմադիր ուժ՝ իր շուրջ կլինի կոնսոլիդացիան»։

Սուրեն Սուրենյանցը ընդգծում է՝ բոլորը միասնական են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Եկեղեցուն պաշտպանելու և քաղկալանավորներին ազատ արձակելու հարցում։ Մնացյալ առումներով ընդդիմության միասնականության թեզն ինքն արհեստական է համարում։

Հստակեցնող հարցին՝ պատրա՞ստ են անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի հետ համագործակցել, ում իշխանության տարիներին Սուրեն Սուրենյանցը քաղբանտարկյալ է եղել, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք այն խայտառակությունը չի ունեցել՝ որպես քաղաքական գործիչ, երբ Արցախը հանձնվել է․ «Արցախի կորստից հետո, եթե կարծում եք, որ իմ անձնական կյանքը պետք է մանրացնեմ և սուբյեկտիվ մոտեցում դրսևորեմ, սխալվում եք։ Արցախի կորստից հետո մնացածն իմ աչքին շատ մանր բաներ են»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իրենց քաղաքական ուժը այն ուժերի՞ց է, որոնց մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսեց ՌԴ նախագահը և դրանց անվանեց «ռուսամետ» ուժեր։

«Մենք հայաստանակենտրոն ուժ ենք, որը ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների կողմնակից է»,- պատասխանեց Սուրեն Սուրենյանցը։

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ձեզ համարում է բելառուսամետ ուժ, արձագանքեց․ «Դա Փաշինյանի խնդիրն է։ Փաշինյանի հայտարարություններին, որ հետևենք, գժանոցում ենք հայտնվելու»։

Սուրեն Սուրենյանցը նաև ընդգծեց՝ այսօր վարչապետի թեկնածուի հետ կապված առանձնապես անակնկալներ չեն լինի․ «Չեմ կարծում, որ այսօր վարչապետի թեկնածուի մասով ինչ-որ նորություններ ենք լսելու։ Մենք գնում ենք ընտրությունների՝ հաղթելու համար։ Վստահ եմ՝ 2021-ի ընտրությունների արդյունքը չի կրկնվելու։ Նախ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է, հետո երեք ուժերն ավելի պատրաստված են ընտրություններին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930